Գլխավոր դատախազությունը, դեկտեմբերի 2-ին դիմել է դատարան՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի անդամների ապօրինի գույքի բռնագանձման պահանջով` տեղեկանում ենք DataԼex հարթակից։
Գասպարյանի գույքի վրա արգելանք էր դրվել դեռևս այս տարվա հունիսի 30-ին։ Քրգործով, նախկին ոստիկանապետից բացի, անցնում են նաև նրա կինը՝ Սուսաննա Գասպարյանը, մայրը՝ Անժելա Գասպարյանը, որդին ու դուստրը՝ Անգելինա և Վլադիմիր Գասպարյանները, զոքանչը՝ Հեղուշ Գալստյանը։
Հեղուշ Գալստյանը, օրինակ, 60% բաժնեմաս ունի պահածոյացված ծովամթերքի, այլ պահածոների, նաև՝ հյութերի արտադրությամբ զբաղվող «Գալիլիա» ՍՊԸ-ում, իսկ մինչև 2018 թվականը եղել է դրա միանձնյա սեփականատերը։ Բացի այդ՝ ընտանիքի անդամները տիրապետել են Երևանում և մարզերում գտնվող մեծածավալ անշարժ գույքի։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է, որ դատարանն արդեն վարույթ է ընդունել գործը, սակայն թե կոնկրետ որ գույքը կարող է բռնագանձվել՝ դեռևս հստակ չէ։։
Գլխավոր դատախազությունը մինչ այս դատարան էր դիմել նաև ԱԱԾ նախկին պաշտոնյա, գնդապետ Սերոբ Հարությունյանից ու նրա ընտանիքից մոտ 485 միլիոն դրամի գույք բռնագանձելու համար՝ ներառյալ բնակարան Հյուսիսային պողոտայում, ավտոկայանատեղիներ ու ավտոմեքենաներ։