Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պատմության մեջ առաջին անգամ որոշում է ընդունել «կլիմայական անգործության» թեմայով։ Հավաքական հայցով Ստրասբուրգի դատարան էին դիմել ավելի քան 2 հազար կանայք՝ Շվեյցարիայի քաղաքացիներ, ովքեր պնդում են, որ իրենց սեռի և տարիքի պատճառով (նրանց մեծամասնությունը 70-ն անց են) ծանր են տանում ծայրահեղ շոգ եղանակային շրջանները, որոնք Եվրոպայում գնալով ավելի հաճախ են լինում՝ կլիմայի գլոբալ փոփոխությունների հետևանքով։
Հայցվորները փորձում էին ապացուցել, որ դրա համար պատասխանատու են Շվեյցարիայի իշխանությունները, ովքեր ձախողել են պառնիկային գազերի արտահոսքի ծավալների վերահսկողության վերաբերյալ իրենց պարտավորությունները, ինչի պատճառով տարեց կանայք ամռանը երբեմն օրերով չեն կարողանում անգամ դուրս գալ տնից։
Դատարանը հայցը բավարարել է՝ վճռելով, որ Շվեյցարիան իրոք «չի կատարել [փարիզյան] Կոնվենցիայով սահմանված իր պարտավորությունները»։ Արդյունքում խախտվել են երկրի բոլոր բնակիչների և, հատկապես, տարեց կանանց իրավունքները։
«Մենք ինքներս էլ հազիվ ենք հավատում, որ դատարանն իրոք նման որոշում է կայացրել», ֊ Ռեյթեր գործակալության հետ զրույցում նշել է հայցվորներից Ռոզմարի Վիդլեր֊Վալթին։ Ստրասբուրգի դատարան դիմելուց առաջ կանայք անցել էին երկրի բոլոր դատական ատյաններով, և ամեն անգամ մերժում ստացել։
Հատկանշական է, որ ավելի վաղ ՄԻԵԴ֊ը մերժել էր երկու բավականին նմանօրինակ հայցեր։ Առաջին դեպքում Եվրոպական դատարան էին դիմել մի խումբ երիտասարդ պորտուգալացիներ, ովքեր պնդում էին, որ իշխանությունները խախտում են գլոբալ կլիմայական փոփոխություններից պաշտպանվելու իրենց իրավունքը։ Երկրորդ նմանատիպ հայցը ներկայացրել էր ֆրանսիական Գրան֊Սենտ քաղաքի արդեն նախկին քաղաքապետ Դամյան Քարենը։ Քաղաքը տեղակայված է Լա Մանշի ափին և վերջին տասնամյակների ընթացքում բազմիցս ավերիչ ջրհեղեղների զոհ է դառնում։ Ջրհեղեղներն, իհարկե, նույն գլոբալ տաքացման հետևանք են։ Այս երկու դեպքերն էլ ՄԻԵԴ֊ը չի դիտարկել տարբեր պատճառներով։
Շվեյցարացի թոշակառուների հայցի բավարարումն, այսպիսով, կարևոր իրավական նախադեպ է ստեղծում։ «Սա կարելի է օգտագործել, որպես օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է իշխանություններին դատական պատասխանատվության ենթարկել կլիմայական քաղաքականության ձախողման համար», ֊ նշում է Avaaz միջազգային իրավապաշտպանական շարժման իրավաբան Ռութ Դելբայերը։
Ստրասբուրգի դատարանի որոշումները որպես նախադեպ դիտարկման համար պարտադիր են Եվրոպական Խորհրդի անդամ բոլոր պետությունների համար։ Այսինքն, «կլիմայական անգործության» մասին այս որոշման հետևանքները ազդեցություն կունենան 46 երկրների օրենսդրության վրա։
Մասնավորապես, Շվեյցարիայի կառավարությունը ստիպված կլինի ավելի վճռական քայլեր ձեռնարկել մթնոլորտ արտանետումների կրճատման ուղղությամբ։ Նաև կարիք կլինի վերանայել ցուցանիշները, որոնց անհրաժեշտ է հասնել մինչև 2030 թվականը՝ Փարիզյան կոնվենցիայի պայմաններին բավարարելու համար։