Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է 2020 թվականի Կոռուպցիայի գիտակցման ինդեքսային աղյուսակը (Corruption Perceptions Index, CPI)։
Կոռուպցիայի գիտակցման ինդեքսը ցույց է տալիս, թե որքան կոռումպացված է երկրի պետական սեկտորը քաղաքացիների կարծիքով։ Transparency International-ը նման աղյուսակներ հրապարակում է սկսած 1995 թվականից։ Հիմնվում է անկախ սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա։ 2020 թվականի վարկանիշային աղյուսակը կազմվել է աշխարհի 180 երկրներում իրականացված 13 փորձագիտական հարցում-հետազոտությունների գնահատման հիման վրա։ Երկրները գնահատվում են զրոյից հարյուր բալային համակարգով, որտեղ 0-ն ցույց է տալիս կոռուպցիայի գիտակցման ամենաբարձր, իսկ 100-ը՝ ամենացածր մակարդակը։
Հայաստանն այս տարի իր դիրքերը բարելավել է 17 հորիզոնականով. 2020 թվականի ինդեքսային աղյուսակում Հայաստանը 49 միավորով զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը՝ Հորդանանի և Սլովակիայի հետ միասին։ Անցյալ տարի Հայաստանը 42 միավոր ուներ և զբաղեցնում էր 77-րդ տեղը։
Վրաստանն այս տարի 45-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա 44-ի փոխարեն։ Ռուսաստանը՝ Գաբոնի, Մալավիի, Մալիի և Ադրբեջանի հետ կիսում է 129-րդ հորիզոնականը։ Սա ութ միավորով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը։
Նախկին Խորհրդային միության երկրների ցանկում ամենաբարձր տեղերում են Էստոնիան (17-րդ), Լիտվան (38-րդ) և Լատվիան (44-րդ)։ Բելառուսը 63-րդ հորիզոնականում է, Ղազախստանը՝ 94-րդ, Մոլդովան՝ 115-րդ, Ուկրաինան՝ 117-րդ, Ղրղզստանը՝ 124-րդ, Ուզբեկստանը 146-րդ, Տաջիկստանը՝ 149-րդ, Թուրքմենստանը՝ 165-րդ։
Վարկանիշային աղյուսակն առաջնորդում են Դանիան և Նոր Զելանդիան՝ 88-ական միավորով։ Երկրորդ հորիզոնականը կիսում են Ֆինլանդիան, Սինգապուրը, Շվեդիան, Շվեյցարիան։ Ամնենավատ ցուցանիշներն արձանագրել են Հարավային Սուդանը և Սոմալին։