Home / Ազգային ժողով / «Ջերմուկն» ու Գռզոն գտել էին ՔՊ-ին ապօրինի փող տալու ձևը

«Ջերմուկն» ու Գռզոն գտել էին ՔՊ-ին ապօրինի փող տալու ձևը

«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական դրամահավաքի ժամանակ նվիրատվություն կատարելու սահմանաչափը խախտելու (շրջանցելու) փաստի առթիվ։

«Ինֆոքոմ» կայքի հետաքննությունից պարզ է դառնում, որ կուսակցությանը գումար նվիրաբերելու և 2,5 միլիոն դրամի սահմանաչափը շրջանցելու համար մի ամբողջ սխեմա է գործել՝ նշել է դիտորդական առաքելությունը։ «Քաղաքացիական պայմանագիրը» դրամահավաքի ընթացքում գումարների զգալի մասը ստացել է «Կուսակցությունների մասին» օրենքը շրջանցելու այդ սխեմայի շնորհիվ․ «Կատարվել է Քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածով (Կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը խոշոր չափերով շրջանցելը) արգելված արարք»։

Օլիգարխների փողերը և անտեղյակ նվիրատուները

Քարոզչական ծախսերի համար իշխող կուսակցությանը անհայտ ծագման գումարներ են փոխանցվել տարբեր մարդկանց անունից։ 

Ուսումնասիրելով Երևանի ավագանու վերջին ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքին մասնակցածների շրջանակը, «Ինֆոքոմ»-ը եզրակացրել է՝ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ են ուղղվել ՔՊ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը՝ երբեմն գործընթացից ընդհանրապես անտեղյակ քաղաքացիների անվան տակ։

«Նվիրատուներից մեկի ․․․ ծանոթը իրենից խնդրել է նույնականացման քարտը, մտել է «Հայէկոնոմբանկ», դուրս է եկել, ասել է՝ «մտիր, քեզ մի մարդ կա, կուղեկցի, ինչ-որ բան կստորագրես», նվիրատուն մտել է ներս, իրեն ինչ-որ տղամարդ ուղեկցել է, վերցրել է էդ անդորրագիրը՝ առանց իմանալու, առանց տեսնելու էդ գումարները», – սա օրինակներից ընդամենը մեկն է, որ քաղաքացու անունից անհայտ ծագման փոխանցում է արվել ՔՊ հաշվեհամարին: Այսպիսի պատմություններ հետաքննության հեղինակները Երևանի տարբեր հասցեներում են բացահայտել: Որոշ դեպքերում էլ մարդիկ, որոնց անունը ներառված է նվիրատուների ցուցակում, հերքել են, որ գումար են նվիրաբերել իշխանական կուսակցությանը:

Լրագրողներն ուսումնասիրել են հիմնականում 1 միլիոնից մինչև առավելագույն 2.5 միլիոն դրամ փոխանցածների տվյալները․ ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունների գերակշիռ մասը՝ 87 տոկոսը, հավաքվել է միլիոնը գերազանցող փոխանցումների արդյունքում, որոնցից մոտ 70 տոկոսը՝ 2.5 մլն դրամ նվիրաբերած 140 անձանցից։

Տվյալների ուսումնասիրության արդյունքում երեք օրինաչափություն է արձանագրվել․

— 1-ից 2.5 մլն դրամ նվիրաբերած անձինք ապրում են իրար մոտ հասցեներում։
— Մեծ գումարներ են նվիրաբերել բիզնեսով զբաղվող խոշոր ընկերություններին փոխկապակցված անձինք։
— Խոշոր նվիրատուներ են պաշտոնյաները, ավագանու թեկնածուները, ներկայիս անդամները և նրանց փոխկապակցված անձինք։

Օրինակ, Նոր Նորք վարչական շրջանում միայն մի շենքից 5 բնակիչ իշխանական կուսակցությանը տվել է օրենքով թույլատրելի ամենաբարձր՝ 2.5 միլիոն դրամը:

«Սա առաջինն էր հենց, որ մեզ առնվազն տարօրինակ թվաց: Հետո մենք հանդիպեցինք նվիրատուներին ու նրանց խոսքերից ավելի համոզվեցինք մեր կասկածներում, որովհետև դեպքեր ունեինք, երբ մարդիկ ասում էին՝ «մենք տեղյակ չենք», նվիրատուների ծնողները ասում էին՝ «եթե ինքը էդքան գումար ունենար, վարկերը կփակեր, էրեխեքի համար ինչ-որ բան կաներ»: Ու բնակության պայմաններն էլ էին մեզ թույլ տալիս ենթադրել, որ դժվար մարդիկ 2.5 միլիոն՝ շուրջ 6 հազար 500 դոլար նվիրաբերեին կուսակցությանը», – գրել է հետաքննության հեղինակ Լուսի Մանվելյանը:

Գումարները փոխանցվել են իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկի» միջոցով։ Ավելին՝ խոշոր նվիրատուների շարքում են նախկին հանրապետական, Ջերմուկի նախկին քաղաքապետ, գործարար Աշոտ Արսենյանի, «Ջրաշխարհի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձինք և «Երեմյան փրոջեքթսի» աշխատակիցները: Սննդի ոլորտում գործող այս ընկերությունից, օրինակ, 8 հոգի փոխանցել է հենց առավելագույն 2.5 միլիոն դրամը:

Հետաքննության հեղինակները՝ հղվելով իրենց աղբյուրներին, հավելել են՝ այն 8-ը ընկերության ղեկավար կազմից են, «ունենք տեղեկություն, որ փոխանցվել են ընկերության գումարները հենց և ոչ թե մարդկանց անձնական գումարները»։

տե՛ս ՔՊ-ն էլ չդիմացավ․ փողատերերը կհայտնվեն ցուցակում

ՔՊ-ն ոչինչ, ոչինչ «չգիտեր»

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանը հրապարակումից հետո հայտարարել է՝ սա իրենց համար «խիստ անընդունելի է»։ Նա «զայրացած է և զարմացած», բայց չի հասկանում՝ ինչպե՞ս են քաղաքացիների անունից միլիոնավոր դրամներ փոխանցվել «Քաղաքացիական պայմանագրին». «Եթե նման բան տեղի է ունեցել, պետք է հասցեատերերի հետ խոսել։ Միգուցե տեղի չի՞ ունեցել, միգուցե շփոթմո՞ւնք կա: Չեմ կարող որևէ հստակ բան ասել, որովհետև, կրկնում եմ, հստակ հայտարարում եմ՝ կուսակցությունը չի կարող, չէր կարող, դա անընդունելի բան է»:

Իշխող կուսակցության փոխնախագահը տրամաբանական չի համարում, որ գործարարներն իրենց աշխատակիցներին գումարներ կբաժանեին՝ «Քաղաքացիական պայմանագրին» փոխանցում անելու համար: Նա հավաստիացրել է՝ կուսակցության դրամահավաքին մասնակցելը որևէ գործարարի երբևէ չի ազատել և չի ազատելու որևէ պարտավորությունից, չի տվել և չի տալու որևէ առավելություն։

Չնայած Պապոյանի հավաստիացումներին՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսները նրա պատգամավորության օրոք շարունակում են ընդլայնվել, «Երեմյան փրոջեքթսը», որը հիշատակվում է նաև այս հետաքննության մեջ, բոլորովին վերջերս Տաշիրում պետական աջակցությամբ խոշոր համալիր է բացել։ Ջերմուկի նախկին քաղաքապետի որդու դեպքն էլ ոչ մեկ չի մոռացել՝ նրա որդուն 2018-ի իշխանափոխությունից հետո մեղադրում էին զինծառայությունից ապօրինի ազատվելու մեջ, հետո գործը անսպասելիորեն կարճեցին։ Քրեական հետապնդման մեջ գտնվող Վահագն Արսենյանը, ավելի՛ն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Ջերմուկի համայնքապետի պաշտոնականատար, ամիսներ անց՝ 2021-ի ՏԻՄ ընտրություններին, գլխավորեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակն ու ընտրվեց համայնքի ղեկավար։

Արդյո՞ք այս ամենը չի վկայում, որ իշխանությանը լոյալ կամ իշխանության մեջ գտնվող «խոշոր գործարարների» (օլիգարխների) համար արտոնյալ պայմաններ են գործում։

Իշխանական պատգամավորը խորհուրդ է տալիս ապավինել իրավապահ մարմիններին՝ եթե կա հանցակազմ, թող պարզեն։

Նվիրատուների ցուցակը «Քաղաքացիական պայմանագիրը» երկար ժամանակ չէր հրապարակում։ Այն ստիպված են եղել հանրայնացնել միայն դատական հայցից հետո։