Այսօր պետք է կայանար Վարդենիս համայնքում ընտրված համայնքապետի երդմնակալության արարողությունը։ Վաղ առավոտվանից տասնյակ ոստիկաններ, այդ թվում կարմիր բերետավորներ, շրջափակել էին համայնքապետարանի մուտքը և արգելել ընտրված համայնքապետին ու ավագանու ընդդիմադիր անդամներին մտնել ներս։
Երդմնկալությունը այնուամենայնիվ տեղի ունեցավ համայնքապետարանի բակում։ Արարողությունը իրավազոր ճանաչելու համար անհրաժեշտ էր, որ նիստին ներկա լինի ավագանու 14 անդամ, և ընդդիմադիր դաշինքներն այդ քվորումն ապահովեցին: Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները արարողությանը չմասնակցեցին:
Դեկտեմբերի 30-ին՝ համայնքապետ ընտրելու համար հրավիրված նիստից առաջ, ոստիկանությունը փորձել էր բերման ենթարկել համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Ահարոն Խաչատրյանին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվել էր նիստին մասնակցելուց։ Նիստը այնուամենայնիվ կայացել էր և ընդդիմադիր դաշինքները 14 ձայնով համայնքապետ էին ընտրել Ահարոն Խաչատրյանին։
«Ընդդիմությունը այդ համայնքում ունի ավագանու 14 անդամ, ՔՊ-ն` 13: Եվ ակնհայտ է, որ համայնքի ղեկավարը պետք է լինի ընդդիմությունից: Բայց ՔՊ-ն չի համակերպվում այդ իրողության հետ. նախ ոստիկանության միջոցով փորձեց տապալել համայնքի ղեկավարի ընտրության նիստը, ապա, ակնհայտ առանց հիմքերի գնաց վարչական դատարան` բողոքարկելու համայնքի ղեկավարի ընտրված լինելու հանգամանքը, իսկ այսօր ոստիկանության միջոցով չի թողնում, որ ժողովրդի կողմից ընտրված ավագանու անդամները մտնեն համայնքապետարանի շենք», իր ֆեյսբուքյան էջում գրում է ՏԻՄ ընտրությունները դիտարկած «Անկախ դիտորդ» առաքելության խոսնակ Դանիել Իոաննիսյանը։
Երեկ ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանը իր ֆեյսբուքում ուղիղ եթերի ժամանակ առաջարկել էր ընդդիմությանը վայր դնել մանդատները և անցկացնել նոր ընտրություններ։
«Եթե պատիվ ունեք, բերեք բոլորս բացեիբաց մեր մանդատները վայր դնենք ու նոր ընտրության գնանք։ Ով կընտրվի, ես էլ հրապարակային ձևով կշնորհավորեմ։ Ձեզ ասեմ, որ վախենում են գնալ նոր ընտրությունների. այլևս չի լինելու այն մթնոլորտը, որ ընտրողներին խաբելով ձայներ հավաքեն», – ասել էր Արամ Մելքոնյանը։
Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Վարդենիս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։
Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել և համայնքապետ առաջադրել մեկ թեկնածու՝ Ահարոն Խաչատրյանին։