«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ֆինանսական խախտումների մասով քրեական հետապնդում չի հարուցվել՝ գրել է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։ Սա, ըստ նրա, նախևառաջ խոսում է դատաիրավական համակարգի շատ ցածր մակարդակի մասին։
Ի հավելում լրագրողների բացահայտած կոռուպցիոն չարաշահումներին, որոնք տեղի են ունեցել 2023 թվականին, պարզվել է, որ «Թրասթ աուդիտ» կազմակերպությունը բացասական գնահատական է տվել նաև իշխող կուսակցության 2022 թվականի տարեկան հաշվետվությանը։
Աուդիտորները եզրակացրել են, որ հաշվետվությունը ճշմարիտ չի արտացոլում կուսակցության ֆինանսավորման աղբյուրներին, ծախսերին և պարտավորություններին առնչվող տվյալները։ Եզրակացության հիմքում մի քանի փաստ է դրվել․
1․ 2022-ին ՔՊ-ի նվիրատուներից 5-ը օրենքով ամրագրված սահմանաչափից ավել գումարներ են փոխանցել կուսակցությանը՝ 5,9 միլիոն դրամ։
Նման դեպքերում սահմանաչափը գերազանցած գումարը պետք է հետ փոխանցվի նվիրատուին, եթե հետ փոխանցելու հնարավորություն չկա՝ ավելցուկը պետք է փոխանցվի պետական բյուջե։ Ըստ աուդիտորների՝ ՔՊ-ն օրենքի այս պահանջը չի կատարել, գումարը մնացել է կուսակցության հաշվեկշռին։
2․ 2022-ին անանուն նվիրատուն 2,4 միլիոն դրամի չափով գումար է փոխանցել ՔՊ-ին։ Անանուն նվիրատվություններն օրենքով արգելված են։ Նման դեպքերում կուսակցությունը պարտավոր է գումարը փոխանցել պետական բյուջե։ ՔՊ-ի տարեկան հաշվետվությունից երևում է, որ այդ պահանջը չի կատարվել։
3․ «Քաղաքացիական պայմանագրի» քարտային հաշվից 2022-ի ընթացքում 11,3 միլիոն դրամի կանխիկացում է կատարվել։
Սա օրենքի խախտում է։ Կուսակցությունների մասին օրենքը պարտադրում է՝ բոլոր գործարքները պետք է կատարվեն անկանխիկ։
4․ Աուդիտորական կազմակերպության եզրակացության համաձայն, 2022-ին ՔՊ-ն 207․2 միլիոն դրամի նվիրատվություն է ստացել, բայց ֆինանսական հաշվետվության համապատասխան տողում ներկայացրել է դրա ընդամենը 168․7 միլիոնը։
5․ 2022-ի ընթացքում կուսակցությունը 9․3 միլիոնի անդամավճար է հավաքել։ Անդամավճարների թիվն ուռճացվել է։ Հաշվետվությունում կուսակցությունը գրել է, թե հավաքված անդամավճարները կազմել են 24,6 միլիոն։
6․ Աուդիտի համաձայն՝ 2022-ի արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» 4,2 միլիոն դրամի հարկային պարտքեր է ունեցել, որը չի արտացոլել հաշվետվության մեջ։
7․ Կուսակցությունը իր տարեկան հաշվետվության «մուտքեր» բաժնում չի արտացոլել 23,7 միլիոն դրամի չափով նվիրատվությունները և մոտ 23 միլիոն դրամի չափով ելքերը։
8․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը 2022-ին 15,5 միլիոն դրամի չափով գույքի վարձակալական պայմանագրեր է կնքել 11 անձանց հետ։ Աուդիտորական կազմակերպությունը փաստել է՝ վարձակալության պայմանագրերը հասանելի չեն եղել, ուստի՝ դրանց շուկայական արժեքները ստուգել և գնահատել հնարավոր չէր։
Կուսակցությունների ֆինանսավորմանն առնչվող պրոցեսները ստուգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ)։ Աուդիտի արդյունքները ստանալուց հետո ԿԿՀ-ն պարտավոր է ստուգել դրանք և համապատասխան իրավական գործընթաց նախաձեռնել։ Աուդիտի և ԿԿՀ ստուգման արդյունքում կարող է վարչական վարույթ նախաձեռնվել, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ԿԿՀ-ը կարող է դիմել դատախազություն։
տե՛ս Հակակոռուպցիան մնացել է գործ տվողների հույսին
