2020-ի գարնանը հյուրանոցներում մեկուսացված մարդկանց սննդի մատակարարման ոլորտում կատարվել են շուրջ 23 միլիոն դրամի չարաշահումներ, հաղորդում է Դատախազությունը։
Ըստ հաղորդման՝ սննդի ապահովման հետ կապված գործարքները կատարվել են 4 ընկերությունների հետ: Համավարակով պայմանավորված՝ գրավոր պայմանագրերի չեն կնքվել, իսկ վճարումները կատարելով հաշիվ-ապրանքագրերի հիման վրա։
Այդ ընկերությունների կողմից 2020-ի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին դուրս են գրվել 23 հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր այն մասին, որ նշված ժամանակահատվածում երկրի մի շարք հյուրանոցներում մեկուսացված շուրջ 32.000 մարդու տրամադրվել է մոտ 149 միլիոն դրամի սնունդ։
Մինչդեռ պարզվել է, որ ըստ առողջապահության նախարարությունում առկա տվյալների՝ վերը նշված հյուրանոցներում ապրիլ-սեպտեմբեր ամիսներին մեկուսացված է եղել շուրջ 26.000 մարդ: Այսինքն՝ պետությունը շուրջ 6.000 հոգու հաշվարկով 23 միլիոն դրամ ավելի գումար է վճարել սննդի դիմաց։
Այսպիսով, նշված ընկերությունների պատասխանատուները, օգտվելով համավարակով ստեղծված իրավիճակից, կազմել և դուրս են գրել հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր, որոնցում գրառել են կեղծ տվյալներ՝ հափշտակելով 23 միլիոն դրամ, իսկ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները ընդունել են հարկային հաշիվներն ու հաշիվ վավերագրերը՝ առանց ներկայացված տվյալների արժանահավատությունը ստուգելու։
Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասով, 2-րդ մասի 2-րդ կետով և 3-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածի 1-ին մասի (9 դրվագ) և 315-րդ հոդվածի 2-րդ մասի (1 դրվագ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել է Քննչական կոմիտե։