Արմավիրի մարզի դատախազությունում հունիսի 10-ին ՔՕ 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փորձ) հարուցված քրգործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ հունիսի 20-իԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցված «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակի 16-րդ համար, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ․ Պետրոսյանի հետ` կայանալիք ընտրություններին «Պատիվ ունեմ»-ի օգտին քվեարկելու նպատակով Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների ընտրակաշառք տալու վերաբերյալ:
Այնուհետև հունիսի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Խլղաթյանը գնացել է Պետրոսյանի տուն՝ ընտրակաշառքի առարկա 9 մլն դրամը նրան փոխանցելու և նախապես կազմված ցուցակներին համապատասխան ընտրողներին հասցեական տալու համար: Գումարի փոխանցման պահին նրանք ոստիկանության կողմից բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ՝ Պետրոսյանի տան բակից:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար Խլղաթյանին և Պետրոսյանին մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նախաքննության ընթացքում մեղադրյալները ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները:
Ընդհանուր իրավասության դատարանի 2021 թ. հունիսի 13-ի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացրած դատախազի որոշմամբ փոփոխվել է գրավի:
Նոյեմբերի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Համաձայնեցման վարույթի կարգով իրականացված դատական քննության արդյունքում դատարանը դեկտեմբերի 23-ին մեղադրական դատավճիռ է կայացրել, որով Խլղաթյանը և Պետրոսյանը մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարքներում։ Նրանց նկատմամբ նշանակվել է տարվա ազատազրկում, բայց քրօրի 70-րդ հոդվածի կարգով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով 5 տարի փորձաշրջան:
Ընտրակաշառքի առարկա հանդիսացած 9 մլն դրամ գումարը բռնագանձվել է հօգուտ Հայաստանի: