Մետրոյի նախկին տնօրենը հարազատների միջոցով կեղծել է վագոնների վերանորոգման և տարածքների մաքրման մասին տվյալները, գնումներ կատարել Հայաստանից և արտասահմանից՝ արդյունքում հափշտակելով հարյուր միլիոնավոր դրամներ։ 2001-2003 թթ․ և 2007-ից մինչև 2019 թ․ մայիսի 20-ը Մետրոպոլիտենի տնօրենը եղել է Փայլակ Յայլոյանը։ Նա պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Երևանի մետրոպոլիտենի տնօրենը 2017 թվականին կնքել է 696․000 եվրո արժեքով՝ «Մետրոպոլիտենի վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների կապալի» պայմանագիր։ Դրա շրջանակներում Ռուսաստանում գրանցված ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից, արդեն իսկ երկգլխամասային և միջանկյալ վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներն ավարտված լինելու պայմաններում, առանց մրցույթ հայտարարելու, իր որդու հետ փոխկապակցված՝ նույն ընկերության հայաստանյան մասնաճյուղի լիազորված անձի հետ 2018 թվականի ապրիլին կնքել է նույն միջանկյալ վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների կապալի պայմանագիր։ Այնուհետև 2018 թվականի օգոստոսին կազմել և միանձնյա հաստատել է կապալի աշխատանքների վերաբերյալ հանձնման/ընդունման ակտը։ Դրանցում հիշյալ աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու մասին ներառել է կեղծ տեղեկություններ, ապա կեղծ բովանդակությամբ փաստաթղթերը ներկայացրել է վճարման և հիշյալ ընկերության օժանդակությամբ վատնման եղանակով հափշտակել 624․000 եվրո (մոտ 330 մլն․ դրամ)։
Գործի վերաբերյալ փաստական տվյալների ձեռքբերման մասին է հայտնում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, նախկին տնօրենը 2016-2019 թվականների ընթացքում ընկերության տարածքների մաքրման ծառայությունների համար հայտարարված մրցույթում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները։ «Փաստացի մաքրվող 55․773 քմ տարածքների մակերեսների վերաբերյալ մոտավոր տվյալներ ներկայացնելով, մաքրման ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության հետ, արդեն իսկ 32․723 քմ ավելի ներկայացված՝ 88․496 քմ մակերեսի համար պայմանագիր կնքելով, ընկերության օրինական շահերին պատճառել է շուրջ 92․683․000 դրամի նյութական վնաս և անզգուշությամբ պատճառել ծանր այլ հետևանքներ»։
Նշվածից բացի, նախկին տնօրենը 2017-2019 թվականներին իր մերձավորների անվամբ Հայաստանում և արտերկրում գործող մի շարք տնտեսվարողներից իրականացրել է ընդհանուր՝ 734․741․890 դրամի միանձնյա գնում։