Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են․ Թալինում ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակվել։
Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստին։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ ավագանու լիազորությունները դադարեցվում են, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին 3 ամսից ավել որևէ որոշում չի կայացնում:
Հերթական նստաշրջանը սկսվել է փետրվարի 8-ին, երեք ամիսը՝ լրացել մայիսի 8-ին: Այս ընթացքում Թալինի ավագանու ոչ մի նիստ չի կայացել, որևէ որոշում չի ընդունվել:
Շանտաժով և ճնշումներով ընտրված համայնքապետը՝ ՔՊ-ական Տավրոս Սափեյանը, առ այսօր փաստացի չի ստանձնել իր լիազորությունները։
Ի՞նչ է կատարվում
Թալինը խոշորացված համայնք է՝ բաղկացած 29 բնակավայրից։
Վերջին ՏԻՄ ընտրություններին (2021թ․ դեկտեմբերի 5) մասնակցել է 4 ուժ՝ «Զարթոնք», «Հայք», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Մեր համայնք» դաշինքը:
50+1 տոկոսանոց շեմը ոչ ոք չէր հաղթահարել։ Քվեների 46․6 տոկոսը ստացած ՔՊ-ին բաժին էր հասել ավագանու 21 մանդատից 10-ը։ Համայնքապետ ընտրելու համար անհրաժեշտ էր առնվազն 11 մանդատ, ՔՊ-ին չէր հաջողվել կոալիցիա ձևավորել։
Համայնքապետի թեկնածուները ինքնաբացարկ են ներկայացնում և քվեարկում իրենք իրենց դեմ
Նորընտիր ավագանու դեկտեմբերի 17-ի նիստում «Զարթոնք» խմբակցությունը համայնքապետի թեկնածու էր առաջադրել իր ցուցակը գլխավորող Մնացական Մնացականյանին։ Բայց Մնացականյանը վերցրել և ինքնաբացարկ էր հայտնել՝ հայտարարելով, որ պաշտպանելու է «Հայք» խմբակցության թեկնածուին:
«Հայքը» համայնքապետի թեկնածու էր առաջադրել իր ցուցակը գլխավորող Կարեն Գրիգորյանին։ Իսկ Կարեն Գրիգորյանը հենց նիստի ընթացքում ինքնաբացարկ էր ներկայացրել։
«Հայքն» այդ ժամանակ համայնքապետի թեկնածու էր առաջադրել Դավիթ Մանուկյանին․ վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Տավրոս Սափեյանի վերջին մրցակիցն էր։
Քվեարկության արդյունքում ՔՊ-ական թեկնածուն ստացել էր 11, իսկ «Հայքի» թեկնածուն՝ 10 ձայն, որովհետև «Հայքի» ցուցակը գլխավորող Կարեն Գրիգորյանը քվեարկել էր ՔՊ-ի օգտին՝ ընդդեմ իր իսկ քաղաքական ուժի։
Քվեարկությունից հետո Գրիգորյանը վայր էր դրել ավագանու մանդատը։
Ոստիկանական շանտաժ, ընդդիմադիր բոյկոտ
Ինչո՞ւ է ընդդիմության թեկնածուն անսպասելիորեն հրաժարվել իր թեկնածությունից և քվեարկել ՔՊ-ականի օգտին։
Դեռևս դեկտեմբերին գրել էինք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն, Կարեն Գրիգորյանի մտերիմ բարեկամը՝ Ռուստամ Ստեփանյանը, հետախուզման մեջ է Ռուսաստանում։ Թալինում պատմում էին, որ ավագանու նիստի ընթացքում ոստիկանները Գրիգորյանի բարեկամին պահել են Թալինի հրապարակում և սպառնացել, որ եթե նա չփոխի իր որոշումը՝ բարեկամին կարտահանձնեն Ռուսաստան։
Ավագանու «որոշիչ» նիստի ընթացքում համայնքապետարանի շենքը շրջապատված է եղել ոստիկաններով, լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներս չէին թողել։
Նման պայմաններում է, որ ՔՊ-ական Տավրոս Սափեյանը ստացել է նվազագույն անհրաժեշտ 11 ձայները և դարձել Թալինի համայնքապետ։
Ճիշտ է՝ նրա երդմնակալության արարողությունը և հետագա նիստերը ընդդիմությունը ուղղակի բոյկոտել է, ավագանու աշխատանքը փաստացի տապալվել է, իսկ մայիսի 13-ի Կառավարության նիստին նշանակվել են նոր և արտահերթ ընտրություններ։