Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է նաև դե յուրե սառեցնել անդամակցությունը ռուսական ՆԱՏՈ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։
Ի՞նչ է կատարվում Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում՝ կառավարություն-պարլամենտ հարց ու պատասխանի ժամանական այսօր հարցրել է ընդդիմադիր պատգամավորներից մեկը։ Վարչապետը պատասխանել է․ «Մենք հարց ենք տվել՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, և մինչև այսօր պատասխան չենք ստացել, ինչը նոր սպառնալիքներ է ստեղծում։ ․․․ՀԱՊԿ-ը Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները կատարելու փոխարեն անվտանգային խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար»։
Ռազմական կառույցի հետ բանակցությունները անցած տարիներին արդյունք չեն տվել, հավելել է Փաշինյանը․ «Հիմա մենք դե ֆակտո ենք սառեցրել [անդամակցությունը], և եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք։ Ի՞նչ անենք ուրիշ: 23 թվականն էլ անցավ, մենք պետք է դիրքավորվենք»։
Հայաստանը, ըստ Փաշինյանի, նպատակ չունի ՀԱՊԿ-ին ներքաշել ռազմական կոնֆլիկտի մեջ, բայց երբ դաշինքի անդամ երկրի տարածքային ամբողջականությունը խախտվում է, «երևում է այդ կազմակերպության լրջությունը»:
«Այն, ինչ ակնկալել են ՀԱՊԿ-ից, երբեք էլ ռազմական միջամտության մասին չի եղել։ Հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ՀԱՊԿ-ին փորձել ենք ներքաշել պատերազմի մեջ։ Առաջին հերթին՝ ակնկալել ենք քաղաքական դիրքորոշում․․․ ասել ենք՝ քաղաքական և դիվանագիտական գնահատական տվեք և պատասխանեք մեկ հարցի՝ որն է Հայաստանի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին»,- հավելել է Փաշինյանը:
Ի՞նչ է կատարվում
Փետրվարի 22-ին վարչապետը մեկնել էր Փարիզ (դրանից հետո Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը՝ իր հետ բերելով Հայաստանի կողմից ձեռքբերված ռազմամթերքի առաջին խմբաքանակը)։
Ֆրանսիական հեռուստաընկերության հետ զրույցում նա հայտարարել էր՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունն, ըստ էության, սառեցված է: Փաշինյանը հիշեցրել էր 2021 և 2022 թվականների ադրբեջանական հարձակումների մասին և կրկնել՝ Ռուսաստանի առաջնորդած ռազմական դաշինքը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները:
Մոսկվայից արձագանքել էին՝ անդամակցության սառեցման վերաբերյալ պաշտոնական որևէ ծանուցում չեն ստացել և պարզաբանումներ են պահանջում։
«Մենք երկկողմ ուղիներով ակնկալում ենք համապարփակ բացատրություններ այն մասին, թե իրականում ինչ է կանգնած Հավաքական անվտանգության պայմանագրին և բուն կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցման վերաբերյալ հայտարարությունների հետևում։ Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․․․ Միևնույն ժամանակ, ցավով նշում ենք, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում բարեկամ հայ ժողովրդի շահերին և երկրի անվտանգության ապահովման նպատակներին», – հայտարարել էր Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հավելել էր՝ «կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորություններն իբր չկատարելու վերաբերյալ», «ուզում ենք հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել և երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկվել կազմակերպության քարտուղարության և միացյալ շտաբի գնահատման առաքելությունը», «մենք մեղավոր չենք», որ Հայաստանը հետագայում հրաժարվել է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումից և «ցուցադրաբար նախընտրել է հրավիրել Եվրամիությունից կեղծ դիտորդների»։
Ի՞նչի մասին է խոսքը։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի հարձակումից ժամեր անց, Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ ՀԱՊԿ-ից Հայաստանը աջակցություն (այդ թվում՝ ռազմական) էր հայցել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։
ՀԱՊԿ-ից ըստ էության չէին արձագանքել։ Մինչ Ադրբեջանը Հայաստանի տարածքում բարձունքներ էր գրավում, ռուս պաշտոնյաները, երկրորդելով Բաքվին, խոսում էին սահմանների չդելիմիտացված լինելու մասին։ Հայաստանի վարչապետը հակադարձել էր՝ թեև ՀԱՊԿ անդամ երկրները փոխադարձաբար ճանաչել են միմյանց՝ խորհրդային հանրապետություններից ժառանգված սահմանները, դատելով որոշ մեկնաբանություններից՝ ՀԱՊԿ-ում կարծում են, որ այդ սահմանները գոյություն չունեն, քանի որ դրանք սահմանազատված չեն, ուրեմն՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, ինչի՞ մասին է ՀԱՊԿ-ի կանոնադրությունը, ո՞րն է այդ դաշինքի ֆունկցիոնալությունը։
2022-ի դեպքերից հետո Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, սկսել է չմասնակցել ռազմական դաշինքի գագաթնաժողովներին և համատեղ զորավարժություններին։
2023 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական մեկօրյա պատերազմից հետո, որոշ մանրամասներ են հրապարակվել։ Երևանը այդ օրերին խոսում էր ռուս խաղաղապահների անգործության մասին (խաղաղապահները չկանխեցին ո՛չ Լեռնային Ղարաբաղի պաշարումը, ո՛չ պաշարված Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիան, ո՛չ էլ Ղարաբաղի ամբողջական հայափաթումը)։ Ռուսաստանի արտգործնախարարությունից և նախագահականից հայտարարում էին՝ մեղավորը Հայաստանն է, որը Պրահայում և Բրյուսելում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Արձագանքելով այս մեղադրանքներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ եթե ինքը չճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե չհամաձայներ արևմտյան միջնորդների առաջարկներին, 2022-ի սեպտեմբերյան հարձակումը կանգնեցնել չէր լինի։
Ըստ Փաշինյանի, 2022-ի օգոստոսին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը տարածաշրջան էր բերել ռուսական առաջարկությունը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը պետք է անորոշ ժամանակով հետաձգվեր: Խովաևը պատասխանը ստանալու համար տարածաշրջան պիտի գար սեպտեմբերին։ Նույն սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանը, որը ռուսական այս առաջարկը մերժել էր, լայնածավալ հարձակում էր սկսել Հայաստանի դեմ։ Երևանը գրավոր դիմել էր ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ պահանջելով կատարել կանոնադրությամբ և երկկողմ պայմանագրերով ստանձնաց պարտականությունները։ Դիմումն անարձագանք էր մնացել։ Ադրբեջանը գրոհի հետևանքով գրավել և դիրքավորվել էր Հայաստանի տարածքում գտնվող մի շարք բարձունքներում։ Հոկտեմբերի 6-ին (Պրահայում քառակողմ բանակցություններից հետո) հայտարարվել էր՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որով փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Եվրոպական Միությունը դիտորդական առաքելություն է ուղարկում Հայաստան։ «Մի իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում էր ՀՀ տարածքը, իսկ ՀՀ դաշնակիցները լուռ էին ու չէին արձագանքում, Հայաստան պարտավոր էր գալ այդ համաձայնությանը», – ավելի ուշ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը: