Սահմանադրական դատարանը երեք նոր դատավոր ունի․ Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ հաստատեց Կառավարության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանի, նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի թեկնածությունները։ ՍԴ նորընտիր դատավորները լիազորությունները կստանձնեն խորհրդարանում երդման պահից:
Հիշեցնենք, որ դեռևս երեկ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ քվեարկությանը և դրան նախորդող հարցուպատասխանին չեն մասնակցի։ ՍԴ նոր դատավորների ընտրությունը բոյկոտելու որոշումն, ըստ նրանց, պայմանավորված է ոչ թե առաջադրված թեկնածուներով, այլ առհասարակ՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հակաիրավական բնույթով։ «Լուսավոր Հայաստանը», ինչպես հայտնի է, ստանձնել է Սահմանադրական փոփոխությունները վիճարկելու գործընթացը, և, ինչպես հայտնում էր պատգամավոր Տարոն Սիմոնյանը, չի մասնակցի քվեարկությանը, որը հենց այդ վիճարկվող փոփոխությունների հետևանքն է։
«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ՝ վերահաստատելով ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող պրոցեսների հետ կապված ԲՀԿ-ականների անհանգստությունները, նեղսրտել է նաև, որ թեկնածուները առհասարակ անտեսել են ընդդիմադիր խմբակցություններին, և հանդիպել բացառապես իշխող «Իմ քայլի» հետ։
Այսօրվա փակ քվեարկությունը, այսպիսով, տեղի է ունեցել առաց ԱԺ երկու խմբակցությունների մասնակցության։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանի փոխանցմամբ, երեք թեկնածությունների քվեարկությանն էլ մասնակցել է 88 պատգամավոր: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի օգտին են քվեարկել 84, դեմ՝ 2 պատգամավորներ, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Հայաստանի նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի օգտին՝ 86, դեմ՝ 1 պատգամավորներ, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։ Կառավարության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանի օգտին քվեարկել է 85, դեմ՝ 3 պատգամավորներ:
Ընտրության արդյունքները քննադատության նոր ալիք են բարձրացրել, որը մեծապես ուղղված է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի ընտրությանը։
Իրավապաշտպանները օրեր շարունակ ահազանգում են՝ Խունդկարյանի մասնագիտական անցյալը և քաղաքական փոխկապվածությունները մտահոգությունների տեղիք են տալիս։
Վճռաբեկ դատարանը 10 տարի գլխավորած Երվանդ Խունդկարյանի անունը կապվում է մի շարք աղմկահարույց գործերի հետ՝ «Ա1 պլյուսի»-ն լիցենզիայից զրկելու խիստ կասկածելի գործընթացից սկսած՝ Թեղուտի ունեզրկումներով ավարտած։ Խունդկարյանի մասնակցությամբ քննված 13 գործ հասել է ՄԻԵԴ․ կոպիտ դատաիրավական խախտումների արձանագրման հետևանքով Հայաստանի դեմ վճիռներ են կայացվել, որոնց արդյունքում ավելի քան 300 000 եվրոյի բեռ է դրվել պետական բյուջեի վրա։ Ինչպե՞ս է այս ընտրությունը հարաբերվում Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս 2019 թվականին ազդարարած դատաիրավական բարեփոխումների ծրագրի հետ, որի շրջանակներում հատուկ շեշտվել էր, որ «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»: Դատաիրավական բարեփոխումների մեկնարկից մեկ տարի անց նրանք ոչ միայն չեն հեռանում, այլև աննախադեպ կարիերային աճ են արձանագրում։
Խունդկարյանը այն դատավորն է նաև, որի անունը ներառվել էր նույնիսկ հին Հայաստանի նախկին օմբուդսմենի՝ 2013 թվականի զեկույցում․ ի թիվս այլ տեղեկությունների, զեկույցում նշված էր, Խունդկարյանը գործընկերոջ՝ Արման Մկրտումյանի հետ համակարգել է անցանկալի դատավորներին պատժելու մի սխեմա, որի շրջանակներում հրահանգները չիրականացնելու և ոչ այնքան ցանկալի վճիռներ կայացնելու համար դատավորները, այդ թվում՝ Խունդկարյանի ձեռքով, կարգապահապական պատասխանատվության են ենթարկվել։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Խունդկարյանին բարեվարքության մասին բացասական եզրակացություն է տվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ հաշվի առնելով նրա կայացրած դատական վճիռները։
Երեկ կայացած նիստին այս հարցերի մի մասը բարձրաձայնվեց նաև ԱԺ ամբիոնից։ Խունդկարյանը ամեն ինչ հերքեց։ Ազգային ժողովի պատգամավորները այդ հերքումները, դատելով արդյունքներից, համարեցին բավարար։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ-ում ընդունված Սահմանադրական փոփոխությունների հետևանքով դադարեցվել են 12 տարուց ավել պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները, ինչպես նաև՝ դատարանի նախագահի պաշտոնավարումը։ Նորընտիր դատավորները փոխարինում են Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՍԴ դատավորի պաշտոնը կորցրած Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանին ու Ֆելիքս Թոխյանին։