Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքների համար Երևանի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվի։ Որոշումն ընդունվել է ավագանու այսօրվա նիստում։
Գինը որոշվել է մրցույթով, որում ավելի վաղ հաղթող էր ճանաչվել ռուսական « «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։ Երևանի փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը հավաստիացնում է, որ այն ոչ բարձր է, ոչ ցածր՝ «շուկայական գին է, որ ձևավորվել է շուկայական հարաբերությունների արդյունքում»։
Կառավարության վերջին նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մրցույթում հաղթած ռուսական ընկերության հետ սկսում են Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները։
«Վերջերս քրեական մի գործի շրջանակներում Երևան քաղաքին հասցված շուրջ 850 միլիոն դրամ վնասի փոխհատուցում է տեղի ունեցել, և քննարկումների արդյունքում Երևանի քաղաքապետարանի հետ միասին որոշում կայացրեցինք, որ 750 միլիոն դրամը ուղղվի այդ նպատակին», – նշել էր Փաշինյանը:
850 միլիոն դրամ վնասը փոխհատուցել էր մայրաքաղաքի ավտոկայանատեղիները կառավարող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությանը։ Այդ գումարով որոշվել է ֆինանսավորել Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքների 3 փուլերից 2-ը։
«Այսինքն մենք հիմա 1 միլիարդ դրամից ավելի ծախսում ենք նախագծման աշխատանքների վրա, ինչ կարժենա ընդհանուր շինարարությունը, արդեն նախագծման արդյունքներով կերևա» – ասել էր վարչապետը:
Չնայած կայարանի կառուցման համար հսկայական գումար է անհրաժեշտ՝ Փաշինյանը հավաստիացնում է, որ որոշումը կայացված է, նոր կայարանը կառուցվելու է։ 4 տարի առաջ սա նրա ղեկավարած քաղաքական ուժի նախընտրական խոստումներից մեկն էր։
Երևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյան «Սպուտնիկ»-ին ավելի վաղ տված հարցազրույցում ասել էր, թե մետրոյի նոր կայարանի կառուցումը ճոխություն է Երևանի համար, որի ժամանակը դեռ չի եկել։ Ըստ նրա, այդ ֆինանսական միջոցները ավելի նպատակահարմար կլիներ ուղղել գործող համակարգի արդիականացմանը․ գործող մետրոն մաշվել է, ներդրումներ վաղուց չեն հարվել։
Փաշինյանը, սակայն, նոր Աջափնյակի կայարանի կառուցումը ռազմավարական ծրագիր է համարում։
«Մետրոն անցում է կատարելու Հրազդան գետի հակառակ ափ, ինչը նշանակում է, որ արդեն հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվում դեպի Դավթաշեն, դեպի Մալաթիա-Սեբաստիա, դեպի 15-րդ թաղամաս և այլն», – ընդգծել էր վարչապետը:
Նախնական հաշվարկներով, մետրոյի մեկ կայարանի կառուցումը մոտ 50 միլիոն եվրո կարժենա, կտևի մի քանի տարի։ Կոնկրետ որտեղից են հայթայթվելու այդ միջոցները՝ դեռևս հայտնի չէ։
Հիշեցնենք՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով Երևանի գալիք ՏԻՄ ընտրություններին, ամենայն հավանականությամբ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է լինելու, գրել էր, թե մետրոյի «Աջափնյակ» կայարանից բացի ծրագրվում է կառուցել նաև միջանկյալ կայարան՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ։