Դատախազությունը Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանից ու նրան փոխկապակցված՝ ընտանիքի անդամ հանդիսացող 5 անձանցից ապօրինի գույքի բռնագանձման հայցեր է ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Հօգուտ Հայաստանի Հանրապետության առաջարկվում է բռնագանձել․
— Երևան քաղաքի տարբեր հասցեներում գտնվող 7 բնակարանները, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող գույքը (որոշների դեպքում դրանց 84-ից 94%-ը), իսկ անհնարինության դեպքում՝ այդ գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 702.472.355 ՀՀ դրամ,
— Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող 2 հողամասը (մեկը՝ մասնակի), Երևան քաղաքի Պ.Պռոշյան փողոցում գտնվող ավտոկայանատեղին, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում և Պ. Պռոշյան փողոցում գտնվող 2 շինությունները, իսկ անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 535.699.753 ՀՀ դրամ,
— Շարժական 3 գույքը (ավտոմեքենաներ, որոնցից մեկի 79.47%-ը), անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 27.745.000 ՀՀ դրամ,
— 2 ՍՊ ընկերության բաժնեմասերը՝ մեկի դեպքում 1/2 բաժնեմասի 84.92%, մյուսի դեպքում՝ 50% մասնաբաժինները,
— 29.847.801 ՀՀ դրամ, որպես լուծարված ՓԲԸ բաժնեմասի ձեռքբերման գումար,
— Ընդհանուր 272.240.034 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում Փ. Յայլոյանի և նրա երկու որդիների օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Հիշեցնենք, որ 2020թ․-ի հունվարի 30-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր ներկայացրել, ըստ որի՝ Փայլակ Յայլոյանը հարազատների միջոցով կեղծել է վագոնների վերանորոգման և տարածքների մաքրման մասին տվյալները, գնումներ կատարել Հայաստանից և արտասահմանից՝ արդյունքում հափշտակելով հարյուր միլիոնավոր դրամներ։ Նա պաշտոնից ազատվել էր սեփական դիմումի համաձայն։
Փայլակ Յայլոյանը Մետրոպոլիտենի տնօրեն է եղել 2001-2003 թթ․ և 2007-ից մինչև 2019 թ․ մայիսի 20-ը։