Անցած շաբաթ Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչեց Քրեական օրենսգրքի՝ Սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը։ Իսկ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը հենց այս՝ 300․1 հոդվածով էր մեղադրվում։
«Եթե չկա հոդված, չկա հանցանք», – մեկնաբանում է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Տենց էլ Սահմանադրական դատարան չունեցանք», – Epress.am-ի հետ զրույցում նկատել է 2008-ին Մաշտոցի գետնանցումի վրա` «ԱԿՍ» տեսակի ավտոմատի կրակոցից մահացու վիրավորում ստացած Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ թեկուզև հիշատակված հոդվածը չի գործում, սակայն 2008 թվականի մարտի 1-ին Ղարաբաղից զինծառայողներ բերեցին Երևան․ «Եթե դա Սահմանադրության խախտում չի, ապա ի՞նչ է։ Ի՞նչ գնահատական կարելի է տալ, եթե զորքը սահմանից հանում, բերում են։ Բացի դա, ինչքան մարդ զոհվեց, ինչքան վիրավորվեցին, ճակատագրեր խեղվեցին, ու իրանք մտածում են, թե սահմանադրական կարգ չե՞ն խախտել։ Իրանք լավ գիտեն՝ ինչ են խախտել, ոնց են խախտել»։
Այժմ, սակայն, Սահմանադրական դատարանը դեռ համալրված չէ այն մասնագետներով, որոնք կարող են արդար որոշումներ կայացնել, կարծում է Հարությունյանը։ Իսկ խորհրդարանի կողմից նշանակված ՍԴ անդամները «նախկիններից են», որոնք այն ժամանակ շատ բաներից էին օգտվում։ «Եթե նախկինների հետ աշխատած որևիցե մեկը, որը շատ մեծ հնարավորություններ ուներ էն ամեն ինչից օգտվելու, իսկ այսօր նրա համար ամեն ինչ փակվել է, բնականաբար, ինքը նրանց [նախկինների] ուզածով է անելու հաստատ։ Բայց մենք պիտի աշխատենք, որ նույնը չկրկնվի», – ասել է Սամվելի հայրը։
2008-ի շարժումից ձևավորված Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ, 2008 թվականի ընտրություններում ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանի այսօրվա պահվածքից Հարությունյանը տարակուսած է։
«Փաստացի, – ասել է Էդիկ Հարությունյանը, – եթե մենք իրանց հետ համագործակցեցինք, նրանք մեր կողքին էին իբր թե էն ժամանակ, դուրս էկավ, որ իրականում ամեն ինչը ֆարս է։ 2008-2009 թվերից Լևոն-Տեր Պետրոսյանը միշտ քննադատել է, միշտ նրանց ինչ ասես չի ասել՝ դավաճաններ, չգիտեմ, ալբանացիներ․․․ Ու էսօր եթե հանդիպում է նրանց հետ ու ինչ-որ բան է քննարկում, որ էսօրվա լեգիտիմ իշխանությունը հեռացնեն, իրանց նպատակն ի՞նչ ա։ Իրանք ի՞նչ են ուզում»։
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը տարիների ընթացքում սերտ համագործակցում և կապ էր պահպանում մարտի 1-ի զոհերի հարազատների հետ։ Նաև ողջունում էր 2018 թվականի իշխանափոխությունից հետո սկսված Քոչարյանի դեմ դատավարությունն ու ձերբակալումը։ Իսկ վերջերս Տեր-Պետրոսյանը հանդիպել է նախկին նախագահների, մասնավորապես, Քոչարյանի հետ ու քննարկել հետպատերազմյան իրավիճակը։
Նման հանդիպումը, զոհվածի հոր խոսքերով, անթույլատրելի էր, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից․ «Ինքը չգիտի՞ Ղարաբաղն ով է ծախել, չգիտի՞ մարդկանց ով է սպանել։ Թե՞ ինքն ամեն ինչ մոռացել է»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հարությունյանը մեղադրում է վերջին հանրահավաքին ընդդիմության հավաքների մասնակիցների մասին ասված «նրանք մեր քույրերն ու եղբայրներն են» արտահայտության համար։ «Ինքը, երևի, Աբելի ու Կայենի պատմությունը չգիտի։ Նրանք էլ էին ախպերներ, չխփի՞ն իրար, սպանին»։
Մարտի 1-ին բեկորային վնասվածքներից մահացած Գոռ Քլոյանի հոր կարծիքով ևս՝ 300․1 հոդվածի գոյություն չունենալը չի նշանակում, որ հանցանքը վերացել է․ հանցանքը կա և դատաքննությունն այսօր կշարունակվի։ «Քոչարյանին մեղադրանք կա՝ 3 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Էդ գործը չի փակվել։ Եվ էսօր կիմանանք դատախազության կարծիքը։ Միգուցե, նոր հոդվածներ․․․ Եկեք սպասենք», – ասել է Սարգիս Քլոյանը։
Ինչ վերաբերում է առաջին նախագահի գործելակերպին, ապա զրուցակիցը նախընտրեց չմեկնաբանել․ «Եկեք ես ոչ մի բան չասեմ էդ մասով»։