Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել։
«Մուսավաթից» ահազանգել էին՝ մարտի 10-ին անհետացել է կուսակցության անդամ, շրջանային գրասենյակներից մեկի փոխղեկավար Նաթիգ Մեհթին (Ուլուբեյ)․ նրա մեքենան չկա, հեռախոսը չի պատասխանում։
Հարազատներն օրեր առաջ դիմել են ոստիկանություն։ Նրանք փորձել են տեղեկանալ ընդդիմադիր գործչի հնարավոր ձերբակալության մասին (տարեսկզբին Ադրբեջանում ուժգնացել են լրագրողների, այլախոհների և մահմեդականների դեմ ռեպրեսիաները), բայց պաշտոնական մարմիններից պատասխան չեն ստացել։
Քիչ առաջ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ հայտնաբերել են անհետացած ընդդիմադիրի դին։ Կա մեկ ձերբակալված։
Թուրան գործակալության փոխանցմամբ՝ սպանվածն աշխատում էր Բաքվի հանրակրթական դպրոցներից մեկում՝ որպես անվտանգության աշխատակից, սպանության մեջ մեղադրվում է նրա «համածառայակից» Էլսևեր Իսլամովը։ Մոտիվները ստույգ հայտնի չեն։
60-ամյա Նաթիգ Մեհթին «Մուսավաթի» Սաբայիլի շրջանի (Բաքու) գրասենյակի փոխղեկավարն է եղել։ Ապրիլին նա առաջադրվել է կուսակցության ղեկավարի պաշտոնում, համագումարից առաջ ինքնաբացարկ է ներկայացրել։ «Մուսավաթի» ակտիվիստներից մեկը, որը մտերիմ է եղել սպանվածի հետ, պատմել է՝ Մեհթին երեխաներ չուներ, բաժանված էր, ուներ երկու քույր: «Նաթիգ հանգիստ, ոչ կոնֆիկտային մարդ էր», – ասել է ակտիվիստը։ Ինչու են նրան սպանել՝ տղամարդը չգիտեր։
«Մուսավաթը» Ադրբեջանի ամենահին ընդդիմադիր կուսակցությունն է, հիմնվել է 1911 թվականին, ազգայնական, աջ-կենտրոնամիտ կողմնորոշում ունի։ 1918-1920 թվականներին կուսակցությունը մեծամասնություն է ունեցել Ադրբեջանի առաջին հանրապետության կառավարությունում, ԽՍՀՄ տարիներին արգելվել է և գործել Թուրքիայում։