Դաշնակցական կանադահայի վրա թքած Ազգային ժողովի նախագահի պաշտոնանկության հարցը խորհրդարանում չի քննարկվում։ Քրեական գործ հարուցված չէ։ ՀԿ-ները պահանջում են գոնե էթիկայի հանձնաժողով ձևավորել։ Առաջին նախագահը կոչ է անում պաշտոնազրկել Ալեն Սիմոնյանին։ Իսկ ՔՊ-ականը հպարտանում է «երևանցի տղա» լինելով։
Միջադեպից չորս օր անց Հայաստանի խորհրդարանի ղեկավարը փորձել է ներողություն խնդրել։ Չնայած նա թքել էր դաշնակցական Կարեն Մկրտչյանի դեմքին՝ ներողությունը խնդրել է «Հայաստանի բոլոր քաղաքացիներից»։
«Ժողովրդավարությունը ենթադրում է, որ պաշտոնյան պետք է և կարող է քննադատվել, ինչու ոչ՝ կարող են նաև սադրանքներ տեղի ունենալ։ Մեր խնդիրն է դրանց չտրվելը։ Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա <․․․> Տվյալ դեպքի կապակցությամբ ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ», – գրել է Սիմոնյանը և հավաստիացրել, որ տեղի ունեցածը «դաս էր իր համար»։
Նախորդ օրերին Ազգային ժողովի ղեկավարը փորձում էր արդարացնել իր արարքը, առաջարկում «ականջին օղ անել» և ապատեղեկատվություն տարածում։
որակումը՝ խուլիգանություն
Այն, ինչ խորհրդարանի նախագահը «դաս» է անվանում, Հայաստանի քրեական օրենսգիրքը համարում է պատժելի արարք․ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ներկայացրել։
Առաջինը վերաբերում է Ալեն Սիմոնյանին։ Տուժող կողմը՝ կանադացի Կարեն Մկրտչյանը, ֆեյսբուքի ուղիղ եթերով պատմել էր, որ «դավաճան» է անվանել թիկնազորով շրջապատված Սիմոնյանին, ինչից հետո թիկնապահները անշարժացրել են իրեն և ԱԺ ղեկավարը թքել է իր դեմքին։ Իրավապաշտպանները պահանջել են դեպքի առթիվ քրեական գործ հարուցել խուլիգանության՝ ՔՕ 297-րդ հոդվածով։
Երկրորդ հաղորդումը վերաբերում է ոստիկաններին։ Միջադեպից անմիջապես հետո պարեկները անհայտ հիմքով բերման են ենթարկել քաղաքացուն, որի դեմքին թքել էր Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի «թքող» նախագահը, մինչդեռ, բերման չի ենթարկվել։ Իրավապաշտպանները պահանջել են դեպքի առթիվ քրեական գործ հարուցել պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման՝ ՔՕ 441-րդ, կամ ազատությունից ապօրինի զրկելու՝ ՔՕ 192 հոդվածով։
Դատախազությունից հաստատել են՝ հաղորդումները ստացել են, «ուսումնասիրում» են։ Քրեական վարույթ առ այժմ չի նախաձեռնվել։
«հակահասարակական վարվեցողությունը» և «ազգային խայտառակությունը»
ՀԿ-ները, իրենց հերթին, պահանջել են էթիկայի հանձնաժողով գումարել և գնահատական տալ խորհրդարանի ղեկավարի «հակահասարակական վարվեցողությանը», որը «պետական կառավարման նախկին խայտառակ ավանդույթների» շարունակությունն են համարել։
«Պետք է վերջ դրվի խուլիգանական մեթոդներով հարցեր լուծելու պրակտիկային, խստագույն պատասխանատվություն պետք է սահմանվի անգամ ամենասուր քննադատությանը բռնությամբ արձագանքելու համար», – հայտարարել են իրավապաշտպանները։
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հոդված է հրապարակել, որով Ազգային Ժողովին և, առաջին հերթին, վերջինիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը առաջարկել է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության գործընթացը։ Սիմոնյանի արարքը, ըստ նրա, «մեր պետականության վարկին հասցված ամենամեծ վնասն է», որը «հնարավոր է վերացնել միայն վերջինիս պաշտոնազրկման գնով»։
Դավաճան բառը, բացատրել է Տեր-Պետրոսյանը, ոչ թե կենցաղային հայհոյանք կամ անձնական վիրավորանք է, այլ զուտ քաղաքական գնահատական, որին պետք է հակադարձվի «կոռեկտ և հիմնավոր պատասխանը»։ Առաջին նախագահն առաջարկել է սովորել Ռուզվելտից, Տրումենից և Քլինտոնից․
