Home / Հայաստան / 15 տարի առաջ սպանում էին հանուն Քոչարյան-Սարգսյանի, այսօր՝ արձան և աղոթք

15 տարի առաջ սպանում էին հանուն Քոչարյան-Սարգսյանի, այսօր՝ արձան և աղոթք

15 տարի առաջ այս օրը՝ Մարտի 1-ին, Երևանի կենտրոնում սպանված 10-ը քաղաքացիների համար մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: 2018-ի հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը կարճվել է, գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է «ակտիվ քաղաքականություն»։

2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը հերթական կեղծված նախագահական ընտրություններով իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին։ Մարտի 1-ին՝ ժամը 6։15, ոստիկանական ջոկատները ծեծուջարդով ցրեցին Ազատության հրապարակում 10-րդ օրը քնած ցուցարարներին։ Հրապարակում էր նաև նախագահի թեկնածու, ընդդիմադիր շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Առավոտյան ջարդից ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի հրապարակում՝ Իտալիայի, Ֆրանսիայի դեսպանատների մոտ։ Քաղաքապետարանի մոտ հայտնվեց առաջին զրահապատ մեքենան: Քիչ անց՝ տեղի տալով ցուցարարների պահանջներին, ոստիկանական ուժերը ստիպված հեռացան: Ոստիկանական «Վիլիսը» քշեց ժողովրդի վրա` տակը գցելով մի քանի քաղաքացիների: «Վիլիսն» այրվեց, ոստիկանները փախան:

Ժամը 16-ի սահմաններում Հանրապետության հրապարակն արդեն պաշարված էր Պաշտպանության նախարարության համարանիշներով ավտոմեքենաներով՝ մեջը լիքը զորք։ Օլիգարխների թիկնազորները և բանակը Մելիք-Ադամյան փողոցում զինվում էին ավտոմատներով։ Ղարաբաղից գեներալ Օգանովսկու ղեկավարությմբ հատուկ ջոկատ էին բերել Երևան։

Ցույցերի մասնակիցները պատմում էին, որ արդեն երեկոյան՝ ժանը 20-ին, ավտոմատներով զինված դիմակավորները Մաշտոցի կամրջի մերձակայքում էին։ Ժամը 21-ի սահմաններում Ձկան խանութի մոտից ոստիկանները շարժվել են Մյասնիկյանի արձանի ուղղությամբ՝ կիրառելով «Չերյոմուխա» և հրազեն:

«Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցը իրավապահները, ըստ կանոնների, իրավունք ունեին կիրառել՝ կրակելով բացառապես պատերին կամ գետնին, բայց կրակել են 23-ամյա Տիգրան Խաչատրյանի, 28-ամյա Գոռ Քլոյանի և 34-ամյա Արմեն Ֆարմանյանի ուղղությամբ՝ սպանելով նրանց: Սպանված երիտասարդների ծնողներն առ այսօր պայքարում են՝ մեղավորներին պատասխանատվության կանչելու համար։

Նույն օրը այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանը ազդարարել, իսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն է հայտարարել․ որոշումը հետագայում վիճարկվել է Եվրոպական դատարանում։

Ոստիկանական «հատուկ օպերացիայի» հետևանքով Մարտի 1-ին առնվազն 10 մարդ է սպանվել, այդ թվում՝ երկու ոստիկան․

Տիգրան Խաչատրյանը,
Գոռ Քլոյանը,
Տիգրան Աբգարյանը,
Արմեն Ֆարմանյանը,
Դավիթ Պետրոսյանը,
Համլետ Թադևոսյանը,
Հովհաննես Հովհաննիսյանը,
Գրիգոր Գևորգյանը,
Սամվել Հարությունյանը,
Զաքար Հովհաննիսյանը:

Հարյուրավոր մարդիկ վիրավորվել, ծեծվել, ձերբակալվել և խոշտանգումների են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներով։

(տեսանյութը՝ epress.am, 2014 թ․)

Մարտի 1-ից հետո ընդդիմադիր գործիչների և ցուցարարների նկատմամբ տասնյակ քրեական գործեր են կարվել։ Ավելի քան 60 մարդ բանտարկվել է (մեծ մասը հետագայում համաներմամբ ազատ է արձակվել)։

Մարտիմեկյան դեպքերի քննությունը ըստ էության կոծվել է։

2018 թվականից հետո Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին, քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Դավթյանին և այլն։ Գործը քննվել է նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

2021 թվականին Սահմանադրական դատարանը այս հոդվածը հակասահմանադրական է ճանաչել, ինչի հետևանքով քրեական գործն ինքնըստինքյան կարճվել է։

Հուշարձան

Այսօր՝ Մարտի 1-ի 15-րդ տարելիցին, Մյասնիկյանի արձանին հարակից այգում զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել։

