Home / Բանակ / Իրաքյան պատերազմից 20 տարի անց

Իրաքյան պատերազմից 20 տարի անց

ԱՄՆ ներխուժումից երկու տասնամյակ անց պատերազմի սարսափները դեռ հետապնդում են Իրաքը։

«Իմ ամենավաղ հիշողություններից մեկն է՝ ներխուժումից մեկ շաբաթ առաջ․ մտա մեր հյուրասենյակ, քեռիս էր եկել, նա սկոճ էր կպցնում պատուհաններին։ Հարցրեցի նրան՝ ինչու է դա անում: Ասաց՝ որպեսզի ապակին բեկորների չվերածվի։ Մինչ նա փակում էր պատուհանները, ես վերջին անգամ մեր հեռուստացույցով տեսա Սադամին՝ որպես նախագահ»,  – Al Jazeera-ի հետ զրույցում պատմում է իրաքցի լրագրող և կինոռեժիսոր Մեթհակ ալ-Խաթիբը։

2003 թվականի մարտի 19-ին Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան սկսեց ռմբակոծել Իրաքը: Մեկ օր անց մեկնարկեց նաև ցամաքային ներխուժումը։ 

Ալ-Խաթիբն այդ ժամանակ յոթ տարեկան էր։ Նրա ընտանիքը ապրում էր Ռամադիում՝ Բաղդադից 110 կմ դեպի արևմուտք: Ներխուժման առաջին իսկ օրերին նրանք լքել են իրենց տունը, բայց չկարողանալով հոգալ կարիքները Ալ-Անբար նահանգի Հիթ քաղաքում, ընտանիքը որոշել է վերադառնալ Ռամադի։ Այս ընթացքում ամերիկյան ուժերը ռազմաբազա են դրել հենց նրանց տան կողքին։

«Մեր թաղամասում շատ խնդրահարույց իրավիճակ էր, քանի որ ամերիկյան բազան մոտակայքում էր, – պատմում է ալ-Խաթիբը․ – Երբ հարձակվում էին ամերիկյան բազայի վրա, մենք վախի մեջ էինք։ Հիշում եմ՝ առնվազն շաբաթը մեկ այս բազայի հարձակում կամ հրադադարի խախտում էր լինում»։

ԱՄՆ-ն Իրաքի դեմ պատերազմը ներկայացնում էր որպես «ահաբեկչության դեմ պատերազմի» շարունակություն։ Ավելի ուշ Վաշինգտոնը հայտարարեց, թե Իրաք է ներխուժել, քանի որ Սադամ Հուսեյնը «զանգվածային ոչնչացման» զենք ունի։

2011 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած «ահաբեկչական հարձակումներից» հետո, Միացյալ Նահանգների զորքերը ներխուժեցին նաև Աֆղանստան՝ ըստ Վաշինգտոնի, «Ալ-Քաիդա» խմբավորման կապերը խզելու և նրա առաջնորդ Ուսամա բեն Լադենին տապալելու նպատակով։ 

Իրաքի բռնապետը տապալվեց, բայց «զանգվածային ոչնչացման» զենքեր այդպես էլ չհայտնաբերվեցին:

Խոստացված ժողովրդավարություն այդպես էլ չեղավ, փոխարենը՝ ԱՄՆ-ի պատերազմն ու ավերածությունները սպիացրին երկիրը և նրա ժողովրդին:


Ընտանիքը փախչում է Իրաքից, Բաղդադ, 2003 թվական

Ալ-Խաթիբի ընտանիքը տեղահանվել է 2014 թվականից՝ «Իսլամական պետության» (ISIS, ԻԼԻՊ) ի հայտ գալուց և Իրաքի ու Սիրիայի հսկայական տարածքների, այդ թվում՝ Ռամադիի գրավումից հետո:

«ԻԼԻՊ-ի պատերազմի ժամանակ մենք կորցրինք մեր տունը, – ասում է Ալ-Խաթիբը․ – Ես շարունակում եմ դա կապել 2003 թվականի պատերազմի հետ: Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեզ հետ՝ տեղահանվելը, այն, որ մենք չունենք այն կյանքը, որին արժանի ենք… մենք ուզում ենք հասարակ ընտանեկան կյանք ունենալ»։


Կինը լվացք է անում վրանի առաջ, որտեղ բնակվում է 10 հոգանոց ընտանիքով՝ իրենց տնից վարձը չվճարելու համար վտարվելուց հետո։ Բաղդադ, 2005 թվական

4,4 միլիոն տեղահանված

ԱՄՆ-ի գլխավորած ներխուժումը և Իրաքի օկուպացիան շարունակվել է մինչև 2011 թվականը․ այս ընթացքում զանգվածային տեղահանումների մի քանի ալիք է եղել։ Ներքին տեղահանվածների թիվը 4 տարվա ընթացքում՝ 2003-ից մինչև 2007-ը, հասել է 2,6 միլիոնի։ 

