Արտահերթ ընտրությունները կիրականացվեն պարզ համամասնական ընտրակարգով, այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ ընդդիմությունը դեմ չէ նոր ընտրակարգին։
«Ընտրական օրենսգրքի ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չի եղել, բայց բոլոր քննարկումներում ես հարց եմ ուղղել գործընկերներին, թե ինչ կարծիքի են՝ ռեյտինգային ընտրակարգը լինի՞, թե՞ չլինի: Իրենք, ըստ էության, մեր խոսակցությունների ժամանակ արձանագրել ենք, որ և՛ ԲՀԿ-ն, և՛ ԼՀԿ-ն հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը: Այսինքն՝ իրենք խնդիր չունեն՝ վարկանիշայինը լինի թե չլինի: Որից հետո խորհրդարանական մեծամասնությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և հաշվի առնելով իր հանձնառությունը, որոշում է կայացրել, որ պետք է գնանք ԸՕ-ի պարզ փոփոխությունների, և ընտրություններն իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ընտրացուցակի»։
Վարչապետը նշել է, որ հանդիպումների ժամանակ խորհրդարանական խմբակցությունները հայտնել են, որ կողմ չեն քվեարկի ԸՕ փոփոխություններին, քանի որ չեն ուզում կիսել դրանց համար քաղաքական պատասխանատվությունը, բայց եթե խորհրդարանական մեծամասնությունն ուզում է փոխել, ապա իրենք դեմ չեն։
Գործող և առաջարկվող Ընտրական օրենսգրքերի տարբերությունների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։