Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյանի գործունեության արդյունքում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որն առաջարկում է քաղաքական մանիպուլյացիաների համար նոր լծակներ ներմուծել 2021-ին բարեփոխված Ընտրական օրենսգրքում։
Դեռևս գարնանը արդարադատության նախարարությունը նախաձեռնել է 2021-ի ընտրությունների ընթացքում բացահայտված խնդիրների գույքագրում, որի հիմքով նախատեսվում էր մշակել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նոր փաթեթ։ Գույքագրմանը մասնակցել են նաև ընտրական գործընթացներում ներգրավված կազմակերպությունները։
Բայց պատգամավոր Հովակիմյանն առաջ է ընկել․ գործընթացը դեռ չամփոփված՝ նա սեփական նախագիծն է մշակել, որը արձանագրված խնդիրները լուծելու փոխարեն ստեղծում է նոր խնդիրներ։
Նախագծի շուրջ 2 քննարկումներ են հապճեպորեն կազմակերպվել, որոնց մասին տեղյակ չեն եղել անգամ նրա գործընկերները։ «Քննարկումներից» մի քանի օր անց նախագիծը դրվել է շրջանառության մեջ։
Ինչո՞ւմն է խնդիրը
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այսօր խորհրդարանական լսումներ էին՝ նվիրված Հովակիմյանի նախագծին։
Նախքան լսումներին անդրադառնալը, ամփոփ՝ իրավապաշտպանների արձանագրած խնդիրներից մի քանիսի մասին․
1․ Պատգամավոր Հովակիմյանը օրենքներ գրելիս առաջնորդվում է պարզ-չէ-ինչով․ շահագրգիռ կողմերի առաջարկությունները անտեսվել են, մատնանշված խնդիրներին լավագույն դեպքում տրվել են հատվածական լուծումներ, մասնակցություն չի ապահովվել, նախագծերն անցկացվել են արագացված ընթացակարգով՝ դիտավորյալ ներկայացվելով որպես «զուտ տեխնիկական»․․․
2․ Վերջերս Հովակիմյանը հեղինակել և արագացված ընթացակարգով «զուտ տեխնիկական» մի փոփոխություն էր անցկացրել, որով մեկ անձի նշանակումը հնարավոր դարձնելու համար մի ամբողջ Ընտրական օրենսգիրք փոխվեց։ Դրա շնորհիվ Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանը (հայտնի է Ակա մականունով) նշանակվեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
3․ Այժմ պատգամավորն առաջարկում է, մասնավորապես․
— Չեղարկել ավագանու կողմից համայնքի ղեկավարի ընտրության բաց քվեարկության կարգը և վերադարձնել համայնքի ղեկավարի փակ քվեարկությամբ ընտրությունը, որը թույլ է տալիս մանիպուլյատիվ և հակաժողովրդավարական քաղաքական գործարքների միջոցով յուրացնել իշխանությունը ՏԻՄ մակարդակում,
— Վերադարձնել դրույթը, ըստ որի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը կարող է վիճարկել քվեարկության արդյունքները միայն քվեարկության օրը հատուկ կարծիք գրելու դեպքում՝ մոռացության տալով, բոլոր այն ընտրությունները, երբ տեղամասերում կեղծված քվեարկության արդյունքները դառնում էին անշրջելի, եթե ընդդիմադիր խմբակցություններից հանձնաժողովի անդամներին լռեցնում էին սպառնալիքի և կաշառքի լեզվով,
— Նվազեցնել բազմաբնակավայր համայնքների ընտրական ցուցակներում բնակավայրերի ներկայացվածության համամասնությունը՝ էլ ավելի շատ բնակավայրեր դուրս թողնելով խոշորացված համայնքի ավագանիից,
— Հետ շրջել քարոզարշավի ֆինանսական վերահսկման գործառույթի փոխանցումը ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունից մասնագիտացած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին,
և այլն։
Վերադարձ քաղաքական առևտուրներին
Խորհրդարանական լսումների ժամանակ «Անկախ դիտորդ» առաքելության խոսնակ Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ բաց քվեարկությունը փակ դարձնելու խնդրին․
«Մինչև Ընտրական օրենսգրքի անցյալ տարվա փոփոխությունները, [ավագանու կողմից համայնքի ղեկավարի] ընտրությունը եղել է փակ գաղտնի քվեարկությամբ։ Հետո դարձել է բաց քվեարկությամբ։ Եվ քանի դեռ նախկինում այն փակ գաղտնի քվեարկությամբ էր, մենք տեսնում էինք, թե ինչպես է տեղի ունենում քաղաքական առևտուրը։
