հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Հայաստանում երեխաների մուտքը մանկատներ կանխելուն ուղղված հուշագիր է ստորագրվել

Հայաստանում երեխաների մուտքը մանկատներ կանխելուն ուղղված հուշագիր է ստորագրվել

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարությունները և «Բարի մամա» հասարակական կազմակերպությունն ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր, որն ուղղված է մանկատներ երեխաների մուտքը կանխելուն և ընտանիքում ապրելու նրանց իրավունքի ապահովմանը:

«Այս հուշագրի ստորագրումը վերահաստատում է մեր և մեր գործընկերների պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով նպաստել առողջական խնդիրներ ունեցող երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելուն և երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը: Կանխարգելումը չափազանց կարևոր է, որովհետև մանկատանը հայտնվելուց հետո երեխայի վերադարձն ընտանիք կրկնակի բարդանում է», – եռակողմ հուշագրի ստորագրման ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախարարը նշել է, որ այս հարցում համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ պետությունը և հասարակության գերակշիռ մասը կարևորում են երեխայի՝ ընտանիքում, համայնքում ապրելու իրավունքը, ինչը, սակայն, շատ դեպքերում խոչընդոտվում է մի շարք դժվարություններով, որոնց հաղթահարումը հնարավոր կլինի միայն համատեղ ջանքերով՝ վերապատրաստումների, կարողությունների զարգացման, համայնքային ծառայությունների որակի բարելավման միջոցով։

Այս գործընթացում, ասել է Բաթոյանը, կարևոր է հասարակական կազմակերպությունների և անհատների կուտակած փորձը, որը կարող է պետական քաղաքականության հիմք դառնալ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ քաղաքակիրթ աշխարհը ձգտում է ձերբազատվել հատուկ տիպի խնամքի հաստատություններից՝ հատկապես մանկատներից. «Ես կարծում եմ, որ մեր պետական քաղաքականությունը ևս պետք է ուղղված լինի այն հեռանկարին, որ մեր երկրում չպետք է լինեն երեխաներ, ովքեր զրկված կլինեն ծնողական խնամքից: Այս հուշագրի շրջանակներում մենք փորձելու ենք սկիզբ դնել մի գործընթացի, որ երկար տարիներ թերացել է: Խոսքը ծննդատներում երեխաներից հրաժարվելու դեպքում ընտանիքներին աջակցության տրամադրումն է՝ հոգեբանական, սոցիալական և առողջապահական, որպեսզի նրանք վստահ լինեն, որ բավարար ուժեղ են՝ իրենց երեխային չլքելու համար»:

Թորոսյանը հայտնել է նաև, որ հուշագրի շրջանակներում, «Բարի մամա» ՀԿ-ի աջակցությամբ բուժաշխատողների վերապատրաստում կկազմակերպվի, որպեսզի նրանք, ծնողների հետ ուղիղ աշխատանքի միջոցով, կարողանան օգնություն ցուցաբերել՝ որոշում կայացնելու գործընթացում: Բացի այդ, փորձ է արվելու լուծել ժամանակավոր կացարանի հարցը, որպեսզի այն ծնողները, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողանա ընտանիք վերադառնալ, կացարան ունենան:

«Բարի մամա» հասարակական կազմակերպությունը վերջին հինգ տարիներին կարողացել է կանխել 107 երեխաների մուտքը մանկատուն: Կազմակերպության ջանքերով ստեղծված «Բարի տնակում» այսօր ապրում է 4 կին՝ 6 երեխաների հետ: Նախարարներ Բաթոյանի և Թորոսյանի կարծիքով՝ այս թիվը չափազանց տպավորիչ է, իսկ կազմակերպության նման փորձը կարող է դառնալ պետական քաղաքականության լավ հիմք։

«Վերջին 5 տարիներին մեր կազմակերպությունը զբաղվել է երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, ընտանիքներին և երեխաներին աջակցելու գործով, սակայն այդ ամենն արվել է բացառապես կամավորական հիմունքներով: Այսօր՝ այս հուշագրի ստորագրմամբ, մենք թղթին ենք հանձնում բազմաթիվ կյանքեր, որ արդեն փոխվել են, և շատ երեխաների պատմություններ, ովքեր կարող են և պետք է ապրեն ընտանիքներում: Սա նշանակում է, որ մենք այլևս միայնակ չենք՝ այս ճանապարհին: Սա նաև նշանակում է, որ երեխաներն ու ընտանիքները կարող են հույս դնել պետության աջակցության վրա», – ասել է հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Ադուլյանը: