Թուրքիայում իրավապահ մարմինները ձերբակալել են Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված միջազգային հետախուզման տակ գտնվող, անկարգությունների և իշխանության տապալման կոչերի մեջ մեղադրվող ընդդիմադիր գործիչ Գուրբան Մամեդովին, հայտնում է գործչի որդին՝ Գոշգար Մամեդովը։
Իրավաբան Գուրբան Մամեդովն առաջին անգամ ձերբակալվել է 1998 թվականին՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ վկայություններ տալու մեղադրանքով։ 2013 թվականի դեկտեմբերին դատարանը նրան 3 տարվա ազատազրկման է դատապարտել մարդու առողջությանը ծանր վնաս հասցրած ավտոճանապարհային պատահարի պատճառ դառնալու մեղադրանքով։ 2014 թվականի դեկտեմբերի 31-ին Մամեդովը համաներման է արջանացել և հայտարարել իրավաբանական գործունեության վերսկսման մասին։
Գուրբան Մամեդովն ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ և իրավաբան է։ 1989 թվականին Ադրբեջանի Ժողովրդական ճակատի (ԱԺՃ) հիմնումից հետո ստեղծվել էր ԱԺՃ Սաբիրաբադի շրջանային կազմակերպությունը, որի նախագահի պաշտոնում ընտրվել էր Մամեդովը։
1998 և 2013 թվականների ձերբակալություններից հետո տեղական իրավապաշտպանական կազմակերպությունները նրան ներառել էին քաղբանտարկյալների ցանկում։
Թուրքիայի իրավապահ մարմինները Մամեդովին ձերբակալել էին Ադրբեջանի իշխանությունների կողմից միջազգային հետախուզում հայտարարելուց հետո, գրում է JAM news֊ը։
Վերջին տարիներին Մամեդովը Լոնդոնում էր ապրում։ Թուրքիա մեկնել էր վերջերս։ Ինտերպոլով հետախուզում հայտարարվել էր սեպտեմբերի 8-ին։