ՀՀ կառավարությունը 1 մլրդ 100 միլիոն դրամ է հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծման աշխատանքների համար: Որոշումը հավանություն է ստացել կառավարության հերթական նիստում:
Կայարան Աջափնյակում
Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծման աշխատանքների ամբողջ արժեքը 1 միլիարդ 848 միլիոն դրամ է։ Երևանի քաղաքապետարանն 545 միլիոն դրամ արդեն վճարել է: Նախագծով առաջարկվել է, որ կառավարությունը հատկացնի 1.1 միլիարդ դրամը: Իսկ մնացած գումարը հետագայում Երևանի քաղաքապետարանը կլրացնի:
«Աշխատանքները 3 փուլից են բաղկացած: Արդեն առաջին փուլն իրականացվել է, աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ, կարիք կա հաջորդ փուլերի համար վճարելու նախագծող ընկերությանը», – ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքերով՝ նախնական հաշվարկներով Աջափնյակի կայարանի շինարարությունը տևելու է 48 ամիս: Կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ 1.5 կիլոմետր:
80-ականների նախագծի համեմատ մի քանի փոփոխություն է արվել: Նախկինում կայարանը նախատեսված էր Աբելյան փողոցի անկյունում, որտեղ արդեն իսկ շենք է կառուցվել:
«Մենք կայարանը որոշակիորեն, 120-140 մետր տեղափոխելով դեպի Հալաբյան-Աբելյան խաչմերուկ, կարողանում ենք մի քանի կարևոր խնդիր լուծել: Առաջին հերթին շինարարությունը մոտ 15 տոկոսով ավելի ցածր արժեք է ունենալու այս նախագծով: Շինարարության ժամանակը մոտ 6 ամսով կրճատվելու է: Այսինքն «Թումո»-ի մայթին՝ Հալաբյան-Աբելյան անկյունում է լինելու: Բաց տարածքում է լինելու շինարարությունը, վերևից ենք փորելու, ոչ թե տակը փորելով ենք գնալու: Դա շատ առավելություններ է մեզ տալիս», – ընդգծել է Ավինյանը:
Այս տարի 2-րդ փուլն ավարտելուն պես նախագիծը կուղարկվի փորձաքննության: Տարվա վերջին պատրաստ կլինի վերջնական նախագիծը: Ըստ Ավինյանի՝ արդեն ժամանակն է քննարկել հետագա ֆինանսավորման հարցը, քանի որ 4 տարվա շինարարության հարց է:
Կայարան «Փեթակում»
Երևանում մետրոյի Աջափնյակի նախատեսվող կառուցումից զատ Կառավարության նիստին քննարկվել է նաև «Փեթակ» առևտրի կենտրոնին մոտ գտնվող տարածքում նոր կայարան կառուցելու հարցը:
«Միայն այս կայարանով չենք ուզում սահմանափակվել, քննարկել ենք նաև «Փեթակ»-ի տարածքում գտնվող հատվածում ևս մեկ կայարան ստեղծելու հարցը: Աջափնյակի կայարանի կառուցումից հետո, ամենայն հավանականությամբ, մետրոն այդ նույն գծով շարունակվելու է: Երկու պոտենցիալ ուղղություններ կան՝ մեկը դեպի Դավթաշենի ուղղությունը, մյուսը՝ դեպի Աջափնյակ վարչական շրջանի խորքը:
Քաղաքապետարանն առաջարկելու է մետրոյի շարունակական զարգացման ծրագիր, որ ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ», – ասել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցին՝ արդյո՞ք Երևանի տրանսպորտային սխեման կհամապատսխանեցվի այդ խարիսխին, Ավինյանը պատասխանել է, որ դա արդեն իսկ արվում է: Տրանսպորտային միասնական համակարգը հաշվի է առնելու մետրոյի կայարանները:
«Միայն Աջափնյակի կայարանի շահագործմամբ՝ մետրոյում, մեր կանխատեսմամբ, ուղևորափոխադրումների քանակն աճելու է 22 տոկոսով: Մետրոն իր վրա է վերցնում էական բեռ՝ նվազեցնելով փողոցների ծանրաբեռնվածությունը», – նշել է Ավինյանը:
Ապագայում, միգուցե նաև այս տարի, նախատեսվում է ունենալ ավտոբուսների առանձնացված գծեր՝ հավելել է փողքաղաքապետը։
2022 թվականի հոկտեմբերի 13-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «Աջափնյակ» կայարանի շինարարությունը մեկնարկելու է 2024 թվականին, իսկ մինչ այդ ընթանում են նախագծման աշխատանքներ։
Հիշեցնենք՝ մետրոյի նոր կայարանի նախագծման մրցույթում հաղթող էր ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը, որը մետրոպոլիտենի զարգացման՝ շուրջ 500 միլիոն դոլար արժողությամբ նախագիծ էր ներկայացրել։ Նախագիծը ենթադրում է նաև մետրոյի գործող ենթակառուցվածքների թարմացում։
Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցումը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումներից էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կայարանի կառուցումը ռազմավարական ծրագիր էր որակել։