Home / մարտի-1 / Մարտի մեկից 16 տարի անց․ ոչ ոք պատասխանատու չէ

Մարտի մեկից 16 տարի անց․ ոչ ոք պատասխանատու չէ

16 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին, Հայաստանի իշխանությունները կրակ են բացել սեփական ժողովրդի վրա։ 10 հոգու սպանության համար մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: 2018-ի հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը վաղուց կարճվել է, գործով առանցքային մեղադրյալ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է «ակտիվ քաղաքականություն»։

Անցած տարի դադարեցվել է նաև «Չերյոմուխա 7»-ից կրակած 3 ոստիկանների դեմ քրեական հետապնդումը․ դատախազությունից հայտարարել են՝ չնայած նրանց կիրառած հատուկ միջոցից 3 ցուցարար էր սպանվել՝ հանցանքի վաղեմության ժամկետն արդեն անցել է, ուստի գործը կփակվի առանց դատարան ուղարկվելու։ Կարճման մասին ծանուցվել են նաև զոհերի՝ Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի ծնողները։

2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը հերթական կեղծված նախագահական ընտրություններով իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին։ Մարտի 1-ին՝ ժամը 6։15, ոստիկանական ջոկատները ծեծուջարդով ցրեցին Ազատության հրապարակում 10-րդ օրը քնած ցուցարարներին։ Հրապարակում էր նաև նախագահի թեկնածու, ընդդիմադիր շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Առավոտյան ջարդից ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի հրապարակում՝ Իտալիայի, Ֆրանսիայի դեսպանատների մոտ։ Քաղաքապետարանի մոտ հայտնվեց առաջին զրահապատ մեքենան: Քիչ անց՝ տեղի տալով ցուցարարների պահանջներին, ոստիկանական ուժերը ստիպված հեռացան: Ոստիկանական «Վիլիսը» քշեց ժողովրդի վրա` տակը գցելով մի քանի քաղաքացիների: «Վիլիսն» այրվեց, ոստիկանները փախան:

Ժամը 16-ի սահմաններում Հանրապետության հրապարակն արդեն պաշարված էր Պաշտպանության նախարարության համարանիշները կրող ավտոմեքենաներով՝ մեջը լիքը զորք։ Օլիգարխների թիկնազորները և բանակը Մելիք-Ադամյան փողոցում զինվում էին ավտոմատներով։ Լեռնային Ղարաբաղից գեներալ Օգանովսկու ղեկավարությամբ հատուկ ջոկատ էին բերել Երևան։

Ցույցերի մասնակիցները պատմում էին, որ արդեն երեկոյան՝ ժանը 20-ին, ավտոմատներով զինված դիմակավորները Մաշտոցի կամրջի մերձակայքում էին։ Ժամը 21-ի սահմաններում Ձկան խանութի մոտից ոստիկանները շարժվել են Մյասնիկյանի արձանի ուղղությամբ՝ կիրառելով «Չերյոմուխա» և հրազեն:

«Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցը իրավապահները, ըստ կանոնների, իրավունք ունեին կիրառել՝ կրակելով բացառապես պատերին կամ գետնին, բայց կրակեցին 23-ամյա Տիգրան Խաչատրյանի, 28-ամյա Գոռ Քլոյանի և 34-ամյա Արմեն Ֆարմանյանի ուղղությամբ՝ սպանելով նրանց: Սպանված երիտասարդների ծնողներն առ այսօր պայքարում են՝ մեղավորներին պատասխանատվության կանչելու համար։

Նույն օրը այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանը ազդարարեց՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն է հայտարարել։ Երևանում պարեկային ժամ էր, լրատվամիջոցների աշխատանքն ամբողջությամբ խափանված էր։ Արտակարգ որոշումը հետագայում վիճարկվել է Եվրոպական դատարանում։

Ոստիկանական «հատուկ օպերացիայի» հետևանքով Մարտի 1-ին առնվազն 10 մարդ է սպանվել, այդ թվում՝ երկու ոստիկան․

— Տիգրան Խաչատրյանը,
— Գոռ Քլոյանը,
— Տիգրան Աբգարյանը,
— Արմեն Ֆարմանյանը,
— Դավիթ Պետրոսյանը,
— Համլետ Թադևոսյանը,
— Հովհաննես Հովհաննիսյանը,
— Գրիգոր Գևորգյանը,
— Սամվել Հարությունյանը,
— Զաքար Հովհաննիսյանը:

Հարյուրավոր մարդիկ վիրավորվել, ծեծվել, ձերբակալվել և խոշտանգումների են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներով։

(տեսանյութը՝ epress.am, 2014 թ․)

Մարտի 1-ից հետո ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և ցուցարարների նկատմամբ տասնյակ քրեական գործեր են կարվել։ Ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բանտարկվել է, հետագայում մեծ մասը համաներմամբ ազատ է արձակվել։

Մարտիմեկյան դեպքերի քննությունը կոծվել է։

2018 թվականի իշխանափոխությունից հետո գործը վերաբացվել է, մեղադրանք է առաջադրվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին, քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Դավթյանին և այլն։

Գործը քննվել է նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

2021 թվականին Սահմանադրական դատարանը, որի անդամներին գործող իշխանությունները մեղադրում էին նախկին իշխանությունների հետ գործարքի գնալու մեջ, այս հոդվածը հակասահմանադրական է ճանաչել, ինչի հետևանքով քրեական գործն ինքնըստինքյան կարճվել է։

վարդեր

Անցած տարի՝ Մարտի 1-ի 15-րդ տարելիցին, Մյասնիկյանի արձանին հարակից այգում զոհերի հիշատակին նվիրված հուշարձան էր բացվել։ Հուշարձակնը կոչվում էր «Ազդեցություն և հակազդեցություն»։ Բացման արարողությանը ներկա էին վարչապետը, նախագահը, նախարարները, Ազգային ժողովի խոսնակը, Երևանի ապագա քաղաքապետը․․․

Վարչապետը, որը մինչ այդ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու խոստում էր տալիս, այն ժամանակ արդեն ուղղակի փաստում էր՝ Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն․ «Քրեական գործ է եղել, դատավարություն է եղել, դատաքննություն է եղել, և բոլորիդ հայտնի հանգամանքներում՝ իրավական մեկնաբանությունների բերումով, այդ գործը կարճվել է։ Երբ ես ասում եմ՝ բացահայտված է, նկատի ունեմ, որ իրականությունը, այն, թե ինչ քայլերի ինչ հերթականություն է եղել, բացահայտվել է։ Քրեական գործի շրջանակներում ինչե՞ր են պարզվել։ Պարզվել է, որ ջոկատներ են կազմվել, որ ապօրինի վճարումներ են արվել, պարզվել է, որ դա արվել է բանակի հովհանու ներքո, պարզվել է, որ իրեղեն ապացույցները հետագայում ոչնչացվել են և այլն»։ Այս բացահայտումները իրավական որևէ հետևանքի չեն հանգեցրել։

Այսօր Փաշինյանն արդեն լուռ էր: Առավոտյան նա, թիկնազորի և օպերատորի հետ միասին, գնացել է այգի, զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ վարդեր է դրել և հեռացել։ «Հարգանքի տուրքի» տեսաձայնագրությունն ավելի ուշ հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։

քայլերթ՝ ՀԱԿ-ի գրասենյակի մոտից

Հայ ազգային կոնգրեսը հուշարձանի բացման արարողությանը անցած տարի չի էլ մասնակցել, այս տարի էլ տեղում ՀԱԿ-ականներից ոչ ոք չկար։

Կոնգրեսից մինչ այս բողոքել էին՝ հուշարձանի ուղերձը խեղաթույրվել է։ «․․․Կողքին տեղադրել են «Մարտի 1-ի զոհերի հիշատակին» գրությունը։ ․․․Ի՞նչ է նշանակում «մարտի 1-ի զոհեր»։ Էդ մարտի 1-ին ի՞նչ է՝ վթա՞ր է եղել, որից մարդիկ են զոհվել, թե մարտի 1-ը ի՞նքն է ինչ-որ մեկի վրա հարձակվել։ Գոնե գրեին «Մարտի 1-ի ոճրագործության զոհերի հիշատակին», որ գոնե մի բան պարզ լիներ։ Երբ Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում էր նման հուշարձանի կառուցում, մենք նկատի ունեինք, որ այն պետք է հավերժացնի ժողովրդավարության հաստատման համար իրենց կյանքը տված քաղաքացիների սխրանքը, դատապարտի սեփական ժողովրդի վրա կրակ բացած ոճրագործ իշխանությանը եւ խրատ ծառայի ապագա սերունդներին նման բան այլեւս երբեք թույլ չտալու համար։ ․․․Պետք չէ մտածել, որ կատարվածը այսօրվա իշխանավորների սովորական անշնորհքության հետեւանք է։ Փաշինյանը տապալեց մարտիմեկյան ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու գործը, ավելին՝ լեգիտիմացրեց նրանց որպես իրեն հարմար խորհրդարանական ընդդիմություն, եւ նման անհեթեթ, ոչ մի բան չասող, լղոզված «հուշարձանի» կառուցումը ընդամենը այդ քաղաքականության հերթական դրսեւորումն է», – գրել էր ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը։

Համակիրներին Կոնգրեսն այսօր հրավիրել է ՀԱԿ-ի գրասենյակի մոտ, որտեղից ժամը 14։00-ին քայլերթով կշարժվեն դեպի Մյասնիկյանի արձանին հարող հրապարակ՝ հարգելու իշխանության բռնությունների անմեղ զոհերի հիշատակը: