Home / Հայաստան / Վարչական ռեսուրսն օգտագործելով՝ ձայներ են հավաքում Ավինյանի համար (ձայնագրություններ)

Վարչական ռեսուրսն օգտագործելով՝ ձայներ են հավաքում Ավինյանի համար (ձայնագրություններ)

Համառոտ՝ նյութի մասին

— «Անկախ դիտորդ» դաշինքը ստացել է տեղեկատվություն, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունից ստացված հրահանգով Սպիտակի համայնքապետը հանդիպել է համայնքի վարչական ղեկավարներին և հրահանգել կապ հաստատել Սպիտակի հետ կապ ունեցող, բայց Երևանում գրանցված քաղաքացիների հետ և «ձայներ հավաքել» Տիգրան Ավինյանի ու ՔՊ օգտին Երևանի ավագանու ընտրություններում։ Նրանց բաժանվել են համապատասխան ձևաթղթեր։
— «Փաստերի ստուգման հարթակի» ներկայացուցիչը զանգել է Սպիտակի բնակավայրերի վարչական ղեկավարներին և համայնքապետի տեղակալին, ներկայացել որպես ՔՊ-ական պատգամավորի օգնական և ապացույցներ հավաքել, որ համայնքում համակարգված ձևով աշխատում և ձայներ են հավաքում ՔՊ թեկնածուի համար։
— Վարչական ղեկավարներից ոմանք հայտնել են, որ տեղյակ չեն կամ հրաժարվել են հեռախոսով տեղեկություն փոխանցել։
— Վարչական ղեկավարներից ոմանք հրաժարվել են «պատժիչ գործողություններ» իրականացնել Ավինյանի օգտին քվեարկելուց հրաժարվողների նկատմամբ։
— «Անկախ դիտորդը» նմանատիպ գործընթացների մասին տեղեկություններ ունի Ալավերդի, Տաշիր, Գյուլագարակ, Վեդի և Մասիս համայնքներում:

«Անկախ դիտորդ» դաշինքը երեք աղբյուրներից ստացել է տեղեկատվություն, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և հրահանգել իրենց համայնքի հետ ունեցող և Երևանում հաշվառված քաղաքացիներին հորդորել ավագանու ընտրություններին քվեարկել Տիգրան Ավինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Այդ գործընթացը, ըստ իրազեկողի, հրահանգվել և համակարգում է ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը: Ընտրողների ցուցակագրման նպատակով վարչական ղեկավարներին տրամադրվել են օրինակելի ձևաթղթեր, որոնք հասանելի են դարձել «Անկախ դիտորդ» դաշինքին։ 

Հայտնի դարձած տեղեկություններից հնարավոր էր անել տարբեր ենթադրություններ, և հաշվի առնելով ՔՊ կուսակցության նման «քարոզարշավի» ծավալման ոչ հանրային գործելակերպը՝ այդ ենթադրությունները հնարավոր չէր ստուգել ո՛չ բաց աղբյուրների ուսումնասիրությամբ, ո՛չ էլ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում: 

Խախտման բնույթը հասկանալու համար կարևոր է գնահատել, թե արդյո՞ք համայնքի աշխատակազմն այս գործընթացում ներգրավվել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ու հարկադրանքով, թե՞ միայն կուսակցական համերաշխությունից դրդված։ Արդյո՞ք ընտրողներին հավաքագրելու գործընթացը ենթադրել է միայն օրինական քարոզչական հնարքներ, թե՞ սպառնալիքներ կամ խոստումներ եղել, որոնք կարող են քրեական հանցագործության տարրեր պարունակել։ Այսինքն, փաստացի, պիտի գնահատվեին վարչական ռեսուրսի չարաշահման կամ կուսակցական քարոզչության և հորդորի կամ սպառնալիքի կիրառման վարկածները։

Այս վարկածները ստուգելու նպատակով «Անկախ դիտորդ» դաշինքի գործընկեր «Փաստերի ստուգման հարթակի» ներկայացուցիչը զանգել է Սպիտակ համայնքի 20 բնակավայրերի վարչական ղեկավարներից 15-ին (խոշորացված համայնքի մեջ մտնող գյուղերի ղեկավարները, որոնք նշանակվում են համայնքի ղեկավարի կողմից) և համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանին, ներկայացել որպես Գևորգ Պապոյանի օգնական կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի ներկայացուցիչ ու հարցեր ուղղել ընտրողների ցուցակների վերաբերյալ։ Վարչական ղեկավարներից 5-ը չեն պատասխանել զանգերին:

Ձայնագրությունները

Վարչական ղեկավարներից երեքը նշել են, որ չգիտեն, թե ինչի մասին է խոսքը, իսկ նրանցից մեկը հայտնել է, որ թեև տեղյակ չէ, սակայն չի քննարկելու այդ հարցը հեռախոսով անծանոթ զրուցակցի հետ՝ մինչև համայնքի ղեկավարի հետ խոսելը: Մնացածի մոտ որևէ տարակուսանք չհարուցեց այն, որ Գևորգ Պապոյանի «օգնականն» իրենց զանգում է այս հարցով: 