2011-ի դեկտեմբերին, երբ ԱՄՆ-ն հայտարարեց իր ռազմական օպերացիայի ավարտի մասին, տեղահանվածների թիվը կազմում էր 1,3 միլիոն։ 

Ավելի ուշ՝ «Իսլամական պետության» վերելքին, զարգացմանն ու անկմանը զուգահեռ, 2013-ից մինչև 2019 թվականը ներքին տեղահանվածների թիվը կրկին ավելացել է՝ 2015-ին հասնելով իր գագաթնակետին՝ 4,4 միլիոն:

2022 թվականի դրությամբ երկրում առնվազն 1,2 միլիոն ներքին տեղահանված կար։


Պատերազմի ընթացքում և դրանից հետո ներքին տեղահանումները Իրաքում

2,3 միլիոն փախստական

Միլիոնավոր իրաքցիներ ստիպված են եղել լքել երկիրը։ 2007-ին ավելի քան 2,3 միլիոն իրաքցի փախստական, նրանց մոտ 80 տոկոսը հայտնվել է հարևան Սիրիայում ու Հորդանանում։

Ըստ Իրաքի բժշկական ասոցիացիայի՝ ներխուժմանը հաջորդած տարիներին երկիրը լքած մարդկանց թվում էին Իրաքում գրանցված բժիշկների շուրջ կեսը:

2022 թվականի դրությամբ ՄԱԿ-ը գրանցել է 345305 իրաքցի փախստականի, որոնք հիմնականում բնակվում են Գերմանիայում (44%-ը), Հորդանանում (10%-ը) և Իրանում (10%-ը): 


Ուր են գնացել իրաքցի փախստականները ԱՄՆ ներխուժումից հետո

Համատարած բռնություն

Սադամ Հուսեյնի տապալումը իշխանության վակուում ստեղծեց, որը սրեց տարբեր խմբավորումների միջև լարվածությունը և հանգեցրեց քաղաքացիական պատերազմի։

«Այնքան շատ ու տարբեր դերակատարներ կան, որոնք ունեն զենք, ուժ ու իշխանություն մեր վրա, – ասում է ալ-Խաթիբը․ – Նախկին մեկ բռնապետի փոխարեն մենք հիմա հարյուրավորներն ունենք»։

«Կարծում եմ՝ ամեն ինչ փոխվել է, – նշում է ռեժիսորը․ – Ուղղակի ինձ դուր չի գալիս այն ընտրությունը, որը ինձ, որպես երիտասարդ իրաքցի, բաժին է հասել։ Եթե ընտրությունը պատերազմի կամ Սադամի միջև է՝ ես երկուսն էլ չեմ ուզում»։ 


«Մահդիի բանակ» խմբավորման անդամ։ Բաղդադ, 2008 թվական

Ըստ Uppsala Conflict Data Program-ի տվյալների՝ 2003-ից մինչև 2021 թվականը երկրում առնվազն 7966 հակամարտություն է գրանցվել՝ 19 տարիների ընթացքում օրական առնվազն մեկ կոնֆլիկտային իրադարձություն:

Բռնությունների ավելի քան 60 տոկոսը (4955 դեպք) տեղի է ունեցել երեք նահանգներում՝ Նինվեում, Բաղդադում և Ալ-Անբարում: 


Որտեղ են տեղի ունեցել հակամարտություններն ու ամենաշատ մահերը (fatalities)

Տնտեսական անկայունություն

Իրաք ներխուժումից հետո երկիրը տուժեց տարիներ շարունակվող բարձր գնաճից: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ 2006 թվականին սպառողական գնաճի մակարդակը հասավ 53%-ի:

Չնայած ԱՄՆ-ի նպատակներին՝ 2003-ի ներխուժումից հետո տնտեսական կայունությունը պահելու և Իրաքի նավթային ենթակառուցվածքները վերականգնելու, արմատացած բռնությունը, ապրանքների պակասը, դոլարիզացիան և անկայուն դրամավարկային քաղաքականությունը հանգեցրեցին բարձր գնաճի:

2008 թվականին գնաճը հաջողվեց վերահսկել։ Այնուամենայնիվ, Իրաքում վերջին տարիներին ապրելու ծախսերը կրկին բարձրացել են: 2020 թվականին նավթի գների անկումը հանգեցրեց իրաքյան դինարի արժեզրկմանը։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ վերջին տասնամյակում նավթից ստացված եկամուտները կազմել են Իրաքի արտահանման ավելի քան 99%-ը և համախառն ներքին արդյունքի 42%-ը:


Իրաքում հետպատերազմյան գնաճի մակարդակը

2022 թվականի մարտին Իրաքի հարավում բողոքի ցույցեր սկսվեցին, քանի որ ապրանքները կտրուկ թանկացել էին։ Պաշտոնյաները պատասխանատվությունը գցեցին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման վրա։


