Առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Կառավարության առջև մարդ գրեթե չկար։ Հինգշաբթի` գործադիրի նիստերի օրերին, մարդիկ ավանդապես հավաքվում են Կառավարության մոտ՝ դիմումներ ներկայացնելու կամ իրենց բողոքն արտահայտելու։ Շենքի դիմաց կուտակված լրագրողները սպասում էին հավանական ցուցարարներին։
Սովորականից լուռ էր․ ցուցարարներից միայն իջևանցի մի տղամարդ էր՝ փոքրիկ պաստառով, որի վրա ներկայացված էր Իջևանի քաղաքապետի՝ իր նկատմամբ կայացրած անարդար որոշման պատմությունը։ Կողքին՝ տարեց մի կին, որը ամեն հինգշաբթի գալիս է Հանրապետության հրապարակ՝ հայտարարելու, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցի միասեռական է։
Կես ժամ հետո շքերթով հրապարակ մտավ Մանուել Մանուկյանը՝ մոտ տասը թիմակիցների հետ։ Մանուկյանը հեղափոխությունից հետո աչքի է ընկնում հակակառավարական բազմապրոֆիլ գործունեությամբ՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարից սկսած և 90-ականներին անհայտ կորած ազատամարտիկների հարազատների համար նյութական փոխհատուցում պահանջելով ավարատած։ Սովորաբար ներկայանում է որպես «Ապրիլյան պատերազմի» մասնակից։ Համավարակի ընթացքում մի քանի գործընկերների հետ միասին նոր դաշտ է գտել՝ «Ոչ վարկային թալանին» խորագրի ներքո։ Արտակարգ դրության ընթացքում ցույցեր էին անում Կենտրոնական բանկի դիմաց՝ պահանջելով վարկային արձակուրդ, թեև բանկերի մեծ մասը այն արդեն իսկ տրամադրել էր։ Մի քանի անգամ հանդիպել են Կառավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց եկել էին Հանրապետության հրապարակ՝ հայտարարելու, որ վարչապետը թաքնվում է իրենցից («ժողովրդից») և խուսափում է հանդիպումից։
Հպարապակ մտնելուց հետո Մանուկյանը, դիմելով իր հետ եկածներին, հրահանգեց․ «Բաձրացրեք պաստառները, գնացինք լրագրողների մոտ»։ Բարձրախոսով նախ հայտարարեց, որ կառավարությունը դավաճանում է հեղափոխությանը, իսկ ինքը՝ պաշտպանում։ Հետո կոչ արեց «սիրելի հայրենակիցներին» տասնյակ հազարներով փողոցներ դուրս գալ, ճանապարհներ փակել՝ պահանջելով մեկ տարվա «վարկային արձակուրդ»․ «Կառավարության դահլիճում նստածները ի՛մ աշխատողներն են, ի՛մ ծառայողներն են, և նրանք չեն կարող խուսափել ինձ ենթարկվելուց և իմ պահանջները կատարելուց»։
Մինչև Մանուկյանը շարունակում էր խոսել, հրապարակ մտան 10-15 հոգի, որոնցից յոթը պաստառ կամ դրոշակ էր պահում, մեկը նախապատրաստում էր իր ելույթը, երեքը՝ հրահանգներ էին տալիս․ «Ծածանի՛ դրոշը», «Պաստառները բարձր պահե՛ք», «Էլեն ջան, սկսի՛»։
Էլենը սկսեց․ «Ձեռքներդ հեռու հայոց լեզվից։ Այո՛ հայ ինքնությանը։ Ձեռքներդ հեռու ապագայի զինվորներից։ Այո՛ ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Այո՛ հայագիտությանը․․․»։
Պարզվեց՝ «Ազգային օրակարգ» կուսակցությունն է։ Էլենի ելույթից հետո կուսակցության խորհդի նախագահ Արա Հակոբյանը կանգնեց պաստառների առջև․ «Սպասենք լրագրողներին»։ Քիչ անց լրագրողները հավաքվեցին։ Հակոբյանի ճեպազրույցը սկսվեց։ Իմացանք, որ «եղած իշխանությունը և անհատական, և ընդհանրական պատասխանատու է կատարվողի համար»։ Կատարվողը կրթական բարեփոխումներն էին։ Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը «Ազգային օրակարգին», պարզվեց, այլևս չի բավարարում, ուզում են, որ ամբողջ կառավարությունը հեռանա՝ բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ պատգամավորները։
Ի՞նչ է կատարվում հարցի պատասխանը փորձեցինք գտնել հետևում կանգնած մարդկանցից․ կանանցից մեկը խորհուրդ տվեց հարցերի պատասխանը փնտրել իրենց ֆեյսբուքի էջում․ «Կոնֆերանս էլ է եղել»։
Էջում շատ բան չկար․ կուսակցության առաջնորդի հարցազրույցներն էին, մանիֆեստ, հռչակագիր և մի քանի նյութեր վերջերս տեղի ունեցած «կոնֆերանսից»՝ նվիրված ԿԳՄՍ նախարարության հրապարակած նոր չափորոշիչներին, որոնք, ինչպես կարելի է կռահել, ներկայացվում են որպես դավադիր ծրագիր՝ հայ ինքնության և «հայ դավանանքի», և «ապագա հայ զինվորների» ներկա ռազմահայրենասիրության դեմ։
Հիշյալ «կոնֆերանսին», ի դեպ, մի քանի օր առաջ ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Փոխնախարարւ, նախ, նշել էր, որ կոնֆերանսին նախարարությունն չի հրավիրվել․ «Եթե նախարարությունը մասնակցեր, հնչած ապատեղեկատվության շքերթը սկզբից ևեթ կընդհատվեր և նախաձեռնողները կհայտնվեին մեղմ ասած վատ վիճակում»։ Ապա՝ մանրամասնորեն անդրադարձել ոչ միայն «ապատեղեկատվության շքերթի» բովանդակությանը, այլև դրա հեղինակներին։ Գրառումը կարելի է կարդալ այստեղ։