Վարչական ղեկավարներից առնվազն 6-ը (Սարալանջ, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Ջրաշեն, Կաթնաջուր, Լեռնավան գյուղերի ղեկավարները) հայտնել են, որ արդեն ունեն կամ շուտով կունենան յուրաքանչյուրը 10-ից մինչև 15-ական ընտանիք-ընտրող պարունակող ցուցակներ, որոնք տվել են Ավինյանի օգտին քվեարկելու հավաստիացում։ Երկուսը նշել են, որ պատրաստվում են մոտ օրերս այդ նպատակով գնալ Երևան, և ՔՊ-ից ներկայացող մեր գործընկեր-թղթակցին խնդրել են զանգել դրանից հետո: 

Չնայած բնակավայրերի ղեկավարների խոսքում հիշատակված պոտենցիալ քվեարկողների հանրագումարը մոտ 100-ի կարգի էր, սակայն Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Հովհաննիսյանը զրույցի ընթացքում պնդել է, որ ակնկալում է շուրջ 1000 ընտրողների երաշխավորված քվեարկություն: 

Վերջինիս հետ զրույցից (որն այս դեպքում իրականացվում էր «ՔՊ կուսակցության կենտրոնական գրասենյակի աշխատակցի» անունից) պարզ է դառնում նաև, որ իսկապես, համայնքապետին իջեցված հրահանգը եղել է կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանի կողմից, որը Սպիտակի համայնքային ծառայողներ հանդիսացող համայնքապետի տեղակալին ու վարչական ղեկավարներին փոխանցվել է համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի միջոցով:

Ձայնագրություններից նաև պարզ է դառնում, որ վարչական ղեկավարներն այս ցուցակագրումներն արել են աշխատավայրից: Այսպես, օրինակ, Ծաղկաբեր գյուղի ղեկավար Արամ Իգիթյանը հայտնեց․ «Ախպեր, ես հիմա տանն եմ, աշխատավայրում ա էլի ցուցակը»:

Ընտրողների նկատմամբ սպառնալիք չի հայտնաբերվել

Միաժամանակ հարկ է նշել, որ զրույցներից պարզ է դարձել, որ բուն ընտրողների հետ տարվող աշխատանքը չի պարունակել որևէ սպառնալիք, շանտաժ կամ առերևույթ քրեորեն հետապնդելի որևէ գործիքակազմ։ Թե վարչական ղեկավարները, թե համայնքի ղեկավարի տեղակալը նշել են, որ ուղղակի հորդորում են քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին իրենց մտերիմներին, ազգականներին՝ բացատրելով այդ քվեարկության կարևորությունը: Ավելին, սեփական խոսքում նրանք երբեմն օգտագործում են «հարցնել» բառը՝ նկատի ունենալով, որ զուտ տեղեկանում են Ավինյանի օգտին քվեարկելու վերաբերյալ արդեն իսկ կայացրած որոշման մասին: Այն հարցերին ի պատասխան, որոնք վերաբերում էին քվե ստանալու համար սպառնալիքի, խոստումների, այլ ոչ բարեխիղճ մեթոդների կիրառմանը, զրուցակիցները հիմնականում բացառում են նման հնարավորությունը: 

Համայնքապետի տեղակալ Հովհաննիսյանը, օրինակ, հարցին, թե արդյո՞ք ընտրողին ասում են, որ խնդիր կունենա, եթե այլ կերպ քվեարկի, պատասխանում է․ «Ընտրողին ո՞նց կարամ ասեմ խնդիր կունենաս, ի՞նչ ա նշանակում, խնդիր կունենաս»:

Այս կանոնից, կարծես, միակ բացառությունը Ջրաշեն բնակավայրի ղեկավարն է, որն իր կատարած աշխատանքը ներկայացնելուց հետո նաև առաջարկում/հարցնում է դասախոսներին ներգրավելու նպատակահարմարության մասին՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը: 

Հարկ է նշել, որ «Անկախ դիտորդն» ունի երրորդ անձանցից արժանահավատ տեղեկություններ վարչական ղեկավարների կողմից ընտրողների ցուցակագրման նմանատիպ գործընթացների մասին Ալավերդի, Տաշիր, Գյուլագարակ, Վեդի և Մասիս համայնքներում: 

Իրավակարգավորումները

Ըստ էության, նկարագրված արարքն իր բնույթով համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․8 հոդվածի 2-րդ մասին, այն է՝ «Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված․․․ տեղեկատվական միջոցների ․․․ և մարդկային ռեսուրսների օգտագործումը, ․․․ ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար»։

Վարչական ռեսուրսի չարաշահումն այն ընտրական զանցանքներից է, որն ամենից հաճախ է կատարվում, սակայն օրենսդրական ձևակերպումները հնարավորություն են ստեղծում խոսելու դրանց մասին միայն որպես վերացական երևույթ, իսկ կոնկրետ դեպքերում այդպես էլ վարույթ չի հարուցվում։

Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի վերոնշյալ դրույթը, որը պատիժ է նախատեսում այսօրինակ արարքների համար, չի հստակեցնում, որ արարքը պետք է կատարվի նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, քանի որ հասկանալի է, որ վարչական ռեսուրսի չարաշահումը հաճախ (ինչպես և այս դեպքում) սկսվում է շատ ավելի վաղ:

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝

– Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի,
– «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի,
– «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի,
– «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի,
– «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի,
– «Գյումրու առաջընթաց » ՀԿ-ի: