Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը։
Դատարանը եզրափացրել է, որ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ենթականերին առաջադրված ՔՕ 300.1 հոդվածը՝ սահմանադրական կարգը տապալելու մասին, հակասում է Սահմանադրության 78-րդ՝ oրենքների համաչափության և 79-րդ՝ որոշակիության մասին հոդվածներին։ 42 էջանոց որոշման եզրափակիչ մասը հրապարակվել էր դեռ անցած ուրբաթ օրը։
2008 թվականին՝ Մարտի 1-ի հայտնի իրադարձությունների ժամանակ, Քրեական օրենսգրքում սահմանադրական կարգը տապալելու մասին 300.1 հոդվածը չկար։ ՍԴ-ն նշել է նաև, որ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «առաջին՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Եվ երկրորդ՝ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:
Գլխավոր դատախազությունը դիրքորոշում դեռևս չի հայտնել․ մեղադրող կողմը ուրբաթ օրը նշել էր, որ կարտահայտվի՝ որոշման տեքստին ծանոթանալուց հետո։
Դատարանի այս որոշումը ենթադրում է, որ անվավեր ճանաչված 300․1 հոդվածով ցանկացած քրեական հետապնդում պետք է դադարեցվի։
Որոշումը, սակայն, չի առնչվում Մարտի 1-ի ողջ գործին և չի նշանակում, որ տասը մարդու մահվան և հարյուրավոր մարդկանց վիրավորման ու բանտարկամ հանգեցրած՝ 2008-ի հետընտրական իրադարձություններին առնչվող գործն ինքնին փակված է:
«[ՔՕ 300․1] հոդվածը չի կարող կիրառվել և, ըստ էության, այդ հոդվածն առ ոչինչ է ճանաչվում իր ստեղծման օրվանից։ Դա նշանակում է՝ բոլոր գործերը, որոնք հարուցվել են, կամ հարուցվում են, կամ ընթացի մեջ են գտնվում այս հոդվածի հիմքով, պետք է ուղղակի կարճվեն:
Իրավական հետևանքներից մեկը նաև այն է, որ եթե խափանման միջոց կալանքի հիմնավոր կասկածի հիմքում ընկած է այս հոդվածը, նշանակում է՝ ինքնաբերաբար կալանքի ողջ տիրույթը նույնպես համարվում է անօրինական․ դրա վերաբերյալ կա նույնիսկ Եվրոպական դատարանի կոնկրետ դիրքորոշումը: Չի կարելի ասել, որ Մարտի 1-ի գործը տապալված է, կարելի է ասել՝ դրա մի մասը անհաջողության է մատնված», – «Հոդված 3» ակումբի կողմից կազմակերպված քննարկմանը նշեց իրավաբան Արա Ղազարյանը։
Ղազարյանն՝ անդրադառնալով մեղադրանքը վերաորակավորելու մասին հնչող առաջարկներին, ընդգծում է՝ միևնույն հանգամանքների հիման վրա մեղադրանքը փոփոխել հնարավոր չէ, իսկ «նոր բան մոգոնելու» համար պետք է ապացույցներ ունենալ։
«Որքան քրեական գործի քննությունը հնանում է, իսկ դեպքերից 13 տարի է անցել, այնքան ավելի դժվարանում է ապացույցներ հավաքելը: Այս առումով կարծում եմ, որ նույն ճանապարհով դատախազությունը չի կարող երկրորդ անգամ անցնել, և մնում է անմեղության կանխավարկածը, այսինքն՝ մեղադրանքից հրաժարվել։ Անմեղության կանխավարկածի ուժն էլ հենց դրանում է»:
ՍԴ որոշմանն ու «մեղադրանքից հրաժարվելու» հեռանկարին անդրադարձավ նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը․
— Անընդհատ շեշտվում է Մարտի 1-ի 10 սպանությունների փաստը։ Բայց խոսքը, իրապես, ոչ թե ինչ-որ քրեական ինքնակազմակերված կամ կազմակերպված խմբավորման կողմից ինչ-որ գործողության մասին, այլ Հայաստանի Հանրապետության նախագահի կամ նախագահի լիազորությունները ունեցած անձի կողմից կատարված գործողությունների մասին։ Ընդ որում՝ ոչ թե միայն մեկ անձի, այլ՝ այդ ժամանակվա իշխանության։
Խոսքը ակնհայտ անհիմն արտակարգ դրության հաստատման մասին հրամանագրի մասին է, որի ընթացքում՝ մարտի 1-ից մինչև 20-ը, կասեցվեց շատ ԶԼՄ-ների աշխատանքը։ Խոսքը 0038 հայտնիգաղտի հրամանի մասին է, որով Զինված ուժերի կազմավորում ստեղծվեց, ինչը չի նախատեսված և չէր էլ կարող նախատեսված լինել։ Խոսքը 100-ից ավել քրեական գործերի մասին է, որ հարուցվել է ընդդիմադիրների դեմ․․․ Խոսքը վերաբերում է խոշտանգումներին և վատ բերաբերմունքի դեպքերին, որ կիրառվել են զանգվածաբար՝ ոստիկանության կողմից բերման ենթարկելիս, ոստիկանական բաժիններում, ՔԿՀ-ներում։
Գործ ունենք մեր աչքի առաջ տեղի ունեցած, կազմակերպված մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետ։
․․․ Այդ ո՞ր օրենքն է, որի համաձայն իշխանությունը կարող էր ներքաղաքական իրադարձությունների ժամանակ Զինված ուժեր կիրառել։ Այդ ո՞ր հոդվածներով է, որ մարդիկ կարող են ենթարկվել անհիմն քրեական հետապնդումների, ազատազրկումների, որոնց վերաբերյալ արդեն իսկ կան Մարդու իրավունքների եվրադատարանի կողմից արձակված վճիռների և ամրագրված են Մարդու իրավունքների խախտումները։
Եվ ի՞նչ, ես հիմա այս իրավական աճպարարության մեջ պետք է ընդգրկվեմ և բովանդակային իրավունքը, պետության պարտականությունները աչքաթող անե՞մ։
Սա իրավաբանների խնդիրն է, ներկա կառավարության խնդիրն է, որ արմատական փոփոխության չենթարկեց․․․ Դուք խոսում եք իրավական ընթացակարգերի, կառուցակարգերի մասին․․․
Հիմա դուրս է գալիս, որ․․․կազմակերպված մարդու իրավունքների զանգվածային խախտումները հետապնդելի չե՞ն։ Դա մեր աչքի առաջ է տեղի ունեցել։ Հասկանալի է՝ համաչափություն, որոշակիություն․․․ Այս սկզբունքները պետք է կիրառվեն, բայց՝ հիմնարար իրավունքների ապահովման տեսակետից։
Հասկանալի է, որ քրեական արդարադատությունում պետք է ելնել մեղադրյալի անմեղության կանխավարկածի դրույթներից, բայց մենք գործ ունենք ոչ թե սովորական մեղադրյալի, այլ պետական կառավարման լիազորություններ ունեցողի (այսինքն՝ մարդու իրավունքների տեսանկյունից պարտավորություններ ունեցողի) կողմից կատարված գործողությունների հետ․․․
Սա ոնց որ խոշտանգման գործով ասես՝ ոստիկանը ունի անմեղության կանխավարկած։
Մի խայտառակ իրավիճակ։
Սա գնդակ էր, որ խփեց Հայաստանի Հանրապետությունում արդարության նկատմամբ հավատի դարպասին։ Սա լուրջ խնդիր է։
Եվ հարցը հետևյալն է․ պետությունը՝ հանձինս իր կառավարության, իրավասու է լիենու այսուհետ ևս նման գործողությունների կատարելու, որոնք մնալու են անպատիժ։ Ինձ համար որոշակիությունն այս հարցի մեջ է։