Մետրոյի «Աջափնյակ» կայարանից բացի ծրագրվում է կառուցել նաև միջանկյալ կայարան՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Պլանավորվում է ձեռք բերել նաև 250 նոր էլեկտրական ավտոբուս։
«Այս ծրագրերը էապես վերափոխելու են Երևանի ողջ տրանսպորտային համակարգը և լուծելու են օդի աղտոտվածության՝ Երևանի համար լրջագույն դարձած խնդիրը։ Երեկ, ՎԶԵԲ-ի 2022թ.-ի տարեկան ժողովի շրջանակներում, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպեցինք ՎԶԵԲ-ի Եվրասիայի տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկին և Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Հանսեին։ Ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք վերոնշյալ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները»,- գրել է Ավինյանը:
Դեռևս ապրիլի 28-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «մուտք ենք գործում Աջափնյակի մետրո կայարանի շինարարության փուլ», իսկ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել էր, որ ծրագրի իրականացման համար կարող է պահանջվել 510 օր։