Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ «ակցիա» արած Սամվել Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի և այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու» հոդվածով (Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ): Նրան մեկից չորս տարի ժամկետով ազատազրկում է սպառնում։
Ավելի վաղ Քննչական կոմիտեի խոսնակը հայտարարել է, թե «հուշակոթողի մոտ խուլիգանություն կատարած քաղաքացին հայտնաբերվել է և գտնվում է [իրավապահների] տրամադրության տակ: «Խուլիգանության» մեղադրանքը, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, հետագայում փոխվել է։
Մի քանի օր առաջ համացանցում տեսահոլովակ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ, շրջելով Վահագն Դավթյանի անվան զբոսայգում, մոտենում հուշարձանին, շպրտում այնտեղ շարված ծաղկեպսակները, պատռում ռուսական եռագույնով ժապավենները։
Տղամարդը հիշատակում է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունները, թե Մոսկվան պահանջում է փաստաթուղթ ներկայացնել, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունեցել։ Տեսանյութում տղամարդը մի քանի անգամ կրկնում է՝ չկա նաև Լենինգրադի պաշարման մասին փաստաթուղթ։
Դատախազությանը նախ դիմել էր Երևանում գործող «Ռուսական տան» ղեկավարը՝ Վադիմ Ֆեֆիլովը։ Նա պահանջել էր իրավական գնահատական տալ ոմն քաղաքացու գործողություններին և քրեական պատասխանատվության ենթարկել նրան «հուշարձանը պղծելու» համար։
Ռուս պաշտոնյաները սա «ազգամիջյան ատելություն», «այլատյացություն» են որակել։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մի ամբողջ հայտարարություն է տարածել, օգտագործված որակումներից են՝ ցինիզմ, ծաղր, անբարոյականություն։ Հենց դեսպան Սերգեյ Կոպիրկինն էր օրերս այդ պսակները տեղադրել ֆաշիստական շրջափակումից Լենինգրադի ամբողջական ազատագրման 80-ամյակի միջոցառմանը։
«Ուղեղում չի տեղավորվում այն մարդկանց անբարոյականության աստիճանը, որոնք բացահայտ արհամարհում են ոչ միայն այդ ողբերգական զոհերի, այլև սեփական նախնիների հիշատակը», – հայտարարել էր Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը։
Հայտարարություններով Մոսկվան չի բավարարվել՝ Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ Երևանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվելու նաև Ռուսաստանում։ Քրեական օրենսգիրքը, ըստ իրավապահների, նման հնարավորություն տալիս է։
Խորհրդային տարիներին այլախոհության համար դատապարտված իրավապաշտպան Վարդան Հարությունյանը վստահ է՝ Մոսկվայի համար սա ուժի հերթական ցուցադրման առիթ է։
«Ցանկացած դեպք միշտ էլ ցանկացած քաղաքում, ցանկացած գյուղում կարող է լինել, ցանկության դեպքում դա կարելի է դարձնել մատի փաթաթան, կարելի է չդարձնել։ ․․․Կան հարաբերություններ, որ Ռուսաստանից լարվում են անընդհատ՝ առիթով կամ անառիթ կամ ամենաչնչին առիթներն օգտագործելով։ ․․․Հատկապես վերջին երկու-երեք տարիների զարգացումները չէին կարող անհետևանք մնալ և Հայաստանում, ենթադրենք, չձևավորել համապատասխան արձագանք։ Դա բոլորովին չի նշանակում հակառուսություն կամ հակառուսականություն», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է իրավապաշտպանը։