Ազատազրկման մեջ գտնվող ադրբեջանցի ակտիվիստ Լաչին Վելիևն արդեն երրորդ օրն է չոր հացադուլի մեջ է։ Կնոջ փոխանցմամբ, առողջական վիճակը գնալով վատանում է։
Վելիևի հացադուլ հայտարարելու մասին մայիսի 27-ին հայտնել էին կինը` Զուլֆիան, և փաստաբանը։ Ակտիվիստը գաղութի ղեկավարությունից պահանջում է վավերացնել իր կնոջ անունով լիազորագիրը, որպեսզի ընտանիքը կարողանա ստանալ Եվրադատարանի սահմանած փոխհատուցումը։ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը 2023 թվականի սեպտեմբերին բավարարել էր Վելիևի հայցն ապօրինի բանտարկության մասին։
Ակտիվիստը բերման էր ենթարկվել 2021 թվականի մարտի 20-ին։ Ավելի ուշ նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել թմրանյութերի ապօրինի շրջանառության և խարդախության հոդվածներով։ Վելիևը մեղքը չի ընդունել։ Փաստաբաններն ակտիվիստները պնդում են, որ նրա նկատմամբ հետապնդումը քաղաքական մոտիվներ ունի։ Լաչին Վելիևը դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման։
«Մենք Լաչինից զանգ էինք սպասում երեկ, բայց այդպես էլ չզանգեց։ Խոսել ենք այսօր առավոտյան։ Պատմեց, որ գաղութի ղեկավարն ընդունել է իրեն, խնդրել է դադարեցնել հացադուլը` խոստանալով լուծում տալ բարձրացված հարցերին։ Ղեկավարը հասկացրել է, որ իրենից քիչ բան է կախված, որոշ հարցեր պետք է «վերևների հետ համաձայնեցնել»։ Լաչինը շատ բան չի ուզում։ Պահանջում է ապահովել իր օրինական իրավունքը, թույլ տալ ինձ լիազորագիր տրամադրել, որ կարողանամ ստանալ այն գումարը, որը մեզ հասանելի է Եվրոպական դատարանի որոշմամբ։ Նաև պահանջում է, որ բուժեն իրեն, երիկամների հիվանդություն ունի», – պատմում է Զուլֆյա Վելիևան։ Նրա խոսքով, չնայած ղեկավարի հետ զրույցին, Լաչինը շարունակում է հացադուլը, քանի որ «ղեկավարությունը միշտ խոստանում է, բայց հետո ոչ մի հարց էլ չի լուծում»։
Լաչին Վելիևը հացադուլ էր սկսել նաև 2021-ի օգոստոսին, պահանջում էր չեղարկել ազատազրկման ժամկետի երկարաձգման որոշումը։ Հացադուլի իններորդ օրը վիճակը կտրուկ վատացել էր, տեղափոխել էին հիվանդանոց։
Վելիևը ընդդիմադիր Ադրբեջանի Ազգային Ճակատի համակիր է, բայց կուսակցության անդամ չէ։ «Ակտիվ մասնակցում էր մեր բողոքի ակցիաներին», – պատմում է ակտիվիստի ընկեր, Ազգային ճակատի անդամ Բախտիար Իմանովը։ Նրա խոսքով, Վելիևը «չինովնիկական տգիտության և ամենաթողությունների զոհ է դարձել»։
«Գաղութի ղեկավարությունը պարտավոր է վավերացնել այդ լիազորագիրը։ Բայց իրեն ասում են, որ պետք է վերևներից հրաման ստանան, թե չէ հետո խնդիրներ կունենան, եթե հաշիվ բացեն, որի վրա Եվրոպայից փոխանցված գումարներ պետք ա նստեն։ Անհեթեթ ենթադրություն է։ Գումարը ոչ թե Եվրոպայից է փոխանցվելու, այլ Ադրբեջանի ֆինանսների նախարարությունից, քանի որ փոխհատուցումը վճարում է երկրի կառավարությունը։ Մյուս կողմից, բանկային հաշիվները միշտ էլ վերահսկողության տակ են, եթե «կասկածելի աղբյուրներից» միջոցներ փոխանցվեն, միշտ էլ կարող են արգելափակել։ Մյուս խնդիրը Վելիևի երիկամների հիվանդությունն է, բայց դրա բուժման պայմաններ բանտի հոսպիտալը չի ապահովում», – ասել է Իմանովը։