Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա անվտանգության պետ Արշակ Հակոբյանի դեմ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Ըստ հաղորման՝ Գասպարյանի և Հակոբյանի վերաբերյալ նախաքննությամբ բացահայտվել են նրանց կողմից կոռուպցիոն բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր:
«Բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ վերջիններս իրենց պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես` իրենց հետ փոխկապակցված մարդկանց անվամբ գրանցելու ձևական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք», – ասված է հաղորագրության մեջ:
2000-2018 թվականներին, ըստ հաղորդման, Գասպարյանի կինն ու դուստրը տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների են նշանակված եղել ՊՆ ռազմական ոստիկանությունում և Հայաստանի ոստիկանությունում, բայց տարիներ շարունակ առհասարակ ծառայության չեն ներկայացել և իրենց պարտականությունները չեն կատարել: Բացի այդ, Գասպարյանի կինը, պաշտոնի նշանակված լինելով ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Գասպարյանը, թեև տեղյակ էր այդ ամենի մասին, չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, ինչի արդյունքում նրա կնոջն ու դստերն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 45 մլն դրամ գումար:
Քրգործով պարզվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականներին կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որից միայն Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքում գտնվող իր առանձնատների, ինչպես նաև արտադրական շինության տարածքի վերանորոգման համար ծախսել է ընդհանուր շուրջ 700 մլն դրամ:
Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 միլիարդ դրամի գույք:
Ապացույցներ են ձեռք բերվել նաև 1994-2018 թվականներին ՊՆ և ոստիկանության համակարգում պաշտոնավարած, այդ թվում` 2011-2018 թվականներին Գասպարյանի անվտանգության պետի պարտականությունները կատարած Արշակ Հակոբյանի կողմից ինչպես առանձին, այնպես էլ Գասպարյանի հետ խմբի կազմում կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներ կատարելու մասին:
Մասնավորապես` պարզվել է, որ Հակոբյանը 2011 թվականին ձեռք է բերել Աբովյանում գտնվող 75 մլն դրամ արժողությամբ անշարժ գույք, որի առուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3 միլիոն դրամ: Բացի այդ, Հակոբյանը 2012 և 2013 թվականներին 120 միլիոն դրամով ու ավելի քան 204 միլիոն դրամով ձեռք է բերել Երևանի Ամիրյան և Հանրապետության փողոցներում գտնվող անշարժ գույքերը և, գիտակցելով, որ դրանց արժեքը շեշտակիորեն գերազանցում է իր և ընտանիքի անդամների օրինական եեկամուտները, դրանք նվիրատվության և առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է ընտանիքի անդամներին ու մտերիմներին: Արդյունքում Արշակ Հակոբյանի կողմից օրինականացվել է շուրջ 230 միլիոն դրամի գույք:
Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Հակոբյանը 2017 թվականին 100 հազար դոլարով գնել է «Mersedes-Benz GLS 500 4matik» ավտոմեքենա, որից հետո, վճարված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, կանխիկ կատարված առուվաճառքի գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն՝ թաքցնելով ու խեղաթյուրելով է իր ունեցած շուրջ 27 միլիոն դրամի իրական ծագումը:
Բացի այդ, Վլադիմիր Գասպարյանը իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու համար 2013 թվականին Արշակ Հակոբյանին հանձնարարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ից ձեռք բերել ավտոմեքենաներ և դրանք հաշվառել իր անվամբ:
Հակոբյանը 2013 և 2014 թվականներին կնքված առուվաճառքի պայմանագրերով այդ ընկերությունից 71 միլիոն 556 հազար դրամով և 80 միլիոն 200 հազար դրամով ձեռք է բերել համապատասխանաբար «Mercedes-Benz G 500» և «Mercedes-Benz S 500L» ավտոմեքենաները, որոնք հաշվառել է իր անվամբ՝ թաքցնելով դրանց համար վճարված գումարի հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը:
Պարզվել է նաև, որ Արշակ Հակոբյանը 2017 թվականին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018թ. ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում դիտավորյալ թաքցրել է իր հայտարարագրման ենթակա ավելի քան 7 մլն դրամ կադաստրային արժեքով տունը: 2017 թվականի տարեկան հայտարարագրում Արշակ Հակոբյանը դիտավորությամբ թաքցրել և չի հայտարարագրել նաև նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված Mersedes-Benz GLS 500 4matik և Samand Soren 1.8 ավտոմեքենաները:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը ) 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով, 315-րդ հոդվածի (Պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով և 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասի 2 դրվագով:
Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/:
Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրգործերը միացվել են մեկ վարույթում: Վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են նախկին պաշտոնյաների վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, քրգործի նախաքննությունն ավարտել է և այդ մասին հայտնել դատավարության մասնակիցներին։