Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 8 հատուկ դպրոցներում, 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունում և 1 մանկատուն կատարած մշտադիտարկման այցերի արդյունքները: Հատուկ դպրոցներում արձանագրվել են առանց օրինական հիմքերի երեխաների հայտնվելու դեպքեր, երեխաների միջև բռնության, աշխատանքի շահագործման մասին տվյալներ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող հաստատություններում արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝
- երեխաների նկատմամբ և երեխաների միջև բռնության, ինչպես նաև աշխատանքի շահագործման մասին տվյալներ
- դեղերի պահպանման և խոտանման կարգի խախտումներ
- խոհանոցային տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի հետ կապված խնդիրներ
- հայտնաբերվել է ժամկետանց սնունդ, ինչպես նաև դեպքեր, երբ երեխաներին չի տրամադրվել բավարար քանակությամբ ձկնեղեն, կաթնամթերք և միրգ
- հաստատությունների ննջասենյակներում եղել են գերբնակեցման դեպքեր
- հայտնաբերվել են թերություններ՝ կապված գրեթե բոլոր հաստատություններում ընդունելության փաստաթղթերի հետ (օրինակ՝ առկա չեն եղել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրեր, ծնողների դիմումներ, ուղեգրեր)
- հատուկ նպատակով նախատեսված մեկուսարանները օգտագործվել են որպես պահեստ, իսկ մեկուսարաններում գտնվող անկողնային պարագաները եղել են սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում: Անգամ մեկ դեպքում հայտնաբերվել են կրծող կենդանիների արտաթորանքներ
- մի շարք հաստատությունների գործունեությունը չի համապատասխանում այդ հաստատության համար սահմանված տիպին
- արձանագրվել են լոգարանների պատուհանների թափանցող ապակիներ, որի պատճառով լոգարանի ներսի հատվածը տեսանելի է եղել նույն հարթության վրա գտնվող բակից
- արձանագրվել են դեպքեր, երբ զուգարանակոնքերն առանձնացված չեն եղել միջնորմերով
- սանհագույցներում հիմնականում բացակայել է զուգարանի թուղթ, հեղուկ օճառ և այլ սանիտարահիգիենիկ պարագաներ
- մի շարք հաստատությունների ննջասենյակներում վարագույրներ կախված չեն եղել, բացակայել են ներքնակներ, անձնական հիգիենայի պարագաներ, հայտնաբերվել են աղտոտված անկողնային պարագաներ, անբավարար քանակությամբ կողապահարաններ
- աշխատանքային ժամերից հետո հաստատություններում բուժանձնակազմ, որպես կանոն, չի լինում
- շենքային պայմանները հիմնականում հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար
- որոշ հաստատություններում բացակայել են բողոքարկման արկղեր և բողոքարկման ընթացակարգեր նախատեսված չեն եղել և այլն։
Առանձին հաստատությունների հետ կապված արձանագրվել են նաև դրական զարգացումներ: