հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Երևանի աղբանոցը չի մարում և թույն է արտանետում․ պետությունը լռում է

Երևանի աղբանոցը չի մարում և թույն է արտանետում․ պետությունը լռում է

Նուբարաշենի աղբավայրում հրդեհը դեռ չի մարվել։ 

Համարյա տասը օր է՝ Հայաստանի ամենախոշոր աղբանոցում հրշեջներ են աշխատում, կրակը մինչ օրս ամբողջությամբ չի հանգել։ 50 հեկտարանոց աղբավայրի գրեթե կեսը՝ շուրջ 20 հեկտարն այրվել է։ Աղբավայրը պատված է մոխրագույն ամպով, բնապահպանները ահազանգում են՝ արտանետումները վտանգավոր են մարդու առողջության համար։

Թե ինչից է կրակը բռնկվել՝ հայտնի չէ։  Վարկածներից մեկն աղբավայրում մեթան գազի կուտակումն է, որն առաջանում է թափոնների դանդաղ այրման հետևանքով։ Կուտակման օջախները հեշտությամբ բռնկվում և արագորեն տարածվում են։ Դրանք ջրով մարել չի ստացվում։

Հրդեհը հանգցնում են հողով։ Քաղաքապետարանից հավաստիացնում են, թե մոտ 2000 մեքենա՝ ավելի քան 40 հազար խորանարդ մետր ավազ են լցրել։ Հույս ունեն, որ արդեն վաղը աշխատանքները կավարտվեն։

Առաջին օրը շրջակա միջավայրի նախարարությունը որոշ տվյալներ էր հրապարակել օդում (Կենտրոնում և Նոր Նորք վարչական շրջաններ) փոշու, ազոտի երկօքսիդի, ծծմբի երկօքսիդի պարունակության վերաբերյալ․ նշվում էր, որ որոշ ցուցանիշները գերազանցում են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ 

Բնակիչները չեն տարհանվել նույնիսկ աղբավայրին հարակից շենքերից։ Հստակ տեղեկություն՝ ինչպես պաշտպանվել ծանր մետաղների արտանետումներից, պատասխանատու գերատեսչությունները չեն էլ հրապարակում։

Ավելի վաղ բնապահպանական նախաձեռնությունները և կազմակերպությունները բաց նամակով դիմել էին Քաղաքապետարանին, շրջակա միջավայրի նախարարությանը, տարածքային կառավարման նախարարությանը, ԱԻՆ-ին, առողջապահության նախարարությանը, ՆԳՆ-ին և բնապահպանության տեսչական մարմնին՝ «պատասխանատվություն վերցրե՛ք Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետևանքով Երևանի և հարակից բնակավայրերի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար»։

Հրդեհը բռնկվել է մայիսի 18-ին, մինչ այժմ այն մարել չեն կարողացել, ծուխը հասել է Երևանի փոքր կենտրոն։ 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի մայիսի 19-ի հայտարարության մեջ նշված են տեսական ենթադրություններ առ այն, որ «Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել վնասակար այլ աղտոտիչ նյութեր ևս, ինչպես օրինակ դիօքսիններ, պոլիքլորացված բիֆենիլներ, պոլիարոմատիկ ածխաջրածիններ և այլ աղտոտիչներ»:

Չկա տեղեկատվություն արտանետումների իրական կազմի մասին, որոնք կարող են չափազանց թունավոր լինել մարդկանց համար, քանի որ պարունակում են ոչ միայն թափոնների այրման համար բնորոշ միացություններ, ինչպիսիք են՝ ազոտի օքսիդները, ածխածնի երկօքսիդը, այլև՝ այլ թունավոր միացություններ, որոնք բնորոշ են հին աղբավայրերին, որտեղ կուտակված են մեծ քանակությամբ թափոններ: Ի լրումն  դիօքսինների, պոլիքլորացված բիֆենիլների, պոլիարոմատիկ ածխաջրածինների՝ դրանց ցանկում կարող են լինել ծծումբը, կապարը, սնդիկը, մկնդեղն ու ֆուրաները: Չի ձևավորվել շարժական նմուշառման կայան, որը կհետևեր և կզեկուցեր հենց այս աղտոտիչների պարունակությունը՝ Երևանի մթնոլորտում», – նշված է բնապահպանների տարածած հայտարարությունում։

Աղբավայրերում նման հրդեհների արդյունքում, որպես կանոն, արձանագրվում են բնակչության շրջանում շնչառական, նյարդաբանական, հենաշարժողական համակարգի խնդիրների հետ կապված գանգատներ, հղիների շրջանում վաղաժամկետ ծննդաբերություններ, երեխաների շրջանում՝ իմունային համակարգի և թոքերի ֆունկցիայի խանգարում։

«Այս շարունակական վտանգավոր իրավիճակում աղբավայրին հարակից տների բնակչությունը չի տարհանվել, երեխաները չեն մեկուսացվել։ Չկա հաղորդագրություն այն մասին, թե ով և որ պահին պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի արտանետումներից պաշտպանվելու համար, և առհասարակ որոնք են այդ կանխարգելիչ-պաշտպանիչ միջոցառումները՝ ըստ ազդեցության գոտիների, և արդյոք սկսվել է որևէ հետաքննություն»։

Բնապահպանական նախաձեռնություններն առաջարկել են, օրինակ, ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, վերջապես ապահովել բնակչության անվտանգությունը, տրամադրել ամբողջական անհրաժեշտ տեղեկատվություն։ Առաջարկները առ այժմ մնացել են անպատասխան։