Սիվիլնեթի տվյալներով՝ Հանձնաժողովը աուդիտի եզրակացությունը մարտին է ստացել։ Ստուգման գործընթացը մինչ այժմ ավարտված չէ։ Պատասխանելով լրատվամիջոցի հարցին՝ հանձնաժողովից տեղեկացրել են, որ մարտի 22-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաշվետվության ու աուդիտորական եզրակացության ստուգումը երկարաձգվել է 60 օրով։ Հանձնաժողովի ստուգման արդյունքները չեն կարող հունիսի 30-ից ուշ հրապարակվել։
մինչ այդ
Դեռևս փետրվարին Ինֆոքոմը, ուսումնասիրելով Երևանի ավագանու վերջին ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքին մասնակցածների շրջանակը, եզրակացրել էր՝ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ են ուղղվել ՔՊ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը։
Պարզվել է, որ
— 2․5 միլիոն դրամ «փոխանցածների» մի մասը տեղյակ չէ՝ ում և ինչ է փոխանցել։
— Խոշոր նվիրատուների շարքում են նախկին հանրապետական, Ջերմուկի նախկին քաղաքապետ, գործարար Աշոտ Արսենյանի, «Ջրաշխարհի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձինք և «Երեմյան փրոջեքթսի» աշխատակիցները։ Գումարը, ըստ ամենայնի, անձնական չէր։
— «Նվիրատվությունները» փոխանցվել են իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկի» միջոցով։
ՔՊ-ն երկար ժամանակ հրաժարվում է հրապարակել նվիրատուների ցանկը։ Լրագրողների բացահայտումից հետո էլ կուսակցությունից արձագանքել էին, որ ոչինչ չգիտեն, ոչ մի բանից տեղյակ չեն, նույնիսկ զարմացած են, դեռ պետք է հետաքննեն:
«Անկախ դիտորդ» առաքելությունն այն ժամանակ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։
Ավելի ուշ՝ մարտին, Սիվիլնեթը և OCCRP-ը, ուսումնսիրելով իշխող կուսակցության 2021 և 2022 թվականների հաշվետվությունները, պարզել էր, որ ՔՊ-ին այդ ընթացքում նվիրատվություն կատարած տասնյակ անձինք տեղյակ չեն, որ առհասարակա նվիրատու են եղել, բազմաթիվ դեպքերում նրանց եկամուտները ուղղակի չէին համապատասխանում նվիրատվության բարձր չափերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ավելի ուշ խոսելով իր ղեկավարած կուսակցության ֆինանսավորման գործընթացում մեքենայությունների մասին, չարաշահումներն անվանել էր կուսակցության կազմակերպչական թերացում, որը չի հատել Քրեական օրենսգրքրի համապատասխան կետը։
չի կարող նման բան լինել
«Չի կարող լիարժեք ժողովրդավարական համարվել մի երկիր, որում իշխող կուսակցությունը ունի ապօրինի ֆինանսավորում, հաշվետվության մեջ թաքցրել է տասնյակ միլիոնավոր դրամների մուտքեր, ապօրինաբար կատարել է կանխիկ գործարքներ և պետական բյուջե չի փոխանցել մի քանի միլիոն դրամի գումար (որ պետք է փոխանցեր)։
Եվ սա անում է մի կուսակցություն, որը հայտարարությունների մակարդակում պայքարում է երկրում կանխիկի ապօրինի շրջանառության ու քաղաքականության ապօրինի ֆինանսավորման դեմ, իսկ պետական բյուջեին «գցողներին» դավաճան է համարում», – մեկնաբանել է Դանիել Իոաննիսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն առաջնորդում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, սեփական հաստատության «կազմակերչական թերացումներին» այսօր չի անդրադարձել: Ելույթ ունենալով «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին», Փաշինյանը հայտարարել է, թե 2018 թվականի հեղափոխությունից հետո «ժողովրդավարությունը Հայաստանում իսկապես իրականություն է դարձել», ընտրություններն այսուհետ արդար են և թափանցիկ, հսկայական առաջընթաց կա նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։