Իրաքցի կինը գնաճի դեմ ցույցի ժամանակ՝ «Երբ ապստամբում եք պատվի համար, կանգ չեք առնի, մինչև չհասնեք ձեր նպատակին» գրությամբ պաստառով

«Նախորդ ռեժիմի ժամանակ, չնայած բռնապետությանը, դա մի պետություն էր, որն աշխատում էր, ուներ ենթակառուցվածքներ, տնտեսություն, որն աշխատում էր՝ չնայած պատժամիջոցներին և կառավարության բյուրոկրատիային», – ասում է Ալ-Խաթիբը: 

«Երբեմն ինչ-որ բաներ եմ հիշում 2003-ից և ասում․ «Դա է պատճառը, որ շատ սթրեսված եմ։ Դա է պատճառը, որ մի քիչ դեպռեսված եմ զգում»», – կիսվում է Ալ-Խաթիբը․ «Կարծես այս ամբողջ խառնաշփոթը, որ ամերիկացիները թողել են իմ երկրում, այս պատերազմի ստվերի պես ինձ հետևում է»։

Տարբեր հաշվարկներով՝ 2003 թվականից ի վեր պատերազմի հետ կապված բռնությունների զոհ է դարձել առնվազն 210 հազար քաղացիական անձ։ Ամենաշատ մահերը գրանցվել են 2006-ին՝ 30 հազար զոհ։ 

«Պատերազմի գինը» նախագծի գնահատականով՝ ևս հարյուր հազարավոր իրաքցիներ կարող էին մահանալ հակամարտության հետևանքներից։


Իրաքում խաղաղ բնակիչների զոհերը՝ ԱՄՆ ներխուժման և ԻԼԻՊ-ի տարիներին

Միացյալ նահանգների պաշտպանության նախարարության տվյալներով՝ Իրաքի պատերազմի ժամանակ մարտական և ոչ մարտական պայմաններում զոհվել է 4431 զինվոր, ևս 31994-ը՝ վիրավորվել են։

Քայքայված կրթական համակարգ

Պատերազմից առաջ կրթությունն Իրաքում լավ ռեսուրսավորված էր և բաց էր կանանց համար։ ԱՄՆ-ի ներխուժումը լուրջ հետևանքներ է թողել ոլորտի վրա և սահմանափակել կրթության հասանելիությունը հասարակության լայն շերտերի համար:

Իրաքի կրթության նախարարության՝ ավելի քան 3200 միջնակարգ դպրոցներում անցկացված հարցման համաձայն, 2003-ի հունիս-օգոստոս ամիսներին վնասվել է դպրոցների 80 տոկոսը։

Ամենատուժած նահանգներն են Նաջաֆը (90%-ով), Նինվեն (88%-ով) և Թամիմը (87%-ով)։ Ամենաքիչը տուժել են հյուսիսարևելյան Էրբիլ և Սուլեյմանիա նահանգները: Բաղդադի մասին տվյալներ չկան։


ԱՄՆ-ի ներխուժումից հետո Իրաքի դպրոցներին հասցված վնասները

2003 թվականին՝ Իրաքի կառավարության տապալումից հետո, շատուշատ ակադեմիկոսներ լքել են երկիրը: Շատերը արտագաղթել են դեռևս 1990-ականներին՝ պատժամիջոցների, պատերազմի և խոսքի անազատության պատճառով:

«Պատերազմը ուղղակի ազդեցություն է թողել իմ կոլեգաների վրա», – Al Jaazera-ի հետ զրույցում ասում է Լոնդոնի համալսարանական քոլեջի Մերձավոր Արևելքի պատմության դասախոս Էլեանոր Ռոբսոնը։ Շատերը նաև սպանվել են ներխուժումից հետո։


Տեղահանված երեխաները դուրս են գալիս Բաղդադի ռմբակոծված շենքից, որտեղ ապրում են՝ դպրոց գնալու համար

«Մայրս ուսուցիչ էր, աշխատում էր մոտակայքում գտնվող մի դպրոցում, – պատմում է Ալ-Խաթիբը․ – Ինչ-որ մի պահ Ալ-Քաիդան մեծ վերահսկողություն հաստատեց իմ քաղաքում: Մի օր [մայրս] վերադարձավ տուն և ասաց՝ «Ինձ ասել են, որ ես հիմա պետք է նիկաբ կրեմ»։ Այն, որ նա միայն հիջաբ էր կրում, արդեն անընդունելի էր»:

Ալ-Խաթիբն ուզում է, որ իր ընտանիքը անհանգստանա միայն սովորական բաների համար․

««[Ես ուզում եմ] անհանգստանալ, արդյոք քույրս կընդունվի իր ուզած համալսարանը, կամ [որ] հայրս [անհանգստանա], որ չի փոխում իր մեքենան իր նախընտրածով, կամ մայրս ցանկանա, որ մենք արձակուրդ գնանք, կամ եղբայրս ուզենա գնալ ուրիշ երկիր»։