Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, ազատազրկված Ալեքսեյ Նավալնու թիմն իր հերթական հետաքննությունում պատմել է «իսկական դավաճանի, երեսպաշտի ու կաշառակերի մասին, մի մարդու, ով Միացյալ Նահանգներում թաքուն ապրելով, ամերիկյան քաղաքացիություն էր ձևակերպել դստեր համար ու հարստացել ռազմական կարիքների համար նախատեսված պատվերների հաշվին»։
ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսեյ Կրիվոռուչկոն՝ «Կալաշնիկով» զինագործական գործարանի նախկին սեփականատերը, «ամերիկյան վտանգից հայրենիքի հիմնական պաշտպաններից մեկը» երկուսուկես տարի պաշտպանության նախարարությունում բարձր պաշտոնը համատեղում էր գործարանում «աշխատանքի» հետ։
Այդ ընթացքում նա զենք էր գնում իր իսկ ղեկավարած «Կալաշնիկով»-ից։
Կրիվոռուչկոն քաղաքացիական անձ է, նրան նախարար Սերգեյ Շոյգուի տեղակալ են նշանակել 2018 թվականին։ Նշանակման պահին, գործարանի հիմնական սեփականատերը լինելուց բացի, նա «Աէրոէքսպրես» ընկերության գլխավոր տնօրենն էր, հաջողակ բիզնեսմեն, արտասահմանյան հանգստի ու զբոսանավերով ճամփորդությունների սիրահար։
Մինչ այդ Կրիվոռուչկոն զինվորական չէր եղել։
«Ի՞նչն է նրան ստիպել վերջ տալ իր երբեմնի հիանալի կյանքին ու աշխատանքի անցնել ՊՆ-ում, որտեղ աշխատավարձն առաջվա եկամուտներից հարյուր անգամ ցածր է։ Ահա թե ինչը․ որպես նախարարի տեղակալ նա վերահսկում է զինամթերքի գնման ամբողջ ծավալը, առանց նրա համաձայնության որևէ կոմերցիոն համաձայնագրի կնքումն անհնար է, տրիլիոն ռուբլիներ են անցնում նրա ձեռքերի միջով։ Գայթակղի՞չ է։ Իհարկե։ – ասում են հետաքննության հեղինակները։ – Երկուսուկես տարի Կրիվոռուչկոն ՊՆ-ում բարձր պաշտոնը համատեղում էր «Կալաշնիկով»-ը ղեկավարելու հետ։ Այսինքն՝ ինքն իրենից հրաձգային զենք, ավիացիոն հրթիռներ, ՀՕՊ ու բանակային հատուկ տեխնիկա էր գնում։ Նա խորապես՝ սեփական դրամապանակով էր հետաքրքրված միլիտարիստական հիստերիայի սրման մեջ»։
Սակայն, Նավալնու թիմի տվյալներով, մեկուկես տարի առաջ Կրիվոռուչկոն «Կալաշնիկով» կոնցեռնում իր ունեցած բաժնետոմսերը այլ անձի փոխանցեց՝ տրանսպորտի նախարարի նախկին տեղակալ Ալան Լուշնիկովին։
Ալեքյեյ Կրիվոռուչկոն ամուսնացած է։ 2012 թվականի օգոստոսի 4-ին Մայամիում ծնվեց նրա ու տիկնոջ՝ Եկատերինա Տոռոպովայի առաջնեկը՝ Սոֆիան, ով ամերկյան անձնագիր ստացավ։ Նշանակումից 6 տարի առաջ Կրիվոռուչկոն ԱՄՆ էր այցելել 26 անգամ, հիմնականում` Մայամի։ 2011 թվականին այնտեղ ընկերություն հիմնեց, որի անունով 255 քառակուսի մետր մակերեսով ու մի քանի միլիոն դոլար արժողությամբ բնակարան ձևակերպեց։
Որոշ ժամանակ անց էլ ֆիրման իր ընկերության աշխատակցի՝ Միխայիլ Տիրատուրյանի անվամբ ձևակերպեց։ Դա Կրիվոռուչկոյի նոմինալն էր։ Ինչպես ամերիկյան լրագրողներն էին գրում, հենց Տիրատուրյանը պետք է կազմակերպեր ԱՄՆ-ում «Կալաշնիկով»-ի արտադրանքի վաճառքը։
2016 թվականի սեպտեմբերի 23-ին Միացյալ Նահանգներում ծնվեց Ալեքսեյի ու Եկատերինայի երկրորդ դուստրը՝ Աննան, ով նույնպես ԱՄՆ քաղաքացի է։ Վերջին անգամ Կրիվոռուչկոյի կինը ԱՄՆ-ում էր եղել 2018-ի մայիսին․ ամուսնու՝ Ռուսաստանի ՊՆ-ում գործի անցնելուց առաջ։
Ալեքսեյ Կրիվոռուչկոն, լինելով Շոյգուի տեղակալը, սկսեց թանկարժեք գույքի մեծաքանակ գնումներ կատարել Ռուսաստանում։ 2019 թվականին նա 1500ք․մ․մակերեսով տուն կառուցեց Ռուբլյովկա էլիտար թաղամասում, չհայտարարագրված ևս 116ք․մ․ իր ընկերությանն է հանձնված՝ անժամկետ օգտագործման համար։
Միայն իր տան տակի հողը կես միլիարդ ռուբլի արժե՝ չհաշված նրա տունը և երկրորդ հյուրատունը։ Ըստ հետաքննության՝ պարզ չէ՝ 2019-ից ի վեր արդյոք Կրիվոռուչկոն գնե՞լ էր որևէ թանկարժեք օբյեկտ, քանի որ այդ թվականից Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչների հայտարարագրերը գաղտնիացվել էին։