Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առաջին հայցադիմումը՝ հաղորդել է Դատախազությունը։
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից պահանջվում է հօգուտ Հայաստանի բռնագանձել Կոտայքի մարզի նախկին ոստիկանապետ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ, ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Սերոբ Ռազմիկի Հարությունյանին և Անուշ Արարատի Անտոնյանին պատկանող՝
— Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 187 միլիոն 250 հազար դրամ,
— Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին, անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 6 միլիոն դրամ,
— Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղիի 97.6 տոկոսը, անհնարինության դեպքում՝ 5 միլիոն 880 հազար դրամ:
Պահանջվում է բռնագանձել նաև Սերոբ Հարությունյանին պատկանող՝
— Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումարը՝ 8 միլիոն դրամ,
— «BMW X6 3.5 I» ավտոմեքենայի օտարման և «PORSCHE PANAMERA S 4.8» ավտոմեքենայի ձեռքբերման արժեքների տարբերությունը՝ 1 միլիոն դրամ,
— «BMW X6 XDRIVE 3.5 I» ավտոմեքենայի՝ ապօրինի ծագում ունեցող մասի օտարման արժեքը՝ 990 հազար դրամ,
— «Օրանժ գազ» ՍՊԸ-ի բաժնեմասի օտարման արժեքի 50 տոկոսը՝ 215 միլիոն 707 հազար դրամ,
— Եվս 14 միլիոն 361 դրամ գումարը, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով:
Հարություն Սերոբի Հարությունյանից՝ որպես Սերոբ Ռազմիկի Հարությունյանին պատկանող գույքեր, բռնագանձել՝
— Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի 40 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 34 միլիոն 700 հազար դրամ,
— «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենան, անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 11 միլիոն 250 հազար դրամ:
Ավելի վաղ դատախազությունը Հարությունյանին պատկանող ապօրինի գույքի նկատմամբ կիրառել էր «հայցի նախնական ապահովման» միջոցներ։ Մարմինն այժմ խոստանում է, որ առաջիկայում դատարան կներկայացնել ապօրինի գույքի բռնագանձման այլ հայցադիմումներ։