Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժվող երեխաների ծնողները այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում:
Առողջապահության նախարարությունից ծնողները պահանջում էին վերանայել Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին պաշտոնից ազատելու մասին որոշումը, որին հաջորդել է նաև Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։
Բողոքի դուրս եկած ծնողները նշում էին, որ Դանիելյանի և հատկապես Թամամյանի հեռանալուց հետո կենտրոնի մնացած բժիշկները ևս լքելու են աշխատանքը՝ որպես անհամաձայնության քայլ, ինչը վտանգի տակ է դնելու նախևառաջ իրենց երեխաների կյանքը։ Նրանք վստահ են, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր է նախևառաջ նախարարությունը և խնդրում էին ԱՆ-ին չխոչընդոտել «հանրապետության լավագույն բժիշկների աշխատանքը» և հետ կանգնել որոշումից։
Որոնք են մեկ տարի առաջ տնօրենի պաշտոնում նշանակված Սամվել Դանիելյանին ազատելու պատճառները՝ ծնողները չգիտեն։ Ըստ նրանց և որոշ բուժաշխատողների՝ պատճառը Սամվել Դանիելյանի մտերմությունն է Գևորգ Թամամյանի հետ, ով, ինչպես հայտնի է, խիստ լարված հարաբերությունների մեջ է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։
Գևորգ Թամամյանը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար է նշանակվել 2019 թվականի մայիսին։ Առողջապահության նախարարի նախկին խորհրդականն է։ Խորհրդականի պաշտոնից ազատվել է կենտրոնի ղեկավար նշանակվելուց մի քանի ամիս հետո՝ 2019 թվականի օգոստոսին։
Նախարարի խորհդրականի պաշտոնը լքելուց հետո դարձել է Արսեն Թորոսյանի ամենախիստ քննադատներից մեկը՝ մեղադրելով նրան պետպատվերի անարդար բաշխման, իր մտերիմներին աջակցելու և քաղցքեղով հիվանդ երեխաներին հերթագրելու մեջ։ Թորոսյանը նշում է, որ Թամամյանի մեղադրանքների և «ընդդիմադիր» գործունեության հետևում կանգնած է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, ով հեղափոխությունից ի վեր Թորոսյանի հետևողական հակառակորդն է։ Թամամյանը 2019 թվականի հուլիսին՝ ԱՆ խորհրդականի պաշտոնից ազատվելուց առաջ, նշանակվել էր նաև Բժշկական համալսարանի ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ։
Այսօր ժամը 16։00-ի կողմերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ են հրապարակել նաև Արյունաբանական կենտրոնի բուժաշխատողները՝ հաստատելով, որ տնօրենի լիազորությունները դադարեցնելու դեպքում հոկտեմբերի 1-ից մտադիր են դուրս գալ աշխատանքից․
«Սամվել Դանիելյանի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում Արյունաբանական Կենտրոնը գրանցել է թռիչքային առաջընթաց, որը հնարավոր էր միայն ոլորտի ղեկավարման տասնամյակների փորձ ունեցող, ոլորտի հիմնախնդիրներին և առանձնահատկություններին տիրապետող, ոլորտի կայացման մեջ անշրջելի ներդրում ունեցած տնօրենի հետևողական աշխատանքի, ինչպես նաև թիմի բոլոր անդամների համատեղ ջանքերի շնորհիվ։
Հաշվի առնելով կայացված չհիմնավորված և անտրամաբանական որոշումը՝ խնդրում ենք ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը` հնարավորություն ընձեռելով շարունակել ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը։
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Սամվել Դանիելյանի գործունեության դադարեցման պարագայում, իրացնելով մեր սահմանադրական իրավունքը, դադարեցնելու ենք մեր կլինիկական գործունեությունը մանկական արյունաբանության և ուռուցքաբանության ծառայության շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 1-ից։ Մեր որոշման մասին հայտնում ենք կանխավ՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և երեխաների կյանքը չվտանգելու նպատակով բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար», – ասված է բուժաշխատողների նամակի մեջ։
Նամակի տակ ստորագրել են հաստատության 36 բուժաշխատողները, այդ թվում՝ բաժանմունքների վարիչները, բուժող և հերթապահ բժիշկները, բուժքույրեր և այլն։
Նշենք, որ Սամվել Դանիելյանը Արյունաբանական կենտրոնի տնօրեն է նշանակվել անցյալ տարի՝ այն ժամանակ դեռևս Արսեն Թորոսյանի խորհրդական Գևորգ Թամամյանի հորդորով։ Արյունաբանականի նախորդ տնօրենի, ով այժմ մեղադրվում է յուրացումներ անելու մեջ, պաշտոնանկությունը ևս որոշակի դիմադրության էր արժանացել հաստատությունում աշխատող բժիշկների կողմից։