Բացման արարողությանն ներկա էին վարչապետը, նախագահը, նախարարները, Ազգային ժողովի խոսնակը, Երևանի գործող քաղաքապետը, Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն, հուշարձանի հեղինակ Ալբերտ Վարդանյանը, Մարտի 1-ի զոհերի ծնողները։

Մարտի մեկը բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն՝ փատում էր Նիկոլ Փաշինյանը։ Նախաքննությունը, ըստ նրա, ապացուցել է, որ 2008 թվականի Մարտի 1-ից հետո նախաքննությունը ոչ միայն չի փորձել տեղի ունեցած հանցագործությունը բացահայտել, այլև բոլոր հնարավոր միջոցները գործադրել են, որպեսզի բացահայտումը դժվար կամ անհնար դառնա․ «Մի դրվագ հիշեցնեմ միայն՝ այստեղից [Մյասնիկյանի մոտից] հավաքված պարկուճները քրեական գործի շրջանակներում փոխվել են։ Եվ այսպիսի բազմաթիվ բաներ․․․»։

«Քրեական գործ է եղել, դատավարություն է եղել, դատաքննություն է եղել, և բոլորիդ հայտնի հանգամանքներում՝ իրավական մեկնաբանությունների բերումով, այդ գործը կարճվել է․․․ Բայց երբ ես ասում եմ՝ բացահայտված է, ես նկատի ունեմ, որ իրականությունը՝ թե ինչ քայլերի ինչ հերթականություն է եղել, բացահայտվել է․․․ Քրեական գործի շրջանակներում ինչե՞ր են պարզվել։ Պարզվել է, որ ջոկատներ են կազմվել, որ ապօրինի վճարումներ են արվել, պարզվել է, որ դա արվել է բանակի հովհանու ներքո և այլն, և այլն․․․», – հավելել է Փաշինյանը։

ՀԱԿ-ը չէր մասնակցում

Հայ ազգային կոնգրեսը հուշարձանի բացման արարողությանը չէր մասնակցում։

«Մարտի 1֊ի ոճրագործության 15-ամյակի նախօրեին իշխանությունը բացել է աբստրակտ քանդակագործության մի անհասկանալի նմուշ֊«հուշարձան», որի կողքին տեղադրել են «Մարտի 1-ի զոհերի հիշատակին» գրությունը։

Լավ, էս մարդիկ գիտենք որ սեփական ներքին կուլտուրա չունեն, բայց աշխարհի կարեւոր մայրաքաղաքներում չե՞ն եղել, չգիտե՞ն նման հուշարձանները ինչպես են կերտվում։ Ի՞նչ է նշանակում «մարտի 1-ի զոհեր»։ Էդ մարտի 1֊ին ի՞նչ է՝ վթա՞ր է եղել, որից մարդիկ են զոհվել, թե մարտի 1-ը ի՞նքն է ինչ֊որ մեկի վրա հարձակվել։ Գոնե գրեին «Մարտի 1-ի ոճրագործության զոհերի հիշատակին», որ գոնե մի բան պարզ լիներ։

Երբ Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում էր նման հուշարձանի կառուցում, մենք նկատի ունեինք, որ այն պետք է հավերժացնի ժողովրդավարության հաստատման համար իրենց կյանքը տված քաղաքացիների սխրանքը, դատապարտի սեփական ժողովրդի վրա կրակ բացած ոճրագործ իշխանությանը եւ խրատ ծառայի ապագա սերունդներին նման բան այլեւս երբեք թույլ չտալու համար։ Դրա համար պետք էր կերտել մի քանդակ, որը, օրինակ, բարելյեֆի տեսքով կպատկերեր կատարվածը եւ կուղեկցվեր հուշարձանի իմաստը բացող գրությամբ։ Այդ գրությունը կարող էր հետեւյալ տեսքն ունենալ.

«2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1֊ԻՆ ՀԱՅՈՑ ՆՈՐԱՆԿԱԽ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԱԿ ԲԱՑԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԵԼԱԾ ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՎՐԱ, ԻՆՉԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՎԵՑԻՆ 10 ՀՈԳԻ։ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՆՎԻՐՎՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՒ ԱՅԴ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ»։

Սա այդպես էլ չարվեց եւ պետք չէ մտածել, որ կատարվածը այսօրվա իշխանավորների սովորական անշնորհքության հետեւանք է։ Փաշինյանը տապալեց մարտիմեկյան ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու գործը, ավելին՝ լեգիտիմացրեց նրանց որպես իրեն հարմար խորհրդարանական ընդդիմություն, եւ նման անհեթեթ, ոչ մի բան չասող, լղոզված «հուշարձանի» կառուցումը ընդամենը այդ քաղաքականության հերթական դրսեւորումն է», – գրել է ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը։

Համակիրներին Կոնգրեսը հրավիրել էր Սուրբ Սարգիս եկեղեցի՝ մասնակցելու Մարտի 1-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգին և , համաձայն ավանդույթի, ծաղիկներ դնելու Ալ. Մյասնիկյանի արձանի առաջ: