Home / Շուկա / 238 մլն-ի վատնում և այլն․ փոխնախարարի ձերբակալության պաշտոնական վարկածը

238 մլն-ի վատնում և այլն․ փոխնախարարի ձերբակալության պաշտոնական վարկածը

Քննչականը հաստատել է՝ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով ձերբակալվել են էկոնոմիկայի նախարարության 7 պաշտոնատար անձինք: Ավելի վաղ հաղորդվել էր փոխնախարար Անի Իսպիրյանի ձերբակալության մասին։ Քննչականի տարածած հաղորդագրության մեջ անուններ չեն նշվում։

Քննչական կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը այսօր խուզարկություններ են իրականացրել նախարարությունում և նախարարության աշխատակիցների բնակարաններում՝ ընդհանուր մոտ 15 վայրում։ Խուզարկություններից հետո իրավապահները հայտարարել են՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները:

Առաջին գործը «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» համար հայտարարված մրցույթին է առնչվում։

«Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից:

Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 միլիոն ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը: ․․․Ձերբակալվել է 6 անձ», – գրել է Քննչական կոմիտեն։

Երկրորդ քրեական վարույթն, ըստ նույն աղբյուրի, այգեհիմնման նպատակով գյուղատնտեսական ծառայություններին է վերաբերում, որոնք պատշաճ չեն իրականացվել, բայց փոխհատուցվել են 238 միլիոն դրամով։

«Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.-ի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-2023 թվականների ընթացքում նրանց կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացված այգեհիմնման նպատակով գյուղատնտեսական ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման վերաբերյալ կատարված՝ Ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացված լինելու պայմաններում, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել այն մասին, որ շահառուների կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են Ծրագրով սահմանված չափորորշիչներին։ Դրանից հետո խնդրել է հանձնարարական՝ Նախարարության համապատասխան վարչությանը՝ Ծրագրի համաձայն իրականացնել վճարումներ շահառուների հաշվեհամարներին։

Արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 238 միլիոն 418 հազար 100 ՀՀ դրամ գումար, որը Վ.Դ.-ի և այլ շահառուների կողմից խարդախությամբ հափշտակվել է։ ․․․Նշված պաշտոնատար անձը ձերբակալվել է», – մանրամասնել է Քննչականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին որոշում էր ստորագրել, որով Անի Իսպիրյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Իսպիրյանը փոխնախարար էր նշանակվել 2021 թվականին։

Բոլորովին վերջերս նա նշանակվել էր ֆինանսական և կազմակերպչական ճգնաժամի մեջ հայտնված և չարաշահումների մեջ մեղադրվող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» խորհրդի նախագահ։ Այս ֆոնդը Fly Arna ավիաընկերության 49 տոկոսանոց բաժնետերն է։ Դեռ նրա նշանակումից առաջ հաղորդվել էր, որ ավիաընկերության հայկական բաժնետիրոջ նկատմամաբ քրգործ է հարուցվել 2019-2023 թվականների ընթացքում պետական միջոցները անարդյունավետ ծախսելու, այսինքն՝ վատնելու համար։

մանրամասները՝

Ձերբակալված փոխնախարարը վերջերս խնդրահարույց ֆոնդի նախագահ էր նշանակվել

Fly Arna-ն՝ «Հայկական ազգային ավիաուղիները», խաբեց