Կոռուպցիան վերացնելու ամենամեծ խոչընդոտը իրավապահ մարմինների հետ համագործակցելուց խուսափելն է։ Նման կարծիքի են ոլորտով զբաղվող գերատեսչությունները, որոնք իրենց գլխավոր գործն են համարում «հակակոռուպցիոն մտածելակերպ և վարք» դաստիարակելը։ Հարցը քննարկվեց մայիսի 7-ին՝ հակակոռուպցիոն աշխատանքներն ամփոփոխ հանդիպմանը, որը կազմակերպվել էր Երևանում Եվրամիության աջակցությամբ։
Մարդիկ խուսափում են «գործ տվողի» պիտակից՝ Epress.am-ին հանդիպման ավարտին ասաց Արդարատադության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Տաթևիկ Խաչատրյանը։ Այս պնդման մեջ նա համոզված է որպես մարդ, ով հայ հասարակության մաս է։ Պնդումը պետական քաղաքականության հիմք է դարձել, որովհետև հաստատվել է նաև միջազգային գործընկերների կողմից։
Օրինակ՝ Թրանսփերենսի Ինթերնեշնլը ամեն տարի Կոռուպցիայի ընկալման համաթիվ է սահմանում։ Այն ցույց է տալիս «ավտորիտարիզմի և թույլ դատական համակարգերի պայմաններում երկրների մենամարտը կոռուպցիայի հետ»։ Ըստ ԹԻ-ի՝ ինդեքսը որոշվում է հիմնվելով փորձագետների, բիզնեսմենների շրջանում հարցումների, այլ ոչ թե սոցհարցումների վրա։ Ինդեքսի հաշվման համար ինֆորմացիան տրամադրում են առնվազն երեք կազմակերպություններ, այդ թվում Համաշխարհային բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկերի գնահատման մասնավոր ընկերությունները։
Հայաստանի Արդարադատության նախարարությունը սեփական հարցումներն անելու ռեսուրս չունի:
Դաստիարակության փոփոխության համար ամենակարևոր գործիքը կրթությունն է՝ ասում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը։ «Կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության խթանման երկամյա ծրագրով» (Եվրամիության ֆինանսական աջակցությամբ) հանձնաժողովը հասարակագիտություն դասավանդող ուսուցիչների և դասախոսների վերապատրաստումներ է անցկացրել։ Նախատեսում են վերապատրաստել նաև մնացած ուսուցիչներին և կրթության կազմակերպիչներին։ Դասընթացների նպատակը, ըստ կազմակերպիչների, «վարքագծի փոփոխությունն է»։
Ազդարարման տաբուն հաղթահարած մարդկանց համար հաղորդում ներկայացնելն ավելի հասանելի պիտի լինի։ Այս նպատակով անցյալ տարվանից վարչապետը մեկնարկ է տրվել ազդարարման արշավին։ «Ազդարարի՛ր» կոճակը այսուհետ պետք է հասանելի լինի բոլոր պետական մարիմնների կայքերում, գերատեսչություններում պիտի լինի նաև ազդարարման համար պատասխանատու անձ։
Հարցուպատասխանի ժամանակ ներկաներից մեկը նկատեց, որ «կոռուպցիան մարդկանց ուղեղներում է» թեզը նոր չէ, դրա մասին նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանն էլ էր խոսում։ Նույն հնարքը կիրառվում էր նաև բանակային խնդիրների դեպքում՝ մեղավոր է ոչ թե կոռումպացված պետական մեքենան, այլ թերդաստիարակված աղքատ հասարակությունը, որը տարված է գողական բարքերով։
Բայց իրավական համակարգի հետ շփումից խուսափելը ոչ թե մենթալիտետի, այլ համակարգի անարդյունավետության ցուցիչ է։ Մարդիկ ռեսուրս չունեն մաշեցնող բյուրոկրատիայի մեջ ներքաշվելու համար։ Քրեական գործերով հաղորդում տվողները սպառվում են քննիչինների կողմից անընդհատ քաշքշվելով, համակարգի «գողականությունից», իրավաբանական աջակության համար վճարելով, գործի ձգձգումով, մի մարմնից մյուսը ուղարկվելով։ Շատ հաճախ սա էլ արդյունքի չի բերում։ Հարուցված քրեական գործերի գերակշռող մասը կարճվում է նախաքննական փուլում և չեն մտնում դատարան։