Արհմիութենական ակտիվիստ Էլվին Մուստաֆաևը 3 տարի ազատազրկման է դատապարտվել 2023-ի օգոստոսին առաքիչների փողոցային բողոքին մասնակցելու համար։ Նրան փակել են իշխանության քննադատների համար ավանդական դարձած՝ «խոշոր չափերով թմրանյութերի շրջանառության» շինծու մեղադրանքով։
Ադրբեջանի արհմիությունների անկախ Կոնֆեդերացիայի «Աշխատանքային պլատֆորմի» անդամ Մուտաֆաևը չի ընդունել մեղադրանքը և կրկին հայտարարել է, որ հետապնդումների և ճնշումների է ենթարկվում վարձու աշխատողների իրավունքներով զբաղվելու պատճառով։ Ակտիվիստին արդարացնելու պահանջով հանդես եկող փաստաբանները կբողոքարկեն վճիռը։
Ադրբեջանի անկախ արհմիությունների նորաստեղծ կոնֆեդերացիան պահանջում է վերացնել առաքիչների մոպեդներին առնչվող նոր սահմանափակումները։ 2023-ի օգոստոսյան ցույցից հետո ձերբակալել էին նաև «Դեմոկրատիա 1918» շարժման անդամ, արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներ Աֆիյադին Մամեդովին և Այխան Իսրաֆիլովին՝ նույնպես թմրանյութերի վերաբերյալ շինծու մեղադրանքով։
«Դեմոկրատիա 1918» շարժման արհմիությունների կոնֆեդերացիան ստեղծվել է 2022 թվականի մարտին՝ որպես այլընտրանք Խորհրդային Միությունից ժառանգված և կոռումպացված Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիային։
Անցած տարվա օգոստոսին սննդի տասնյակ առաքիչներ մոպեդներով հավաքվել էին Բավքի կենտրոնում և պահանջում էին չեղարկել ճանապարհատրանսպորտային նոր կարգավորումները, որոնք թույլ են տալիս առգրավել չգրանցված մոպեդները և տուգանել վարորդական իրավունք չունեցողներին։ Առաքիչները ահազանգում էին նաև օրեցօր վատթարացող աշխատանքային պայմանների մասին։
Նոր կարգավորումները ուժի մեջ են մտել 2022-ի դեկտեմբերի 16-ին։ Արհմիությունների կոնֆեդերացիայի և առաքիչների արհմիության համատեղ հայտարարությունում նշվում էր, որ մոպեդները գրացնելու, պետհամարանիշներ ստանալու համար պահանջվում է մաքսային դեկլարացիա ներկայացնել։ Բայց մոտոցիկլետների և մոպեդների վաճառքով զբաղվողները նման դեկլարացիա չունեն և գնորդներին չեն տալիս։ Ներկրվող մոպեդները հաճախ ձևակերպվում են որպես պահեստամասեր։ «Ներկրողները խուսափում են հարկերից, բայց տուժում են առաքիչները, որոնք մոպեդներն օգտագործում են՝ օրվա հացը վաստակելու համար։ Էս հարցը լուծում չունի, այդ դեկլարացիաները ուղղակի չկան», – նշում էին ցույցի մասնակիցները։