Home / Հայաստան / Բաքվի արվարձանում լարված վիճակ է․ փողոցները լցված են իրավապահներով ու զրահատեխնիկայով

Բաքվի արվարձանում լարված վիճակ է․ փողոցները լցված են իրավապահներով ու զրահատեխնիկայով

Ադրբեջանի Նարդարան ավանի բնակիչների՝ դիմադրությունը դադարեցնելու որոշմանը երկրի իշխանություններն արձագանքեցին ճնշումների խստացմամբ։ Բաքվի շրջափակված արվարձանում չհայտարարված արտակարգ դրություն է տիրում, բնակիչների կողմից լքված փողոցներն ու հրապարակները լցված են իրավապահներով ու զրահատեխնիկայով, իրականացվում են խուզարկություններ ու ձերբակալություններ։

Դեկտեմբերի 2֊ին ավանում սպասվում է ռեժիմի խստացում, քանի որ այսօր շիա մահմեդականները նշում են Իմամ Հուսեյնի սուգի 40֊րդ օրը, և 30 հազար հավատացյալ ամբողջ Աբշերոնից սովորաբար գալիս է Նարդարանի մզկիթ։

Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ տեղացիներին թույլ չեն տալիս դուրս գալ իրենց տներից ու հավաքվել, իսկ ավանի կենտրոնական հատվածներում արգելված է տրանսպորտի շարժը։ Հատուկ ջոկատայինների կազմում ներգրավված են կանայք, որոնք խուզարկում են Նարդարանի իգական սեռի բնակիչներին։

Դեկտեմբերի 1֊ին բերման ենթարկվածների հստակ թիվը հայտնի չէ։ Տների խուզարկությունների ժամանակ առգրավվել են դանակներ ու կացիններ։ Ուժայինները ներխուժում են տներ՝ կոտրելով դռներն ու ձերբակալելով տղամարդկանց։ Տեղացիներից մեկը պատմել է, որ գիշերն իրենց տուն են եկել ոստիկաններ, տարել հորը՝ նրան մեղադրելով հենց ոստիկանների կողմից բերված զենքի անօրինական պահման մեջ։

Արդեն վեցերորդ օրն է՝ ավանը հոսանքազրկված է․ անջատված է գազի մատակարարումն ու հեռախոսակապը։ Պարզ չէ նաև նոյեմբերի 26֊ին զոհվածների հուղարկավորության հարցը։ Չճշտված տեղեկությունների համաձայն՝ նրանց արդեն գաղտնի թաղել են։

Իշխանամետ ԶԼՄ֊ները հայտնում են «ծայահեղական» Նարդարանում «կարգը վերականգնելու» մասին, ցուցադրում են կեռխաչ, որն իբրև թե դաջված է ձերբակալվածներից մեկի մարմնին։ Բացի դրանից, գրում են, թե բարիկադները քանդվել են հատուկ գործողության արդյունքում, երբ իրականում դրանք ապամոնտաժվել են հենց ցուցարարների կողմից նոյեմբերի 29֊ին՝ փողոցային դիամդրությունը դադարեցնելու որոշումից հետո։

Ադրբեջանի ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարարությունները, ինչպես նաև գլխավոր դատախազությունը հայտնել են, որ նախօրեին սկսվել է նոր՝ «բնակչության մոտ պահվող անօրինական զենքի ու զինամթերքի առգրավման» հատուկ գործողություն։

Հեռուստատեսությամբ ակտիվորեն ցուցադրում են ավանում կրոնական բովանդակությամբ պաստառների ապամոնտաժման կադրեր, այնուհետև՝ խոսքը փոխանցում ներքին զորքերի հրամանատար գեներալ֊լեյտենանտ Շահին Մամեդովին․ «Նարդարանում հատուկ օպերատիվ միջոցառումները կշարունակվեն մինչև առաջ քաշված խնդիրների լիարժեք կարգավորումն ու ավանում հասարակական անվտանգության ապահովումը»։