Վերջին տարիներին շատ է խոսվում երկրագնդի պլաստիկ աղտոտման մասին։ Աղտոտման հետևանքով մահացած կենդանիների, ինչպես նաև պլաստիկ թափոններով լի գետերի, ծովերի ու օվկիանոսների լուսանկարները կարելի է գտնել ամենուր։ Այս ամենը կանգնեցնելու համար պլաստիկ փաթեթավորում արտադրողներն առաջարկում են մեկ լուծում․ վերամշակում։ Բայց եթե վերամշակումը իսկապես կարող է լուծել այդ հարցը, ապա ինչու՞ է այժմ աշխարհում ավելի շատ առաջնային պլաստիկ արտադրվում, քան երբևէ։
BBC-ն դոկումենտալ ֆիլմ է նկարահանել պլաստիկ թափոնների համաշխարհային արդյունաբերության կեղտոտ գաղտնիքների մասին: Հետաքննությունը բացահայտել է աղբի բրոկերների, ովքեր փնտրում են նոր երկրներ, որտեղ կարելի է սև շուկայի միջոցով արտահանել անորակ մնացորդները, «աղբի արքաների», ովքեր հարստանում են աղբի ապօրինի այրումից, և կազմակերպված հանցագործների, որոնց համար աղբի շրջանառությունը գրեթե նույնքան ձեռնտու է, որքան մարդկանց առևտուրը։
Իրականում ի՞նչ է տեղի ունենում վերամշակման հանձնած պլաստիկի հետ
«Մենք բացահայտեցինք մի ամբողջ ցանց՝ որի շնորհիվ պլաստիկը այրում են, թաղում, մաքսանենգ ճանապարհով տեղափոխում և նետում աղբանոց։ Այդ դեպքում ինչու՞ են մեզ համոզում վերամշակման օգուտի մեջ, եթե իրականությունն այլ է»։
Երկար փնտրտուքների արդյունքում BBC-ի լրագրողները հասել են Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից 20կմ հեռավորության վրա գտնվող մի ձեռնարկության տարածք՝ բացահայտելով ամենախոշոր արտադրողների, ինչպիսիք են՝ Nestle, PepsiCo, Mars, փաթեթավորումների թափոնները։ Ձեռնարկության աշխատողները պնդում են, որ վերամշակում են պլաստիկը։ Բայց պարզվեց, որ նրանք ոչ թե վերամշակում, այլ՝ այրում են պլաստիկը։
Գրեթե ամեն բան, ինչ գնում ենք խանութից, վաճառվում է պլաստիկ փաթեթավորմամբ։ Ընկերությունների մեծ մասը պնդում են, որ անհանգստանալու կարիք չկա, որովհետև իրենց ապրանքներն այժմ փաթեթավորվում են ամբողջությամբ վերամշակվող պլաստիկից։ Այնուամենայնիվ, սուպերմարկետներում դժվար թե հնարավոր լինի գտնել մի փաթեթավորում՝ պատրաստված վերամշակված պլաստիկից, ասում են BBC-ի լրագրողները տարբեր երկրներում անցկացրած հետաքննություններից հետո։
Տարեկան 150 միլիոն տոննա պլաստիկ փաթեթավորում է արտադրվում և այս թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։
Որտե՞ղ են վերամշակվում պլաստիկ թափոնները
«Անկախ նրանից՝ ինչ են մեզ համոզում փաթեթավորում արտադրողները, պլաստիկ թափոնները արժեքավոր հումք չեն, այլ խնդիր են, որից պետք է ձերբազատվել»։
Շուրջ երկու տասնամյակ Արևմուտքը սրա համար ուներ պարզ լուծում։ Տարեկան 1 միլիոն տոննա պլաստիկ էր արտահանվում Չինաստան։ Արևմտյան երկրները վճարում էին չինացիներին, որպեսզի վերջիններս ընդունեին իրենց վերամշակման ենթակա թափոնները և չէին հարցնում, թե ինչ է տեղի ունենում թափոնների հետ հետո։ Բայց 2018թ․-ին Չինաստանը կանգնեց պլաստիկ թափոնների կոլապսի առաջ և գրեթե ամբողջական արգելք դրեց պլաստիկ թափոնների ներմուծման վրա։
Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան ստիպված եղան նոր ուղիներ գտնել՝ պլաստիկից ձերբազատվելու համար։ Աղբի բրոկերները սկսեցին աղբ ուղարկել Հարավային Ասիայի այլ երկրներ՝ Մալազիա, Ֆիլիպիններ, Վիետնամ, Ինդոնեզիա։ Այս պետությունները հերթով խստացրեցին ներմուծման սահմանափակումները և արդեն 2020թ․-ին Եվրոպայի թափոնների մեկ քառորդը ուղարկվում է Թուրքիա։ Բայց արդյո՞ք ներմուծված պլաստիկը վերամշակվում է։
BBC-ի լրագրողները այցելեցին նաև Թուրքիա՝ ապօրինի աղբանոցների հետքերով։ Արդյունքում բացահայտվեց ապօրինի աղբանոցներից մեկը, որտեղ սև մոխրի շերտի տակ թաքնված էր 3 մետր խորությամբ պլաստիկ թափոնների շերտ:
Բրիտանացիներն ու գերմանացիները վճարում են, որ իրենց աղբը տեսակավորվի, արտահանվի, ինչ-որ ձևով վերամշակվի կամ ոչնչացվի։ Բայց այս ամենն աշխատում է միայն տեսականորեն, գործանականում ամեն ինչ այլ է։
Թափոնների վերամշակման գաղափարի պատմությունը
90-ականների սկզբին զարգացած երկրները բախվեցին թափոնների ուտիլիզացիայի խնդրի հետ․ աղբանոցներում այլևս տեղ չկար։ Եվ այդ ժամանակ Գերմանիայում մակնշման նոր համակարգ ստեղծվեց։ Ապրանքների փաթեթավորման վրա հայտնվեց մի կանաչ նշան, որը նշանակում էր, որ տվյալ պլաստիկը ենթակա է վերամշակման։
Տասնյակ արևմտյան երկրների բնակիչներին հանձնարարվեց տեսակավորել իրենց աղբը տարբեր աղբամաններում, որպեսզի պլաստիկը, թուղթը և մետաղը «նորից վերամշակվեն»։ Այս նոր ենթակառուցվածքի համար վճարում էին հենց այդ բնակիչները՝ որոշ երկրներում հարկերի տեսքով, իսկ որոշներում՝ փաթեթավորման համար գների թանկացման տեսքով։
Թափոնների այրման աշխարհի ամենաառաջադեմ գործարանը գտնվում է Դանիայում։ Այն տարեկան այրում է 400 հազար տոննա թափոն, այդ թվում՝ ամբողջ Եվրոպայից ներկրվող հումքերը։
«Այս վառարանում այրվելու արդյունքում թափոնների 80%-ը վերածվում է գազերի, իսկ մնացածը՝ հիմնականում պինդ զանգվածի կամ խարամի, որն էլ հետագայում ենթարկվում է վերամշակման՝ շինարարության մեջ օգտագործվելու համար»։
Գործարանի տնօրենը պնդում է, որ չնայած նրան, որ աղբն այրելիս առաջանում են մեծ քանակությամբ գազեր և այլ տեսակի վնասակար արտանետումներ, սարքավորումներում տեղադրված են էլեկտրոնային ֆիլտրեր, կատալիզատորներ, գազը մաքրող համակարգեր, ինչի շնորհիվ վնասակար արտանետումների մակարդակը հասցվում է 0-ի։
Այս ֆիլտրերը չեն կարող պայքարել ածխաթթու գազի արտանետումների դեմ։ Նման գործարանների արտանետումների ծավալը ավելի մեծ է, քան նույնիսկ գազի էլեկտրակայաններինը։ Թափոնների էներգետիկ ուտիլիզացիայի արդյունքում Եվրոպայում տարեկան 52 միլիոն տոննա ածխաթթու գազ է առաջանում։ Եվ այս տեսակ գործարաններ շարունակում են կառուցվել ամենուրեք։