Երևանի քաղաքապետարանը ձեռք է քաշում Նուբարաշենում նոր աղբավայր կառուցելու ծրագրից՝ այսօրվա ավագանու նիստին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
2014-ից ի վեր փոփոխվող քաղաքային իշխանությունները խոստանում են եվրոպական ստանդարտներին համապատասխան, սանիտարական աղբավայր կառուցել։
Նուբարաշենում և Աջափնյակում գործող երկու աղբավայրերը փակելու և նորը կառուցելու համար 2015 թվականին Հայաստանը 8 միլիոն եվրոյի վարկ է փոխառել Եվրոպական վերակառուցման և Զարգացման բանկից (ՎԶԵԲ)՝ 1% տոկոսադրույքով, և 8 միլիոն եվրո Եվրոպական ներդումային բանկից՝ 0.34% տոկոսադրույքով։ Նախագծի համար Հայաստանը նաև 10 միլիոնի եվրոպական դրամաշնորհներ է ստացել։ ՎԶԵԲ կայքի համաձայն՝ վարկը գնտվում է մարման փուլում (repaying):
«Անկեղծ ասած,14 թվականից ի վեր այս ծրագիրը կյանքի կոչելու բազմաթիվ փորձեր են արվել, ոչ մի անգամ չի ստացվել։ Այս տարի որոշել ենք ծրագիրը չեղարկել առհասարակ», – հայտարարել է Տիգրան Ավինյանը։
Նոր աղբավայր կառուցելու փոխարեն 10 տարվա ընթացքում «գիտելիք է կուտակվել»։ Այդ գիտելիքը պահվում է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ում, և դրանով է այսօր արդարացվել Երևանի բյուջեից ընկերությանը 10 միլիոն 750 հազար դրամի փոխանցումը։
«Այս գումարն ամեն տարի տալիս ենք այդ ընկերությանը, որում տնօրեն և երևի պահակ է աշխատում։ Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է իմաստը այդ մարդկանց գումար փոխանցելու», – հարցրել էր ավանագու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։
Վերոնշկալ ՓԲԸ-ն ստեղվեծվել է ՎԶԵԲ-ի հետ պայմանագրի պահանջներով։ Այն պիտի լիներ ենթավարկառուն և վարկերի վերադարձի պատասխանատուն՝ չկառուցվելիք աղբավայրից ստացված եկամուտների հաշվին։ Սակայն եկամուտների մասին մտածելը վաղ է, քանի դեռ քաղաքապետարանին չի հաջողվում գտնել կառուցապատող։ Վերջին նման մրցույթը հայտարարվել է 2022 թվականին և չեղարկվել՝ հանրությանը անհայտ պատճառներով։
Մինչ աղբավայրի ծրագրի ձախողման մասնրամասները պարզվեն, քաղաքապետարանը ՎԶԵԲ-ի հետ համագործակցության նոր տարբերակներ է քննարկում։ Փոխքաղաքապետն այսօր ընդունել է Եվրոպական վերակառուցման և Զարգացման բանկի պատվիրայությանը, այս անգամ էլ մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրն են քննարկել։
Այժմ Երևանի աղբը կուտակվում է Նուբարաշենում 30հա մակերեսով տարածքում, որ չի նախագծվել որպես աղբավայր։ Որոշ հաշվարկներով, այնտեղ օրական 1000-1200 տոննա աղբ է բերվում։ Թեև Երևանի որոշ վարչական շրջաններում նոր աղբամաններ են դրվել՝ թափոնները տեսակավորելու համար, աղբավայրում տեսակավորման համակարգ չկա։ Թափոնները բաց տարածքում են և հաճախ են հրդեհների պատճառ դառնում։ Անցյալ տարվա մայիսին բռնկված հրդեհը հրշեջները չէին կարողանում մարել շուրջ տաս օր։