Արշակունյացի վրա հանդիպում եմ մի խումբ կանանց։ Նրանցից մեկը ինձ հետ է խոսում, մյուսները՝ իրար հետ։ «Իրա տաղավարը մինչև վերջ վառվել ա, չկա էլ», «մարդիկ երեխա են թաղում, ես իմ ապրանքի դարդին եմ», «ամոթ ա», բայց «ո՞նց եմ պարտք փակելու»։
«Պահեստի տղերքը Զախարյանին ասում էին՝ վարձը իջացրու, տարածքը սարքենք: Ինքը չուզեց», – ընկերներից լսածի մասին պատմում էր ընկերներիցս մեկը։
«Զախարյանին ի՞նչ կա, – ասում են Արշակունյացի վրա հավաքված կանայք, – Ինքը փող ա աշխատում»։
«Սուրմալու» տոնավաճառը պաշտոնապես կոչվում է «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ, պատկանում է Հայաստանի առաջին օլիգարխներից Ռազմիկ Զախարյանին։
Սովետի օրոք Զախարյանը կոմունիստ էր՝ Կոմկուսի անդամ, Երևանի պահածոների գործարանի տնօրեն։ Սովետից հետո դարձավ անկախ Հայաստանի պատգամավոր՝ «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ, և պահածոների նույն գործարանի սեփականատեր։
Արտադրությունը կանգնեց, արտադրատարածքները վերածվեցին «Սուրմալու» տոնավաճառի։ Արդեն 30 տարի է՝ Զախարյանն այստեղ քարից փող է քամում․ նախկին գործարանը բաժանվել է առևտրային տաղավարների և պահեստների, ամեն քառակուսի մետրը վարձով է տրված։
Տոնավաճառի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության համաձայն, 10 քմ-անոց տաղավարը ամիսը 40 հազար դրամ արժեր։ «Սուրմալուի» միայն փլուզված երկհարկանի շենքը 3500 քմ տարածք ուներ։ «Երևանի պահածոների գործարանը» ՓԲԸ-ն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում 288-րդ տեղն է զբաղեցնում․ 2022-ի առաջին 3 ամիսների ընթացքում տոնավաճառի սեփականատերը շուրջ կես միլիարդ դրամի հարկ է վճարել։ Սա՝ ստվերային գործարքները չհաշված։
Ներդրումներ Զախարյանն առանձնապես չի արել։ 30 տարի շարունակ «Սուրմալու»-ում ո՛չ տարրական սանիտարահիգիենիկ և աշխատանքային պայմաններ կան, ո՛չ էլ անվտանգային համակարգ։ Միլիարդների եկամուտ՝ առանց մինիմալ ծախսերի։
ԱԻ նախարարն այժմ հայտարարում է, թե հրավառությունների նյութերի հրդեհված և պայթած պահեստում շուրջ 4 տոննա պայթուցիկ նյութ կար։ 4 տոննա։ Սա պաշտոնական հայտարարություն է։
Նույն այդ պահեստում չկային հրդեհաշիջման և հակածխային համակարգեր, ազդանշանային սարքեր, հրշեջ ծորակներ, գոնե կրակմարիչներ։ Էլեկտրական գծերն էին անգամ տանիքի վրայով անցկացված, և շենքի որևէ դուռ դեպի դուրս չէր բացվում։ Սա էլ է պաշտոնական հայտարարություն։
Հայաստանցիների հրդեհային անվտանգության համար պատասխանատու տեսչական մարմինը այս խնդիրները դեռևս 1․5 տարի առաջ էր արձանագրել։ Արձանագրել էր, 25-ից 50 հազար դրամի տուգանք էր նշանակել և մոռացել։ Ասում են՝ վերստուգումներ չենք արել, որովհետև ծանրաբեռնված գրաֆիկ ունենք։ Հրաժարական առ այսօր ոչ ոք չի ներկայացրել։
Անցած մեկուկես տարվա ընթացքում սա երկրորդ հրդեհն էր «Սուրմալու»-ում։
Աղքատների մահը էժան ապրանքի իրական գինն է, գրում է Լալա Ասլիկյանը․ «Ոչ մեկիս լեզուն չի պտտվի ասենք, որ սենց բան էլ չի լինի: Բոլորս էլ գիտենք, որ սա կրկնվելու է․․․»։
Օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 16 մարդ է մահացել, 2 հոգի համարվում է անհետ կորած, 60-ից ավել մարդ տուժել է, հարյուրավոր մարդիկ՝ ունեզրկվել։ Մեղադրյալներ չկան։
Գլխավոր դատախազի խոսնակն այսօր հատուկ հայտարարություն է տարածել, որ իմանանք՝ մեղադրյալնե՛ր չկա՛ն։