Օրինակ՝ 2016 թվականին Վանաձոր համայնքում, երբ ուղղակի քաղաքական առևտրի արդյունքում ընտրողների մեջքի հետևում կայացվեց որոշում, և այդպես էլ պարզ չեղավ, թե ով ում քվեարկեց։ Եվ դա խնդիր էր։ Բոլորս, այդ թվում՝ դուք [Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը], արձանագրում էինք, որ դա խնդիր էր։
Իսկ դրանից հետո, երբ գործընթացը դարձավ բաց, մենք ականատես եղանք, թե ինչպես է իշխանությունը որոշ համայնքներում՝ այն համայնքներում, որտեղ (անցյալ տարվա ընտրություններին) ընդդիմությունը գումարային առումով հաղթել էր, փորձում տարբեր ավագանու անդամների վրա ճնշում գործադրել, որ քվեարկեն ՔՊ-ի օգտին։ Բայց շատ ընդդիմադիրներ չէին քվեարկում (բացառությամբ Թալինի) հենց այն պատճառով, որ պետք է բա՛ց, իրենց ընտրողների աչքի առաջ դա անեին․․․ Ընտրողների նկատմամբ հաշվետվողականությունը, այսպիսով, կանխեց այդ քաղաքական առևտուրը։
Հիմա դուք նորից փորձում եք այդ գործընթացը դարձնել գաղտնի, ընդ որում՝ առանց հիմնավորումների։ ․․․Եվ ես մտածում եմ, որ դուք սա ուզում եք անել, որպեսզի կարողանաք ՏԻՄ-ում ընտրություններից հետո ձեր կողմն անցկացնեք ավագանու անդամներին»։
Հովակիմյանը հակադարձեց, թե՝ «մեր ամբողջ օրենսդրությունն այդպիսին է՝ բացառապես վարչապետի ընտրության, և մեր ամբողջ մոտեցումը նրանում է, որ ավագանին քվեարկում է փակ, և այս մոտեցման իմաստն այն է, որ ավագանին իր խղճի մտով ի՛նքն է քվեարկում»։ Պատգամավորի կարծիքով՝ սա զուտ «տեխնիկական» խնդիր է։
Որ խնդիրը այդքան էլ տեխնիկական չէ՝ բացատրեց իրավապաշտպան Անտոն Իվչենկոն։
2021 թվականի ՏԻՄ ընտրություններին հաջորդած քաղաքական ճնշումները (ի տարբերություն Իոաննիսյանի հիշատակած վանաձորյան դեպքերի) բացահայտվել են հե՛նց քվեարկության բաց լինելու շնորհիվ։
Օրինակ՝ Վեդիում, որտեղ ՔՊ-ն փորձում էր կոալիցիա կազմել «Հանրապետություն» կուսակցության հետ։ «Հանրապետության» առաջին համարը քարոզարշավի ընթացքում երդվել էր, որ ՔՊ-ի հետ կոալիցիայի չի գնա։ Բաց քվեարկության պատճառով, չնայած գործադրվող ճնշումների, նա «ստիպված եղավ» և կարողացավ պահել իր խոստումը․․․
տե՛ս Ծեծ, հայհոյանք, պատգամավորներ, վաշխառու․ Վեդիի ընտրությունները
Մյուսը Թալինի օրինակն է, որը Իվչենկոն «ամենաամոթալին» է համարում․ այստեղ ՔՊ-ն ընդդիմության միասնական թեկնածուին ստիպել էր քվեարկել իր իսկ դեմ և ՔՊ-ի թեկնածուի օգտին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կշարունակի վերջինիս եղբոր դեմ իրականացվող քրեական հետապնդումը։ Տեղի ունեցածը բացահայտվել էր բացառապես նրա շնորհիվ, որ քվեարկությունը բաց էր․․․
տե՛ս Ոստիկանական շանտաժ, ֆիդայու տղա. ՔՊ-ն գրավեց Թալինը
Մնացած խնդիրները
«Ներկայացվող փաթեթը առանձին անձի կամ անձանց օրակարգի առաջ մղում է, որը ներկայացվում է որպես բացահայտված խնդիրների վրա հիմնված առաջնահերթություն։ Նախագծերի փաթեթի հետ ներկայացված հիմնավորումը աղավաղված և մանիպուլյատիվ է ներկայացնում փոփոխությունների էությունը․․․
Առկա իրավիճակի մասին խոսելիս՝ «հեղինակը» [Վահագն Հովակիմյանը] նշում է, որ խնդիրները գույքագրվել են իրավակիրառողների, դիտորդական առաքելությունների և կուսակցությունների կողմից։ Վերոհիշյալ կառույցների արձանագրած խնդիրները ոչ մի կապ չունեին փաթեթի հեղինակի գույքագրած խնդիրների հետ, իսկ երբ ունեին՝ լուծումները տրամագծորեն հակառակն էին», – ամփոփեց «Անկախ դիտորդի» համակարգող Վարդինե Գրիգորյանը։
Գրիգորյանը հատ-հատ անդրադարձավ առաջարկած փոփոխությունների բովանդակությանը և հետևանքներին․ նրա և մի քանի այլ բանախոսների ելույթները՝ տեսանյութում․