Ծանրամարտիկ Արմեն Ղազարյանը պատմել է, որ 10 օր առաջ գիշերը իրեն խոշտանգել են Նոր Նորքի ոստիկանության բաժնում: Ղազարյանը բռնարարների մասին լռել չի պատրաստվում։ «Մարդը, որը տուժել ա, լռել ա, նա նույնպես նպաստել ա, որ շարունակվի», – նրա խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը։
Ըստ Ղազարյանի, ինքը սեպտեմբերի 6-ին Նոր Նորքի շենքերից մեկի բակում պարզապես ականատես է եղել, թե ինչպես են քաղաքացիական հագուստով, բայց քրեականից ներկայացող ոստիկանները բնակիչներից մեկին բռնությամբ մեքենա նստեցնում: Ասում է՝ փորձեց հասկանալ, թե ինչու. «Նրանք ասեցին, որ շատ հարցեր ա տալիս էս մեկը, իրանց խոսքերն եմ ցիտում` սրան էլ ծալեք, ջարդեք, գցենք մեքենան, տանենք»:
Պատմում է, որ հայհոյանքներով իրեն տարել են Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք, երրորդ հարկ. «Արդեն իսկ երրորդ հարկ ես որ բարձրացա, լսում էի ուրիշ սենյակներում մարդկանց ծեծի բղավոցներ… էդ շենքը նման էր ինչ-որ կառափնարանի: Կիսամութ մի շենք, որտեղ բղավոցներ, հայհոյանքներ, մարդկանց ցավից ձայներ»:
Ծանրամարտիկն ասել է, որ ծեծողները փորձառու էին, մտածված էին խոշտանգում, սկզբում իրեն մի անկյուն են գցել, հսկել, որ գլուխի չշրջի իրենց դեմքերը չֆիքսի.
«Ամենակարևոր պահը դրա այն ա, որ մարդուն իրանք ոչ միայն ծեծում են, այլ նաև խեղդում են: Քեզ հետևից, գլխից էնքան են կռացնում ներքև, կքանստում ես, թոքերդ լրիվ փակվում ա, ու չես կարողանում շնչել: Ես էդ ժամանակ, ճիշտն ասած, մտածում էի՝ ես կենդանի մնալու եմ, թե չէ»:
Արմեն Ղազարյանը ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ է, Եվրոպայի պատանիների չեմպիոն: Աթենքի օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում 4-րդ հորիզոնականն է ապահովել:
Նա փորձել է ոստիկաններին բացատրել այս ամենը. «Ինձ հայտնի ու ոչ հայտնի, չլսված բոլոր հայհոյանքները լսել եմ, իմ անձին ուղղված, ուղղված էն իմ փորձերին, որ իրենց խնդրել եմ կանգ առնել, որ մենք հայ ենք, որ ես ազգի համար ինչ-որ ծառայություններ եմ ունեցել… էդ ամբողջ իմ ներկայացրած բաներին նույնպես հայհոյել են»:
Ծանրամարտիկն ասում է՝ իրեն ծեծելը հեշտ չէր լինի, եթե դիմադրեր: Բայց նա չի դիմադրել, քանի որ մտածել է, որ այդ դեպքում էլ ոստիկանները առիթ կունենան գործ սարքելու։
Արմեն Ղազարյանի տպավորությամբ, իրեն ծեծել են մոտ 15 րոպե, հետո տարել են մի սենյակ, որտեղ ստիպել են առանց կարդալու ինչ-որ թղթեր ստորագրել. «Եվ պայմանը մեզ բաց թողելու էդ ա էղել, որ ստորագրենք»:
Ղազարյանը շեշտում է, որ գիշերային այդ ժամին Նոր Նորքի ոստիկանության պետն ու տեղակալը շենքում էին ու տեղյակ էին այդ ամենից: Հենց հաջորդ օրն է դիմել «Էրեբունի» բուժկենտրոն ու հեռացել մի քանի ախտորոշումներով՝ կրծքավանդակի փակ վնասվածք, թոքերի սալջարդ, կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ: Նույն օրն էլ դեպքի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Երևանի վարչություն:
Այս ամենից հետո էլ, ըստ ծանրամարտիկի, սկսել են իր հետ բանակցելու փորձեր անել Նոր Նորքի ոստիկանները, ընդ որում` նաև քրեական հեղինակությունների միջոցով:
Ոստիկանության լրատվականից հայտնեցին, ծառայողական քննություն է սկսվել, այլ մանրամասներ չունեն: Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, տեղեկացրեց մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև այն քաղաքացին, որին ոստիկանները տարել էին Ղազարյանից առաջ: Ծանրամարտիկի տեղեկությամբ, խոսքը կենցաղային մի պատմության մասին է: Նոր Նորքի ոստիկաններից մեկի կինը տոնական փուչիկներ է վաճառել այդ քաղաքացուն, քաղաքացին տիկնոջ ծառայությունից դժգոհել է, գործին խառնվել են ոստիկան ամուսինն ու նրա գործընկերները:
Արմեն Ղազարյանն ասել է, որ այդ մարդը երեխայի ծննդյան գիշերը իրենից ավելի դաժան կերպով է ծեծվել ոստիկանության բաժնում, բայց հարցազրույց տալ առայժմ հրաժարվում է: Ըստ Ղազարյանի, նրա բնակության վայրը այդ չարաբաստիկ շենքին շատ մոտ է, վտանգ է զգում. «Հոգեբանորեն էդ վիճակը դուք պետք է պատկերացնեք. մարդիկ, որոնք հրեշներ են… նրանք մոլագարներ են»:
Ղազարյանը մինչև օրս չի հասկանում, թե քաղաքացիների պաշտպան ոստիկաններն ինչու են իրեն նախ առևանգել, ապա ծեծել: Ասում է՝ է’լ ավելի անհասկանալի է, թե ինչու են այդ հանրության համար վտանգավոր մարդիկ շարունակում աշխատել։