Ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու անձանց խոշտանգելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հայտնել է Հատուկ քննչական ծառայությունը:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ («խոշտանգումը») հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցվել է քրական գործ` ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու անձանց խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ»։ Հիշյալ անձինք քրեական գործով տուժող են ճանաչվել:
Ավելի վաղ ծանրամարտիկ Արմեն Ղազարյանը պատմել է, որ 10 օր առաջ գիշերը իրեն խոշտանգել են Նոր Նորքի ոստիկանության բաժնում: Ըստ Ղազարյանի, ինքը սեպտեմբերի 6-ին Նոր Նորքի շենքերից մեկի բակում պարզապես ականատես է եղել, թե ինչպես են քաղաքացիական հագուստով, բայց քրեականից ներկայացող ոստիկանները բնակիչներից մեկին բռնությամբ մեքենա նստեցնում: Ասում է՝ փորձեց հասկանալ, թե ինչու. «Նրանք ասեցին, որ շատ հարցեր ա տալիս էս մեկը, իրանց խոսքերն եմ ցիտում` սրան էլ ծալեք, ջարդեք, գցենք մեքենան, տանենք»: