Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի քանի ժամ առաջ «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում «Մի փոքրիկ պատմություն մի մեծ կենտրոնի մասին։ Կամ ինչպես էին նախկինում կատարվում ներդրումները Ուռուցքաբանության ազգային կենտրոնում» գրառման տակ երկու լուսանկար է տեղադրել․ մեկը՝ «Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժնում ծագած խնդիրների և ներդրումային ծրագիր․ զեկույց» վերնագրով, մյուսը՝ մակագրված «Վարան Արմենիա» ՓԲԸ-ին։
Մինչ այդ նա ամփոփիչ ասուլիսի էր եկել, որի մեկնարկից քիչ անց, սակայն, հեռացել էր։ Ասուլիսին ներկա էր նաև Թորոսյանի՝ ուռուցքաբանության գծով նախկին խորհրդական, Ռ.Հ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամանյանը։ Նախկին խորհրդականը նախարարից առաջին հարցի իրավունք խնդրեց։ Թամանյանը սկսեց․ «Մեր հարկերով պաշտոն եք զբաղեցնում և պարտավոր եք այս հարցերին պատասխանել․․․»։ Նախադասության կեսից Արսեն Թորոսյանը վեր կացավ և հեռացավ տարածքից՝ նշելով, որ Գևորգ Թամամյանը տապալում է իր ասուլիսը։
Նշենք, որ երեկ գործից ազատվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը, ինչի մասին նախարարը խոսել էր «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում։
Ասուլիսից հետո հրապարակված փաստաթղթում, մասնավորապես, ասված է, որ մոտ երեք տարի առաջ իրանական «Վարան Փարթո Դարման» ընկերությունը Հայաստան այց է կատարել, ծանոթացել վիճակագրական տվյալների, ըստ որոնց, տարեկան քաղցքեղով հիվանդության ավելի քան 7000 նոր դեպք է ի հայտ գալիս․ ինչպես նաև համաշխարհային վիճակագրության սանդղակում քաղցկեղից մահացության դեպքերի առումով երկիրը զբաղեցնում է առաջին հորիզոնականները․ «Հարկ է նշել, որ Հայաստանում քաղցքեղի բուժման միայն մեկ ազգային կենտրոն կա՝ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը։ Ներկա պահին հիվանդանոցում գտնվող երեք ռադիոթերապիայի սարքերից երկուսը ենթակա չէ շահագործման, և միայն մեկ պարզունակ սարք է աշխատում, որը թե՛ որակական, թե՛ քանակական առումով չի կարող բավարարել այս երկրի քաղցկեղի բուժման պահանջները։
Ուստի որոշեցինք հայկական կենտրոններում Վարիան ընկերության ոադիոթերապիայի սարքավորումներով համալրելու գործում խոշոր ներդրումներ կատարել։ Ընկերների միջոցով ծանոթացանք կենտրոնի տնօրեն՝ պարոն Արմեն Տանանյանի հետ, որոշվեց ընկերություն գրանցել և մեր գործունեությունը իրականացնել այդ ընկերության միջոցով։
Ընթացքում բժիշկ Տանանյանը պահանջեց ընկերության բաժնետոմսերի հիսուն տոկոսը, քանի որ ի սկզբանե սարքի ձեռքբերման ամբողջ ծախսերը մեր կողմից պետք է կատարվեր, ուստի առարկեցինք բաժնետոմսերի այդ քանակի վերաբերյալ և պատասխանը այն եղավ, որ Հայաստանում, ցանկացած ներդրումների պարագայում, հարկավոր է բաժին հատկացնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, և պահանջված հիսուն տոկոս բաժնետոմսերի մի մասը հատկացվելու է երկրի բարձրաստիճան ղեկավարի շրջապատին։
Եվ քանի որ մենք արդեն Վարիան ընկերությանը սարքը պատվիրեն էինք և կանխավճար էր կատարվել, ստիպված համաձայնվեցինք, իհարկե, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կատարված ոչ պաշտոնական քննարկումների արդյունքում, բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությունն այս գործում հաստատվեց։ ԻՐԱ ՄԵԴԻՔԼ ԳՐՈՒՊ ընկերության հիսուն տոկոս բաժնետոմսը հատկացվեց պարոն Հայկ Տանանյանին, որը Արմեն Տանանյանի եղբայրն է, ըստ պայմանագրի Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնից վարձակալվեց ռադիոթերապիայի բաժնի տարածքի մի մասը, որպեսզի սարքը գործի հիվանդանոցից անկախ։ Մենք համաձայնվեցինք, որ կվճարենք սարքի ձեռքբերման ամբողջ ծախսը, և հակառակ կողմը պետք է կատարի վարձակալված տարածքի վերանորոգման ծախսերը, նաև ձեռք բերի մի շարք սարքավորումներ, որոնց թվում են՝ UPS, հովացման համակարգ և բունկերի դուռ։ Երկու կողմի կատարած ծախսերը փոխհատուցվելու էին սարքի շահագործման եկամուտից։
Եվ արդեն ծախսերի և ապրանքների ձեռքբերման ժամանակ պարոն Արմեն Տանանյանը հայտարարեց, որ երկրում կայացած ընտրությունների ժամանակ մեծ գումարներ է ծախսել և չի կարող իր խոստացած ներդրումը կատարել, պարտավորված այդ գումարները ևս մենք վճարեցինք, նույնիսկ բունկերի դուռը Իրանում պատրաստվեց, հովացման համակարգի, տեսախցիկների, UPS֊ի տեղադրման էլեկտրական աշխատանքների համար մասնագետ հրավիրեցինք Իրանից, և մինչև գործի ավարտը՝ հայկական կողմն անգամ մեկ դրամ չի ներդրել այս նախագծում։ Նաև շրջանառվող կապիտալի համալրման անհրաժեշտ միջոցների համար դիմել ենք Հայբիզնեսբանկին, և քննարկման արդյունքում բանկը համաձայնվել է տրամադրել Վարան Արմենիա ընկերությանը վարկային գիծ՝ երաշխավորված վերոնշյալ սարքի գրավադրմամբ։ Սակայն պարոն Տանանյանը, պահանջելով, որ բանկից ստացված գումարի կեսը պետք է հատկացվի իրեն, այս հարցի հետ չհամաձայնվեց և ներկա պահին վարկային գիծը չի հաջողվել ստանալ։
Կենտրոնում տեղադրված սարքը հանդիսանում է ռադիոթերապիայի ոլորտի 2017 թվականի լավագույն և նորարար սարքերից և կարող է Հայաստանում քաղցքեղով հիվանդներին մատուցել բարձր մակարդակով և արդյունավետ բուժման ծառայություն։
Նախքան սարքի տեղադրման աշխատանքների ավարտը, բժիշկ Արմեն Տանանյանը անընդհատ հայտնում էր, որ նախկին նախագահականի կազմի կողմից ճնշման տակ է՝ սարքի արագ շահագործման հանձնելու հարցում, նաև պայմանավորվել էին, որ բացման արարողությանը ներկա գտնվեն ԻԻՀ առողջապահության փոխնախարարը, մի շարք իրանցի ռադիոթերապիստներ, որոնց ընթացքում պետք է հրավիրեինք նաև համագործակցության համար, ինչպես նաև ԻԻՀ դեսպանը և դեսպանատան կազմը։ Ցավոք, մեկ օր նախքան կենտրոնի բացումը, բժիշկ Արմեն Տանանյանը հայտարարեց, որ, համաձայն նախագահականի հայտարարության, դեսպանի, Իրանի առողջապահության ոլորտի բարձրաստիճան հյուրերի, բժիշկների մուտքը արգելված է, և մեր ներկայությունն էլ սահմանափակվում է»։