Home / Հայաստան / Ստեփանակերտում հնչած կրակոցներից հետո ձերբակալվել է Մարտի 1-ի «հերոս» Օգանովսկին

Ստեփանակերտում հնչած կրակոցներից հետո ձերբակալվել է Մարտի 1-ի «հերոս» Օգանովսկին

Ստեփանակերտի կենտրոնում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, կասկածյալը ձերբակալվել է:

Արցախի դատախազությունը հայտնում է, որ մայիսի 10-ին երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան: Դեպքի առթիվ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:

Ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Օգանովսկի մականունով հայտնի Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը։

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն, իր հերթին, հայտնել է․ «Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է Արցախի հերոս Սամվել Կարապետյանը: Չնայած այն հանգամանքին, որ Արցախի նախագահը Սամվել Կարապետյանին աջակցող դիմումներ է ստացել և ինքն էլ բարձր է գնահատում պարոն Կարապետյանի ունեցած վաստակը, սակայն իրավասու չէ որևէ կերպ միջամտել իրավապահների աշխատանքին: Արցախում բոլորն օրենքի առջև հավասար են.  Արցախում արտոնյալներ չպետք է լինեն»:

Դեպքից հետո ընդդիմադիր Արթուր Օսիպյանը Ֆեյսբուքում հույս էր հայտնել, որ իրավապահ մարմինները ադեկվատ գնահատական կտան կատարվածին․ «Երբ որ պետք էր կրակել, չգիտես՝ ինչու, կրակոցներ չէինք տեսել ու չէինք լսել․․․»։

Նույն օրը դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել էր, որ Վերածննդի հրապարակի հարակից՝ «Արցախի ազատամարտիկների միության» վարչական շենքի դիմացի հատվածում, Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա Մ. Կ-ին պատկանող «BMW» ավտոմեքենան կայանելու համար վիճաբանություն է առաջացել վերջինիս և Ստեփանակերտ քաղաքի 60-ամյա բնակիչ Ս. Կ-ի միջև։ Այնուհետև խոսակցությանը միջամտել են Վ. Կ-ի ընկերները, և վերջիններիս ավտոմեքենայով հեռանալու ժամանակ Ս. Կ-ն նույն վայրում կայանված իր ավտոմեքենայի բեռնախցիկից հանել է ինքնաձիգը և 2 անգամ կրակ արձակել «BMW» ավտոմեքենայի ուղղությամբ, որից մեկը դիպչել է ավտոմեքենայի հետևի ձախ դռանը», – ասված էր կառույցի հաղորդագրության մեջ։

Երեք տարի առաջ Բի-Բի-Սի-ն, որը հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն էր ստացել, հայտնել էր․ ըստ քննության, 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել էր հենց Սամվել Կարապետյանը։

«Այս գործի հետաքննությունը հզոր քաղաքական նշանակություն ունի և կարող է էականորեն փոխել քաղաքական ուժերի դասավորվածությունը Հայաստանում», – փաստում էր Բի-Բի-Սի-ն՝ հավելելով, որ  գործում առկա նյութերն ուսումնասիրելիս պարզ է դառնում հետևյալը․

– Ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել Ղարաբաղի ուժայինները, որոնց ղեկավարել է գեներալ Սամվել Կարապետյանը: Նա զբաղեցնում էր Ղարաբաղի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և աշխատանքից ազատվեց 2019-ի ապրիլին, երբ Մարտի 1-ի գործում հանդես էր գալիս որպես վկա:

– Հարցաքննության ժամանակ քննիչները պնդել են, որ Կարապետյանի ջոկատը տեղակայված էր եղել Բաղրամյան պողոտայում՝ նախագահական վարչակազմի շենքի նկուղում:

– Քննությունը կարծում էր, որ այդ նկուղում ուժայիններին այցելել էին նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: