Home / Առողջապահություն / «Քովիդը հաղթել ենք»․ Կիմ Չեն Ընի քույրը Հարավային Կորեային մեղադրել է եղբորը վարակելու մեջ

«Քովիդը հաղթել ենք»․ Կիմ Չեն Ընի քույրը Հարավային Կորեային մեղադրել է եղբորը վարակելու մեջ

Օգոստոսի 10-ի երեկոյան Հյուսիսային Կորեան հայտարարեց կորոնավիրուսային վարակի նկատմամբ հաղթանակի մասին՝ ցույց տալով «բժշկական աշխարհում աննախադեպ հրաշք՝ 0․0016% մահացության մակարդակով», սակայն հյուսիսկորեական առաջնորդի քույրը բերանից թռցրեց, որ առաջնորդը շատ վատառողջ էր։

Ըստ KCNA պետական լրատվական գործակալության՝ հակահամաճարակային միջոցառումների վերաբերյալ խորհրդակցությանը Կիմ Չեն Ընը հանդիսավոր կերպով հայտարարել է վիրուսի նկատմամբ հաղթանակի մասին։ Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ երկրում հիվանդացությունը կրճատվել, հասել է եզակի դեպքերի, իսկ հուլիսի 29-ից հետո վարակման ոչ մի նոր դեպք չի արձանագրվել։

Այն բանից հետո, երբ մայիսի 12-ին Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ները հայտնեցին կորոնավիրուսի համավարակի մասին, որն արդեն «վերահսկողության տակ է առնվել և ավարտվում է», Առողջապահության համաշխարհային կազմակերպության առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել էր, որ ԱՀԿ-ն խիստ կասկածներ ունի այս կապակցությամբ։ Իր խոսքով՝ հյուսիսկորեական ղեկավարությունը երբեք ուղղակիորեն չէր հաստատել վարակված անձանց ճշգրիտ թիվը, սակայն ԱՀԿ փորձագետները կարծում են, որ կառավարության վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների կողմից հրապարակված թվերը շատ էին ցածրացվում, ինչը բարդացնում է համաճարակի մասշտաբների գնահատումը։ ԿԺԴՀ իշխանությունները երկար ժամանակ չէին էլ խոսում Covid-19 համաճարակի մասին՝ երկրում մոլեգնող հիվանդությունը «տենդ» անվանելով։ Կորոնավիրուսով պայմանավորված զոհերի պաշտոնական թիվը 74 է։

Երեկվա խորհրդակցության ընթացքում հյուսիսկորեական առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Ջոնգը, համաճարակի բռնկման մեջ է մեղադրել Հարավային Կորեային, որտեղից, ըստ նրա, օդապարիկներով «վարակված իրեր ու պրոպագանդիստական թռուցիկներ» են ուղարկել։ Նա նաև «մահացու վրիժառություն» խոստացավ, եթե Սեուլը չդադարի այս ամենը։

«Հարավկորեական խամաճիկները մինչ այժմ թռուցիկներ ու կեղտոտ իրեր են նետում մեր տարածք։ Մենք պետք է խստորեն հակազդենք դրան», – ասել է նա։

Բացի դա, Կիմ Յո Ջոնգը անուղղակի հաստատել է, որ եղբայրը կորոնավիրուսով էր վարակվել՝ հայտարարելով, թե վերջինս երկրի տասնյակ միլիոնավոր բնակիչներից է, ովքեր «տենդով են հիվանդացել»․

«Չնայած նրան, որ ինքը շատ վատառողջ էր՝ բարձր ջերմությունով, նա ոչ մի րոպե չպառկեց՝ մտածելով այն մարդկանց մասին, որոնց համար նա ստիպված եղավ հոգ տանել հակահամաճարակային պատերազմի պայմաններում»։

ԱՀԿ-ը բազմիցս է օգնություն առաջարկել, այդ թվում՝ պատվաստանյութեր, սակայն Փհենյանը չէր արձագանքել։ Հյուսիսային Կորեան՝ աշխարհի ամենավատ առողջապահական համակարգը ունենալով հանդերձ, չի պատվաստել իր՝ մոտ 25 մլն․ հասնող բնակչությանը՝ հրաժարվելով ԱՀԿ-ի պատվաստանյութերից։ Սակայն հայտնի չէ՝ պատվաստվա՞ծ էին արդյոք հյուսիսկորեական առաջնորդն ու իշխող կուսաթյության անդամ այլ բարձրաստիճան պաշտոնյաները, թե՞ ոչ։