Նուբարաշենի աղբավայրի կողքին վարկային գումարներով կառուցվող նոր աղբավայրը լինելու է անտառային հողերի վրա։ Տարիներ առաջ այդ տարածքում անցկացվել են ջրագծեր, տնկվել են ծառեր, ծախսվել են գումարներ։ Այս մասին գրում է Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ)` ընդգծելով, նոր աղբավայրը լինելու է ժամանակավոր և ունենալու է մոտ 30 տարվա կյանք, որից հետո նորից կարիք է առաջանալու կառուցել նորը։ Իսկ աղբի վերամշակում և տեսակավորում այդպես էլ չի կատարվելու։
Դեռևս 2006-2008 թվականներին «Անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի» ֆինանսավորմամբ Նուբարաշենի նոր աղբավայրի տարածքում իրականացվել է պոմպակայանի և ոռոգման ցանցի վերակառուցման, ցանկապատման և անտառպուրակի հիմնադրման աշխատանքներ: Տնկվել են ծառեր, որոնք սակայն չորացել են (15%-ն է միայն հաջողել):
«Փաստորեն այդքան գումար է ծախսվել, անց են կացվել ջրագծեր, տնկվել են ծառեր և փաստորեն ամեն ինչը ջուրը պետք է գցեն, հողաշերտը պետք է մաքրվի և աղբավայր կառուցվի», – ՀԲՃ֊ի կայքի պատրաստած տեսահոլովակում ասել է բնապահպան Սոֆյա Մանուկյանը։
Ավելի վաղ կայքը գրել էր, որ դեռևս 2015 թվականին հուլիսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել էր վարկային պայմանագիր, որով բանկը տրամադրում է 8 միլիոն եվրոյի վարկ (քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մասնավոր ընկերությանը) Նուբարաշենի կողքին նոր աղբավայր կառուցելու համար: Աղբավայրը կառուցվելու է 29 հեկտար տարածքում 28 տարվա շահագործման նպատակով:
Լրացուցիչ 8 միլիոն եվրո վարկ տրամադրում է նաև Եվրոպական ներդրումային բանկը և ևս 8 միլիոն եվրո էլ տրամադրվում է ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի կողմից գրանտի տեսքով: Նպատակն է` Նուբարաշենի չկարգավորվող աղբատեղին «տեխնիկական և բնապահպանական անթույլատրելի ստանդարտներից վերածել նոր սանիտարական աղբավայրի, որը կհամապատասխանի ԵՄ ստանդարտներին»: Սակայն ԵՄ ստանդարտներից կարևորը, այն է՝ աղբի տեսակավորում և վերամշակում, նոր աղբավայրում չի նախատեսվում։