«Աշխարհում չի եղել քիչ թե շատ դեմոկրատական որևէ պետության ղեկավար, որին իր քաղաքական հակառակորդները դավաճանի պիտակը չեն փակցրել։ Կարող է զարմանալի թվալ, եթե, օրինակի համար, հիշեցնեմ, որ ժամանակին իրենց քաղաքական հակառակորդների կողմից դավաճան են հռչակվել նույնիսկ ԱՄՆ-ի այնպիսի ականավոր նախագահներ, ինչպիսիք էին Ռուզվելտը՝ Արեւելյան Եւրոպայի երկրները Սովետական Միությանը զիջելու համար, Տրումենը՝ Չինաստանի կոմունիստականացումը չկանխելու համար եւ Քլինտոնը՝ Ռուսաստանի հետ սիրաբանելու պատճառով իր երկրի ռազմական հզորությունը թուլացնելու համար։ Նրանցից ոչ ոք իրեն դավաճան պիտակավորողների երեսին չի թքել, այլ անձամբ կամ իրենց համախոհների կողմից հիմնավոր փաստարկումներով հակադարձել են բոլոր նման մեղադրանքներին»։
Ալեն Սիմոնյանն ի պատասխան ենթադրել է, որ Տեր-Պետրոսյանն իրեն համեմատում է ամերիկացի նախագահների հետ, և շնորհակալություն հայտնել դրա համար։
ինչո՞վ է զբաղված հայոց պատգամավորը
Հայաստանյան ազգային ժողովում վերջին օրերին միայն Ալեն Սիմոնյանը չէ, որ աչքի է ընկել։ Նախքան նրա թքելը քննարկվում էր խորհրդարանի դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը, որը հարվածել էր ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի դեմքին և փախել։ Թքելուց հետո քննարկվում էր արդեն ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը, որը տապալում էր մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը՝ վիրավորելով մեկ նիստը վարող ընդդիմադիր պատգամավորին, մեկ՝ ՄԻՊ ընդդիմադիր թեկնածուին։
Այս իրադարձությունների ֆոնին ֆեյսբուքյան օգտատեր Ռուբեն Վարդազարյանը հարց է տվել՝ ինչո՞վ է զբաղվում հայ պատգամավորը, որը քաղաքացիների հարկերից ամսական առնվազն 700 հազար դրամ աշխատավարձ է ստանում։
«<․․․> Ինձանից լավ գիտեք` էդ քձիբի երկրում անգամ 220 հազար դրամ վաստակելու համար պետք է ոռիցդ կապույտ ծուխ հանես, ինչպես ասում էր անհայտ կորեացի կապիտալիստը` արժանանաս, որ ստանաս։ Ախր, էն ԳրինԲինի բարի, սիրուն մատուցողները օրական 26 ժամ շարունակ էմպիրիկ ճանապարհով հաշվելի աշխատանք են կատարում` ձև բռնած ու փիս ծրագրավորող հիփստերներին Ֆանտա և Բուրիտո մատակարարում, բայց հավատամ, թե 700 հազար են ստանում <․․․> Գոնե ասեք, թե ի՞նչ տարբերություն կա սիմվոլիկին մոտ աշխատավարձով, յոլա գնացողի արտաքինով էն խեղճ ավագանիների կատարած գործողությունների ու ճարպակալած լյարդով [պայմանական պատգամավոր] Բոբոյի գործի միջև։ Ինչու՞ առաջինները ստանում են միայն ջերմ ժպիտներ ու մաքսիմում` մեկ տուփ Ռաֆայելո ամանորին, իսկ մեր դեպուտատնին, ավանդաբար, երկրի տերն են։ <․․․> Ու դեռ մի բան էլ պատերազմի, կորոնավիրուսի, խույ եվո խառը ժանտախտի բանի ժամանակ ևս, տեսեք–տեսեք, իրենք անձեռնմխելի են, ինչպես Վլադիմիր Պուտինն ու համայն վրաց կաթողիկոս Իլյան։ Այսինքն՝ հոլանդացիքի համար ամիսը 8000 եվրոյի կոդ գրող ու մի 800,000 հարկ մուծող էն կուզիկ օնանիստ Արշակին վայնկոմատը առանց վարանելու մատաղ կանի Ալիևին, բայց ահա Բոբոն՝ չէէէ՜…Բոբոն պետք է մնա Բաղրամյանի վրա։ Չէ որ Բոբոն Հայաստանի գաղտնի զենքն է»։
Վարդազարյանին պատասխանել է Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ մանրակրկիտ կերպով նկարագրելով իր ծանրաբեռնված աշխատանքային առօրյան, որի ընթացքում նա հիմնականում կարդում է, քննարկումների մասնակցում, նիստեր վարում և այլն։
հ․գ․ «ՔՊ պատգամավոր ընկերներ, եթե Ալենը ձեզ պատանդ ա վերցրել, 2 անգամ թարթեք աչքերը, եթե ոչ՝ բացեք աչքերը, գրողը տանի», – գրել է իրավապաշտպան Վարդինե Գրիգորյանը։